Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հայտարարության հետ կապված Մանվել Գրիգորյանի փաստաբանները հնարավոր է դիմեն դատարան
«Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանի աշխատանքը բոյկոտելու վերաբերյալ հայտարարությունը պատվի և արժանապատվության հետ կապված խնդիր է պարունակում։ Իշխանության ներկայացուցչի հայտարարությունը ատելության տիպիկ քարոզ էր՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։ Այդ հայտարարություններում տեսել ենք պատվի և արժանապատվության հետ կապված խնդիր, որից հետո դիմելու ենք, որ իրավապահ մարմինները տան իրենց գնահատականը»,–ասաց նա և հավելեց. «Ընտրողի ատելությունը երկրում պետք է բացառել՝ կապ չունի դա Էջմիածնի քաղաքապետն է, թե ուրիշը»։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ քաղաքապետարանը որոշել է Մանվել Գրիգորյանի սրճարանի տարածքի վարձակալության համար պահանջել տարեկան մոտ 7 մլն դրամ, գործող 23 հազար դրամի փոխարեն։
«Բոլորի համար պարզ է, որ ամառվա մի քանի ամիսներին այդ սրճարանը չի կարող նման եկամուտ ապահովել, որպեսզի տարեկան 7 մլն դրամ վճարի բյուջե։ Օգտվելով առիթից ես ուզում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել՝ բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որևէ դեպքում, անգամ ամռան ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»,-ասել էր քաղաքապետը։ Այս կոչն, ըստ փաստաբանների՝ պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ։