Հայերեն   English   Русский  

Կառավարությունը 834 մլն դրամ կհատկացնի հայաստանյան դպրոցներում ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ ստեղծելու նպատակով


  
դիտումներ: 119

Այսօր՝ հուլիսի 4-ին, Կառավարությունն իր հերթական նիստի ընթացքում հավանաություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին օրինագծին, որով նախատեսվում է 834 մլն դրամ հատկացնել հայաստանյան դպրոցներում ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ ստեղծելու նպատակով:

Հարցը ներկայացրեց ԿԳ, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ գումարը հատկացվելու է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը. ստեղծվելու է 284 լաբորատորիա նույնքան դպրոցներում:

Նախարարի խոսքով, արդեն այսօր Հայաստանի դպրոցներում գործում են մոտ 350 նման լաբորատորիաներ. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ ռոբոտաշինության ու ինժեներական ու տեխնոլոգիական մտքի զարգացման համար սա լավ ներդրում է, հետագայում ազդեցություն են ունենալու տնտեսության վրա»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ հաջորդ անգամ այս լաբորատորիաների ստեղծման համար կհայտարարվի մրցույթ, որին կմասնակցեն նաև այլ կազմակերպություններ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս աշխատանքները պետք է շարունակական լինեն, եւ այս տարի այդ թիվը պետք է հասցնել 470-500-ի, ինչին Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ հաջորդ տարի 650 լաբորատորիաների մասին է խոսքը վերաբերելու:

Տիգրան Ավինյանի խոսքով, սա հնարավոր է դարձել բյուջեի հավելյալ հավաքագրումների արդյունքում:

Հայաստանում 12-ամյա կրթության անցելու ժամանակ ամենավատ ֆիզիկական պայմաններ ունեցող դպրոցների շենքերը հատկացվել են ավագ դպրոցներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Կառավարության նիստում հայտարարեց ԿԳ, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք նաեւ բովանդակության առումով ենք բողոքում ավագ դպրոցներից, խոսում դրա չկայացած լինելու մասին»,-ասաց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: