Հայերեն   English   Русский  

Սարդարապատում հեղված սուրբ արյան գնով կառուցվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում է


  
դիտումներ: 420

Այսօր՝ մայիսի 28-ին հայությունը նշում է Հայաստանի առաջին Հանրապետության օրը: 101 տարի առաջ մայիսյան հաղթանակներն ու հայի ազատատենչ հոգին վերականգնեցին հայոց պետականությունը:

Տոնական միջոցառումներին մասնակցելու համար այսօր Սարդարապատ են մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ամենայն հայոց կաթողիկոսը և մի շարք այլ քաղաքական ու հոգևոր այրեր:

Սարդարապատի հուշահամալիրում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցելով բոլոր այն հերոսների հիշատակին, որոնք դարձան հաղթանակ կերտողներ, փաստեց, որ այսօր նրանց գործը շարունակողներ կան:

«Մենք այսօր տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ առաջին Հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ առաջին Հանրապետությունը: Դա տեղի ունեցավ մի ժամանակ, երբ թվում էր հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտին: Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց պետականություն չունեցող հայ ժողովուրդը ենթարկվել էր ծանրագույն մի աղետի՝ ցեղասպանության: Սակայն հայ ժողովուրդը կարողացավ ձեռք բերել այն, ինչ թվում է կորցրել էր անդառնալիորեն, ձեռք բերեց պետականություն, ձեռք բերեց պետական դրոշ, ձեռք բերեց պետական զինանշան, պետական օրհներգ, որն արտահայտում էր մահվան եզրին հասած մեր ժողովրդի պատմական վերածննդի ողբերգական, բայց միևնույն ժամանակ հրաշափառ պատմությունը: Մենք հիմա կանգնած ենք սուրբ հողի վրա: Այստեղ հեղված սուրբ արյան վրա է կառուցվել մեր պատմության առաջին Հանրապետությունը, և այդ հեղված սուրբ արյունն է ապացուցել, որ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, և նրա պատմությանը վերջ դնելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է անհաջողության»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր ամբողջ օրվա ընթացքում տոնական միջոցառումներ են տեղի ունենալու ոչ միայն Սարդարապատում, այլև ամբողջ Հանրապետությունում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: