Հայերեն   English   Русский  

Օնիկ Գասպարյանին, Հայկ Գրիգորյանին ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների նոր կոչումներ են շնորհվել


  
դիտումներ: 140

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ հրամանագրեր է ստորագրել, որոնցով զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին ու քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին նոր կոչումներ են շնորհվել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Մկրտիչի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,-ասված է որոշումների մեջ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառա­­յու­թյան պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առա­ջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, ար­դարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդա­րա­դատության առաջին դասի խորհրդական Հայկ Գրիգորյանին, ՀՀ գլխավոր դատախազ, արդարադա­տու­թյան առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ շնորհելուց հետո Արմեն Սարգսյանը շնորհավորել է նրանց:

«Դուք արժանապատվորեն և նվիրվածությամբ եք իրականացնում հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրում սահմանադրական և հասարակական կարգի պահպանության, օրինապահության ամրապնդման ձեր առաքելությունը, - ասել է նախագահը: - Այն, ինչ դուք կատարում եք, պարզ պարտականություն չէ, այլ՝ դժվարին ու պատվաբեր աշխատանք և ծառայություն, որն ուղղակի և անուղղակի առնչվում է մեր երկրի ու ժողովրդի թե՛ ներկային, թե՛ ապագային:

Ձեր պարտականությունները պատշաճ կատարելով ՝ դուք պաշտպանում եք թե՛ երկրի անվտանգությունը, թե՛ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, և թե՛, իհարկե, Սահմանադրությունը:

Համոզված եմ, որ դուք այսուհետ ավելի մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եք ձեռնամուխ լինելու ձեր աշխատանքին ու ծառայությանը՝ նպատակակետ ունենալով Հայաստանի Հանրապետության, մեր քաղաքացիների և մեր ողջ ժողովրդի շահերը»,-ասել է նախագահը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: