Հայերեն   English   Русский  

Ավարտվեց քաղաքական իրադարձություներով հարուստ 2013-ը


  
դիտումներ: 1328

2013 թվականը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքում աննշան չանցավ: Տարին սկսվեց քաղաքական բուռն գործընթացով` նախագահական ընտրություններով, որը, ինչպես քաղաքական տարին ամփոփելիս նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, տրվեց ընտրական ցիկլի փակումը, որի ժամանակ անգամ «ռեմոնտչիկ» քիլլերի կողմից «կրծքից զարկված» նախագահացու էլ ունեցանք` ի դեմս Պարույր Հայրիկյանի:

Քաղաքական ուժերի առումով, նշում է քաղաքագետը, ՀՀԿ-ն ամրապնդեց իր դիրքերը, իսկ ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց համախմբվել: Ու պարզ դարձավ, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող ուժերը` առանձին-առանձին կամ միասին, ի վիճակի չեն հասնելու ինչ-որ փոփոխության, առավել ևս` իշխանափոխության: Համենայն դեպս, դա վերջնականապես պարզ դարձավ 2013 թվականին նախագահական ընտրությունների և հետընտրական իրադարձությունների շրջաններում:

Աշխարհի քարտեզի վրա դժվար թե գտնվի իրեն ժողովրդավարական հորջորջող մի երկիր, որտեղ խորհրդարանում ներկայացված հիմնական «ոչ իշխանական» ուժերն իրենց իրավունք վերապահեն չմասնակցելու ամենակարևոր` նախագահի ընտրություններին և դրանից ընդամենը երեք ամիս անց խանդավառությամբ վազեն մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած հետընտրական զարգացումներն էլ ավարտվեցին Ծիծեռնակաբերդում «զորավարի» հետ Րաֆֆի Հովհաննիսյանի մոմավառությամբ ու աղոթքով:

Հաջորդ նշանակալի իրադարձությունն արդեն Երևանի ավագանու ընտրություններն էին: Սրանք էլ ոչ մի «նորություն» չբացահայտեցին Հայաստանի ներքաղաքական կյանքում, բացի այն հին երևույթի վերահաստատումից, որ երբ քաղաքականությանը խառնում են մոմավառություն, ծոմապահություն, առանձին-առանձին ընտրությունների գնալու ճանապարհ, ապա արդյունքում հաղթում է այն քաղաքական ուժը, որի դեմ անհույս պայքարում են ընդդիմադիր քաղաքական ուժերը:

Մի խոսքով, 2013 թվականին երկրի քաղաքական իշխանություններին հաջողվեց վերջնականապես ամլացնել քաղաքական դաշտը`լուրջ գործընթացներից ու որոշումների ընդունումից վերջնականապես դուրս թողնելով ու կիսամեռ վիճակում թողնելով ընդդիմությանը:

ակտիվիստներ

Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել նշելու, որ նման պայմաններում, երբ հասարակության մի ստվար զանգված հստակ արտահայտված դժգոհություն ունի և բողոք, երբ այդ բողոքն առավելագույնս արտահայտող քաղաքական ուժ չկա կամ այդ ուժը չեզոքացվում է, սովորաբար հասունանում է քաղաքացիական ակտիվություն, որն էլ հանգեցնում է նոր քաղաքական հոսանքների ի հայտ գալու, ի վերջո, նոր քաղաքական ուժի ծնունդի: Ահա այս տարի Հայաստանում բավականին ակտիվ էր քաղաքացիական հասարակությունը:

«Քաղաքացիական հասարկությունը փորձում է զարգանալ, և մենք տեսնում ենք այս զարգացման տարբեր էլեմենտները: Մյուս կողմից` ուշագրավ է, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարողանում դիվիդենտներ քաղել այդ պայքարից այն իմաստով, որ չի կարողանում ղեկավարել այդ շարժումը կամ օգտագործել սեփական վարկանիշը բարձրացնելու համար»,- նշում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Տարին, ինչպես օրերս նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ակտիվիստների տարի էր: Քաղաքացիական հասարակությունն իր պահանջներով հանդես եկավ գրեթե բոլոր զարգացումներում` սկսած գազի, տրանսպորտի գների թանկացումներից, բնապահպանական խնդիրներից մինչև արտաքին քաղաքական զարգացումներ ու Մաքսային միություն: Այս իրադարձությունները, Կիրակոսյանի համոզմամբ, հաջորդ տարին կդարձնեն հետաքրքիր, իսկ ամենակարևոր ու նշանակալի իրադարձությունները տեղի ունեցան տարվա վերջում:

ցուցարարներ

«Գնահատելով 2013թ-ը որպես ակտիվիստների տարի` կարելի է ասել, որ հուսալքությունը բացակայում է, սա ցույց է տալիս, որ ավելի շատ քաղաքացիներ են մարտահրավեր նետում իշխանությանը և նրա վարած քաղաքականությանը: Բայց մի բացասական բան եմ տեսնում. որքան աճեց քաղաքացիական ակտիվությունը, այնքան ավելացան նրա դեմ ուղղված հարձակումները, իսկ հետաքննությունները չկարողացան բացահայտել մեղավորներին և պատժել նրանց: Տարեսկզբին տեսանք բարեփոխումների փորձեր»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

2013 թվականմ տանք ԵՄ-ով, դուրս եկանք ՄՄ-ով

Ներքաղաքականից զատ լայն արձագանք ստացան Հայաստանի արտաքին քաղաքական որոշումներն ու արտահայտությունները: Մասնավորապես, տարվա ընթացքում Հայաստանը ակտիվ համագործակցում էր Եվրամիության հետ, որին, սակայն, հաջորդեցին սեպտեմբերի 3-ի հայտարարությունը և դրա շուրջ ծավալված խոսակցությունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին զարմանալի ու անսպասելի հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկության մասին:

ցույց


Համագործակցությունը, որն առաջարկվում է, ազդում է Ռուսաստանի հետ քաղաքական և ռազմաքաղաքական համագործակցության վրա: Այստեղ ոչ մի անակնկալ չկա, այս որոշման տրամաբանությունը դառնում է հասկանալի: Այսինքն`այն ինչ մենք ցանկանում էինք անել, միաժամանակ խաղալ և՛ ռուսների, և՛ եվրոպացիների հետ, արձագանք չգտավ, այդ թվում նաև եվրոպացիների մոտ»,- նշում է Ալեքսանդր Մարկարովը:

Թերևս շատ են քննարկվել այդ հայտարարությունն ու դրա հետ կապված բոլոր հետագա զարգացումները: Բայց Հայաստանի արտաքին քաղաքական հարթությունում չի կարելի չառանձնացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի սկզբին Հայաստան կատարած այցը:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերությունների հետագա ընթացքին, ապա Ռիչարդ Կիրակոսյանն իր տարբեր հանդիպումների ժամանակ համոզվել է, որ բոլոր դռները չեն փակվել Հայաստանի առջև, ուղղակի ԵՄ-ն Հայաստանին արդեն այլ կերպ է դիտում:

Միևնույն ժամանակ քաղաքագետը փաստեց, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր են, սակայն քննադատելի համարեց այդ հարաբերությունների առկա բնույթը, անհամաչափությունը և վստահության պակասը:

«Սեպտեմբերի 3-ը և դեկտեմբերի 2-ը վիրավորանք են Հայաստանի համար, սրանք բացահայտեցին հայ-ռուսական հարաբերություններում ավելի խորը խնդիրները, հարցն այստեղ չի վերաբերում հայ-ռուսական համագործակցությանը: Խնդիրը հարգանքի և հավասար հնարավորությունների բացակայությունն է»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:

Այս ամենի արդյունքում էլ քաղաքական տարվա ավարտին կառավարությունը նախաձեռնեց ԱԺ արտահերթ նիստ, որտեղ պետք է վավերացվեին հայ-ռուսական միջկառավարական «գազային» պայմանագրերը: Եվ սա դարձավ քաղաքական ամենակարևոր իրադարձություններից մեկի պատճառ` «գազային» պայմանագրերի վավերացման շուրջ ԱԺ-ում ու դրանից դուրս`փողոցում ծավալված իրադարձություններով:

«Շատ հազվադեպ մարտահրավեր նետվեց ԱԺ-ին, այն իր առաջին պարտությունը կրեց: Մի շատ սկանդալային համաձայնագիր էր ստեղծվել Հայաստանի և Ռուսաստանի միջև, որը փորձում էին վավերացնել, և դա ավելի շատ վիրավորանք, վնաս կհասցներ ՀՀ անվտանգությանը: Սա համընկնում է էներգետիկայի նախարարի հնչեցրած ստերի հետ, երբ իշխանությունները դժվարին իրավիճակում են հայտնվում ժողովրդին խաբելու իմաստով: Կարևոր դասն այն էր, որ այժմ իշխանություններն ավելի հաշվետու են իրենց գործողությունների համար, խնդիրը, սակայն, այն է, որ վերջին տարիներին ՀՀ իշխանություններին շատ մեծ վնաս է հասցվել, և հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները` պետք է ասել, որ հաջորդ տարի Հայաստանը տնտեսապես բարդ իրավիճակում է հայտնվելու: Ու սիմվոլիկ է, որ ՀՀ նախագահն այսօր ևս մի օր է վատնում` այցելելով Մոսկվա»,-համոզմունք հայտնեց քաղաքագետը:

Այսպիսով, եթե ԱԺ-ում «գազային» համաձայնագրերի վավերացման «ոդիսականը» դիտարկենք քաղաքական հարթությունում, ապա դա այնքան էլ հաճելի երևույթի մասին չի հուշում: Ըստ էության` մեկ անգամ ևս ապացուցվեց, որ երկրի իշխանությունների ցանկացած կամայականություն կվավերացվի, անգամ կանոնակարգ-օրենքների խախտմամբ, կամայականորեն:

Հենց այս վերջին իրադարձությունով էլ ավարտվում է 2013 քաղաքական տարին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: