Արմեն Շահինյան. Ապահովագրական համակարգում առանցքային դերում պետք է լինի բժիշկը
Ակունքներից սկսած՝ շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ է ապահովագրությունը, և ինչ խնդիրներ կան այսօր ձևավորված: Շատ ուրախ եմ, որ այսօր կա քաղաքական կամք՝ ունենալու համապարփակ պետական ապահովագրություն: Ես ուղղակի ուզում եմ բարձրաձայն մտածել, հարց տալ՝ ինչպե՞ս են դա պատկերացնում այսօր, արդյո՞ք Հայաստանում ունենք ապահովագրական բժշկության ինստիտուտ որպես այդպիսին, ինչպե՞ս է ձևավորվում մեկ անձի ապահովագրական վճարը:
Եթե ես ուզում եմ ապահովագրել որևէ ռիսկ, բայց պետության կողմից չկա ապահովագրական գումար, այդ հասկացողությունը մի քիչ անսովոր է, ինձ համար անհասկանալի է, և հիմնական հարցը՝ ապահովագրական բժշկության համակարգի ներդրումը ստեղծվելու է, թե չի ստեղծվելու, եթե ստեղծվել է, ապա ի՞նչ փուլում է և ե՞րբ է դա վերջնական տեսքի գալու:
Ապահովագրությունը հիմնված է բավական լուրջ վիճակագրական վերլուծությունների վրա: Ապահովագրական ընկերությունը այդ ոլորտը տիրապետում է վիճակագրությունով, թե ինչքան դեպք ենք ունենում այսքան բնակչության քանակով՝ այս ծառայության կամ այս հիվանդության գծով և այլն: Դրա շուրջ մենք արդեն հաշվարկներ ենք անում, որ կոչվում է ակտուարական հաշվարկներ, և ստանում ենք որոշակի սակագին, ըստ դրա՝ մենք արդեն որոշակի ապահովագրական վճարի ձևավորումն ենք տալիս:
Բնականաբար, քանի որ կորպորատիվ հաճախորդներ են, այդ գործն ավելի հեշտացած է, որովհետև դրանք պարբերաբար կրկնվում են, վերակնքվում են, և գինը ձևավորելու խնդիրը մենք չենք ունենում: Բայց, եթե չեմ սխալվում, բնակչության 6 տոկոսն է կորպորատիվ հաճախորդ: Եվ կորպորատիվ, այսինքն կամավոր ապահովագրության տեսակը պետականի հետ համեմատելը ճիշտ չէ: Դրանք լրիվ տարբեր ծածկույթներ են, տարբեր մոտեցումներ են, տարբեր ինստիտուտներ են: Մինչև չլինի ապահովագրական բժշկության համակարգ, ոչ մի բան ես չեմ պատկերացնում, որ կարելի է մտածել:
Առանցքայինը պետք է լինի բժիշկը: Իսկ մենք ի՞նչ ենք անում. ես էլ ապահովագրական ընկերության ներկայացուցիչ եմ, գնում եմ և գլխավորի հետ եմ խոսում, գին ենք պայմանավորվում, ծառայություններ ենք պայմանավորվում, այսինքն՝ բժիշկը այսօր որպես ծառայություն մատուցող ամենաառանցքային հատվածը, անտեսված է: