Լրագրողների հետ՝ փախստականների մասին
Հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ/ARCS) հետ սերտ համագործակցությամբ։ Միջոցառումը նվիրված է փախստականների համաշխարհային օրվան, որն ամբողջ աշխարհում ամեն տարի նշվում է հունիսի 20-ին։
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ Իրինե Հակոբյանի խոսքով՝ մեդիայի դերը փախստականների պատմությունների, խնդիրների ու ինտեգրման հարցերի ներկայացման հարցում շատ մեծ է, քանի որ հիմնականում լրագրողների միջոցով է հանրությունը ճանաչում փախստականին։ «Փախստականների թեման շատ կարևոր ու հուզիչ հարց է բոլորիս համար, ու փորձառությամբ կիսվելը, խոսելն այս մասին ու հարցերը քննարկելը նմանօրինակ հանդիպումների ձևաչափով շատ կարևոր են»,-ասաց նա։
«Այսօր աշխարհում հսկայական քանակությամբ մարդիկ ապրում են իրենց տներից դուրս, և մեր գործունեությունը նպատակաուղղված է նրանց պաշտպանությանը», -ասաց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Իննա Բորիսևիչը։
Հայկական Կարմիր խաչի ընկերության բնակչության տեղաշարժի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացրեց կազմակերպության աշխատանքները խոցելի և ծայրահեղ խոցելի բնակչության հետ, որոնց շարքում կարևոր խումբ են փախստականները։ «Մենք մեդիայի հետ ավելի ու ավելի սերտ ենք համագործակցում՝ կարևորելով նրա դերը զգայուն հարցերը հանրությանը գրագետ ներկայացնելու գործում»,-նշեց նա։
ՄԾ հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի խոսքով՝ «Մեդիա և միգրացիա» ծրագրի երկարաժամկետ նպատակը Հայաստանում միգրացիոն գործընթացների վերաբերյալ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելն է։ «Սա երրորդ հանդիպումն է այս ծրագրի շրջանակում, և այս ձևաչափով քննարկումները շատ արդյունավետ են ստացվում. պատասխանատուները ներկայացնում են ոլորտը՝ մարտահրավերներով ու ձեռքբերումներով, բոլոր մանրամասնություններով, իսկ լրագրողները հնարավորություն են ունենում ամբողջ ընթացքում հարցեր տալ, նյութեր կուտակել և հմտանալ ու մասնագիտանալ ոլորտում», -ասաց նա։
«Մեդիա և միգրացիա» ծրագրի բացման միջոցառումը տեղի է ունեցել 2019 թ-ի ապրիլի 15-ին, երկրորդ հանդիպումը՝ վերադարձի թեմայով՝ ապրիլի 22-ին։
«Մեդիա և միգրացիա» ծրագրի գործընկերն է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ՄՔՄՄԿ/ICMPD), որի նախաձեռնության Հայաստանում անցկացվում է «Ճամպրուկ 2019» միգրացիոն լրագրողական ամենամյա մրցույթը։ Թեմատիկ բոլոր նյութերի հեղինակները խրախուսվում են մասնակցելու մրցույթին, որը մրցանակաբաշխությամբ կամփոփվի տարվա վերջում՝ որպես ծրագրի ամփոփիչ միջոցառում։