Հայերեն   English   Русский  

«Եվրոպան կին է». Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է առաջադրվել


  
դիտումներ: 201

«Եվրոպան կին է», - հայտարարեց Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ու ազդարարեց, որ եվրոպական դաշինքի առաջնորդի պաշտոնն առաջին անգամ որոշել են վստահել կնոջ՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին:

Ծնունդով Բրյուսելից, յոթ զավակների մայր, նախկինում հաջողակ բժիշկ, 60-ամյա Ուրսուլան տասնամյակներ անց վերադառնում է ծննդավայր՝ զբաղեցնելու Եվրոպական միության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը. նրա թեկնածությունը առաջիկայում պետք է հաստատի Եվրոպական խորհրդարանը:

Գերմանիայի առաջատար քաղաքական գործիչներից Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կանցլեր Անգելա Մերկելի մերձավոր զինակիցն է: 2000 թվականին նա միացել է Մերկելին՝ նախ կուսակցությունում, ապա կառավարությունում՝ ղեկավարելով Ընտանիքի, կանանց, տարեցների և երիտասարդության հարցերով նախարարությունը, ապա 2009-ին ստանձնել է Աշխատանքի նախարարի պաշտոնը: Ռազմական գերատեսչության ղեկավար է նշանակվել 2014-ին` դառնալով Գերմանիայի առաջին կին Պաշտպանության նախարարը: Նրա նախորդներից՝ 17 տղամարդ նախարարներից և ոչ մեկին չի հաջողվել այդ պաշտոնում մնալ վեց տարի, սակայն վունդերֆրաուի անբիծ քաղաքական կարիերան այդ պաշտոնը ստանձնելուց հետո մնաց անցյալում:

Գալով Պաշտպանության նախարարություն՝ նա ստիպված էր լուծել լրջագույն խնդիրներ՝ նոր ու ժամանակակից սպառազինության ձեռքբերում, բանակի անձնակազմի համալրում: Հենց նրա շնորհիվ Գերմանիայի ռազմական քաղաքականությունը դարձավ արտաքին դիվանագիտության մաս: Այս փոփոխությունները համապատասխանում էին ժամանակի պահանջներին, Բունդեսվերը այդ պահին արդեն ներգրավված էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայում:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենի պաշտոնավարումը հաջողություններից բացի նաև ձախողումներ ունեցավ: Նրան հաճախ քննադատել են բանակում կադրային քաղաքականությունը տապալելու համար, նրա պաշտոնավարման ժամանակ գերմանացի զինծառայողների շարքերում հայտնաբերվել են աջակողմյան ծայրահեղականներ, ինչպես նաև այսպես կոչված «դեդովշչինայի» փաստեր: Ֆոն դեր Լյայենին քննադատում են բանակում չպլանավորված հսկայական ծախսերի համար, նաև իր մերձավորներից մեկի անվանն առնչվող ընկերության հետ պայմանագիր կնքելու համար:

Արձագանքելով Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությանը՝ Եվրախորհրդարանի նախկին խոսնակ, գերմանացի քաղաքական գործիչ Մարտին Շուլցը Թվիթերում գրել է․ - «Նա մեր ամենաթույլ նախարարն է: Ակնհայտ է, որ դա բավարար է, որպեսզի նա դառնա Եվրահանձնաժողովի նախագահը»:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ Եվրամիությունում հնարավոր պաշտոնավարմանը ավելի բացասական են վերաբերվում Ռուսաստանում: «Կոմերսանտ» թերթի կողմից հարցված փորձագետները Ռուսաստանի համար ոչ շահավետ են համարում Եվրամիության գործադիր ղեկավարի պաշտոնում գերմանացի քաղաքական գործչի նշանակումը:

«Նա կոշտ և նույնիսկ կարելի է ասել ամերիկամետ քաղաքական գործիչ է, Ռուսաստանի հետ մերձենալու որևէ փորձ նա որպես քաղաքական գործիչ չի ձեռնարկել և թերևս շարունակի նույն ձևով պնդել պատժամիջոցների պահպանման ռեժիմը», - ռուսաստանյան պարբերականի հետ զրույցում ասել է քաղաքագետ Վլադիսլավ Բելովը:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նաև Դոնալդ Թրամփի կոշտ ընդդիմախոսներից է, երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին: Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Հյուսիսատլանտյան դաշինքը քննադատող Թրամփի հերթական հայտարարություններին անդրադառնալով՝ Գերմանիայի պաշտպանության նախարարը կոչ էր արել ՆԱՏՕ-ին չվերաբերվել որպես բիզնեսի:

«Դա ձեռնարկատիրություն չէ։ Սա այն դեպքը չէ, երբ կարելի է ասել՝ «անցյալը ինձ չի հետաքրքրում, արժեքները, որոնք մենք ներկայացնում ենք, ինձ համար կարևոր չեն, ես կտեսնեմ՝ որքան գումար կարող եմ աշխատել և արդյոք շահավետ գործարք կստացվի»։

Այդպես երկիր չեն կառավարում, և դա ՆԱՏՕ-ի սկզբունքը չէ», - ի պատասխան Սպիտակ տան ղեկավարի՝ արևմտյան ռազմական դաշինքում Վաշինգտոնի ծախսերը կրճատելու սպառնալիքներին ասել էր Գերմանիայի պաշտպանության նախարարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: