S-300 զենիթահրթիռային համալիրների մասնակցությամբ ՀՀ-ում և Արցախում շարունակվում են մարտական հրաձգությամբ զորավարժությունները
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սևակ Տոռոզյանը:
Փոխգնդապետ Տոռոզյանի ենթակայության տակ գտնվող զորամասը հունիսի 18-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկած մարտական հրաձգությամբ զորավարժությունների մասնակիցներից մեկն է:
Զորավարժությունների ընթացքում զորամասում փորձարկվում են նաև S-300 հեռահար զենիթահրթիռային համալիրները:
«Մինչև 6 րոպեում զենիթահրթիռային համալիրները բերվում են համար 1 պատրաստականության վիճակի և պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Զորավարժության ընթացքում փորձարկվում են նաև հայկական արտադրության նոր տեսակի ռադիոլոկացիոն կայանները: Մշակվում են փոխգործակցության հարցերը Պաշտպանության բանակի Հակաօդային պաշտպանության ուժերի ու միջոցների հետ»,- նշեց փոխգնդապետը: