Հայերեն   English   Русский  

Ուրանի հարստացում․ Իրանի պատասխանը ԱՄՆ պատժամիջոցներին և եվրոպական երկրների «անգործությանը»


  
դիտումներ: 1524

Իրանը թույլ հարստացված ուրանի պաշարները մեծացրել է՝ Միջուկային պայմանագրով թույլատրելի չափաքանակը գերազանցելով 300 կգ-ով։ Այս մասին հայտարարել է թե պաշտոնական Թեհրանը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների խումբը։

Իրանը, մեկնաբանելով հարստացված ուրանի պաշարների ընդլայնումը, նշել է, որ բոլորովին էլ չի խախտել միջուկային համաձայնագիրը, քանի որ այն դադարել է գործել այն պահից, երբ ԱՄՆ-ն միակողմանիորեն լքեց համաձայնագիրը և Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանեց։ Իրանը դեռ մայիսին համաձայնագրի անդամ մյուս երկրներին՝ մասնավորապես Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային, 60 օր ժամանակ էր տվել ապահովելու համաձայնագրի գործունեությունը։ Քանի որ այս ընթացքում այդպես էլ հնարավոր չեղավ շրջանցել ամերիկյան պատժամիջոցները և առևտրային գործարքներ իրականացնել Իրանի հետ, Իրանն իրեն իրավունք է վերապահել չկատարել միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

Օրեր առաջ եվրոպական կողմը գործարկեց INSTEX համակարգը, որը հնարավորություն է տալիս առևտրային գործարքներ իրականացնել Իրանի հետ՝ խուսափելով ամերիկյան պատժամիջոցներից։ Այս համակարգում, սակայն, հնարավոր է գործարքներ իրականացնել միայն այն ոլորտներում, որոնք այսպես, թե այնպես, դուրս են ամերիկյան պատժամիջոցներից։ Իսկ օրինակ, նավթային գործարքներ այս համակարգով հնարավոր չէ իրականացնել։ Սա էլ դժգոհության առիթ է դարձել։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ երկրների առաջարկած համակարգը չի համապատասխանում Իրանի ակնկալիքներին և առկա պայմաններին։

Այս փուլում Իրանը եվրոպական երկրներին 10 օր ժամանակ է տվել, որպեսզի հստակ քայլեր ձեռնարկեն Իրանի հետ առևտուրը հեշտացնելու ուղղությամբ, այլապես այդ երկիրը կդադարի հետևելնաև համաձայնագրի մնացած բոլոր պարտավորություններին։ Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է առաջիկա օրերին սկսել 20 տոկոսանոց ուրանի հարստացումը, իսկ այս պարագայում ատոմային ռումբ ստեղծելու հնարավորությունը կհասնի 90 տոկոսի։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, սակայն, հայտարարել է, որ անդառնալի քայլեր դեռևս արված չեն և, եթե եվրոպական երկրները կարողանան ապահովել համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, Իրանն էլ իր հերթին նորից կսկսի կատարել իր պարտավորությունները։

ԱՄՆ-ի արձագանքը

Մեկնաբանելով Իրանի քայլերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է․ «Նրանք գիտեն, թե ինչ են անում։ Նրանք գիտեն, թե ինչի հետ են խաղում։ Իմ կարծիքով՝ նրանք կրակի հետ են խաղում»։

Իրանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին ԱՄՆ-ն Կատարում գտնվող իր ավիաբազայում տեղակայել է նոր սերնդի F22 կործանիչներ։ Ի պատասխան, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի ղեկավարը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին, Իրանն իր հերթին կկործանի Իսրայելը։ «Եթե ԱՄՆ-ն հարձակվի մեզ վրա, Իսրայելին 30 րոպեի կյանք կմնա»,- հայտարարել է իրանցի քաղաքական գործիչը։ Նա նաև անդրադարձել է տեղեկություններին, որ Դոնալդ Թրամփը Իրանի վրա հարձակման հրաման է տվել, ապա հարվածից 10 րոպե առաջ հետ կանչել իր հրամանը։ Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ եթե Թրամփը վստահ լիներ, որ Իրանի դեմ ռազմական գործողություններում հաջողություն կունենար, հարձակման հրամանը հետ չէր կանչի։ «Տարածաշրջանում գտնվող ԱՄՆ-ի բոլոր 36 ռազմաբազաները Իրանի հսկողության ներքո են»,- շեշտել է նա։

Եվրոպական երկրների արձագանքը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ իր երկիրը դուրս կգա Միջուկային համաձայնագրից, եթե Իրանը շարունակի խախտել դրա պայմանները։Բրիտանացի նախարարի խոսքով՝ 2015-ին կնքված միջուկային համաձայնագիրը ճիշտ որոշում էր, քանի որ առանց դրա իրավիճակը շատ ավելի վտանգավոր կլիներ։ Հանթը նաև շեշտել է, որ որևէ պարագայում հնարավոր չի համարում իր երկրի մասնակցությունը Իրանի դեմ կանխարգելիչ ռազմական գործողություններին, եթե ԱՄՆ-ն ի վերջո նման քայլ ձեռնարկի։

Իսկ ահա Ելիսեյան պալատում հայտարարել են, որ նախագահ Էմանուել Մակրոնը մրադիր է քայլեր ձեռնարկել՝ համոզելու Իրանին շարունակել հետևել Միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին։

Ռուսաստանի արձագանքը

Իսկ ահա Ռուսաստանը ԱՄՆ-ին է մեղադրում այն բանի համար, որ Իրանը գերազանցել է հարստացված ուրանի թույլատրելի պաշարները։Վիեննայում տեղակայված Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը շեշտել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք Իրանից հարստացված ուրան կգնեն։ Մինչդեռ Միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանը վաճառում էր թույլ հարստացված ուրանի ավելորդ չափաքանակը՝ չգերազանցելու համաձայնագրով թույլատրելի ծավալը։

ՄԱԿ-ի արձագանքը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել Իրանին կատարել իր պարտավորությունները Միջուկային համաձայնագրի շրջանակներում, քանի դեռ համաձայնագրի մյուս անդամ երկրները ուղիներ են փնտրում այդ երկրի դեմ ծառացած լուրջ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Իրանի գործողությունները չեն նպաստի Միջուկային համաձայնագիրը փրկելուն և միևնույն ժամանակ, զգալի տնտեսական օգուտ չեն ապահովի այդ երկրի ժողովրդի համար։

Նախապատմությունը

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, որը հայտնի էՄիջուկային համաձայնագիր անվամբ,կնքվել է2015-ին՝ 6 գերտերությունների՝ ԱՄՆի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև։ 2018-ի մայիսին ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից՝ պատժամիջոցներ սահմանելով Իրանի, ինչպես նաև այդ երկրի հետ ֆինանսական, առևտրային գործարքներ իրականացնող երկրների ու կազմակերպությունների դեմ։ Եվրոպական երկրները կողմ են համաձայնագիրը պահպանելուն, սակայն անցած մեկ տարվա ընթացքում այդպես էլ չեն կարողացել արդյունավետ ուղիներ գտնել՝ շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները և շարունակելու առևտրային համագործակցությունը Իրանի հետ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: