Հայերեն   English   Русский  

Նոր օրինագիծ՝ ուղղված ավտոդպրոցների լիցենզավորմանը


  
դիտումներ: 878

Ավտոդպրոցների գործունեությունը առաջիկայում կարող է լիցենզավորվել, իսկ վարորդական քննություն հանձնողների համար էլ պարտադիր կդառնա լիցենզավորված ավտոդպրոցում ուսուցում անցնելը։

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։

Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը Ոստիկանությունը հետևյալ կերպ է հիմնավորում․ «Ներկայումս վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունները վճարովի ծառայություններ են մատուցում քաղաքացիներին, սակայն նրանք գտնվում են պետական վերահսկողությունից, այդ թվում՝ հարկային մարմինների տեսադաշտից դուրս»:

Ներկայում ինքնուս կերպով քաղաքացիները կարող են վարել սովորել, ապա քննություն հանձնել՝ բեռնատար մեքենաներ վարելու թույլտվություն ստանալու համար։ Ոստիկանության նախաձեռնած փոփոխությունը «պայմանավորված է բեռնատար տրանսպորտային միջոցների վարման առավել բարձր պատասխանատվության և պատրաստականության հետ, ինչպես նաև մի շարք երկրների օրինակով (ՌԴ, Ուկրաինա, Գերմանիա և այլն)»:

Օրինագծի ընդունման պարագայում այլևս C կարգի վարորդական վկայականի քննություն հանձնելու համար պարտադիր կլինի լիցենզավորված ավտոդպրոցում ուսուցում անցած լինելը։

Օրինագծով առաջարկվում է նաև վարորդների համար սահմանել բժշկական հավատարմագրման գաղափարը։ Այսպես, «A» և «B» կարգերի, ինչպես նաև «A1» և «B1» ենթակարգերի համար դիմած անձը պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարրդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելու ընթացքում ակնհայտ է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում: «C», «D», «CE» և «DE» կարգերի, և «C1E», «D1E» ենթակարգերի դեպքում բժշկական հավատարմագրում անցնում են առաջին անգամ դիմած բոլոր թեկնածուները»:

Ոստիկանության կարծիքով՝ նախագծի ընդունման արդյունքում օրենքի շրջանակներում կկակոնակարգվի վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով ուսուցում իրականացնող կազմակերպությունների գործունեությունը, կամրապնդվի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը և կապահովվի վարչարարության պարզեցումը:

Հանրային քննարկման ներկայացրած օրինագծի վերաբերյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կարծիք է հրապարակել քաղաքացի Գևորգ Մալխասյանը։ Նա պնդում է, որ օրենքի հիմնավորումը բավարար չէ։

Նա նշում է, որ կարևոր չէ, թե որտեղ է քաղաքացին սովորել ճանապարհային երթևեկության կանոնները և վարելը, միևնույն է նրա գիտելիքների չափանիշը որոշում է պետական մարմինը: «Եթե անձը լավ կամ լիարժեք չի տիրապետում համապատասխան գիտելիքներին, ապա իրավասու մարմինը պետք է չտրամադրի համապատասխան իրավունք: Լիցենզավորումը՝ ուսուցման առումով որևէ խնդիր չի լուծելու: Այն միայն ավելացնելու է կոռուպցիոն ռիսկերը, լրացուցիչ ֆինանսական բեռ է դնելու սովողների վրա, ինչպես նաև սահմանափակելու է մրցակցությունը համապատասխան բնագավառում»,- գրում է քաղաքացին:

Գևորգ Մալխասյանը շեշտում է, որ բեռնատարների վարման վարորդական իրավունքի տրամադրման խնդիրը լուծելու համար լիցենզավորում են ողջ ոլորտը։

Իսկ բժշկական հավաստագրման հարցը նա առաջարկում է լուծել առողջապահության նախարարության էլեկտրոնային համակարգի միջոցով, որը ոստիկանությանը հնարավորություն կտա մշտապես ստանալ տեղեկատվություն անձի այն հիվանդությունների մասին, որոնք խոչընդոտ են հանդիսանում վարորդական իրավունք ստանալու համար:

«Անկախը» փորձեց ճշտել ավտոդպրոցների վերաբերմունքն օրինագծի վերաբերյալ։

«Անվտանգ երթևեկություն» ավտոդպրոցի հիմնադիր Արսեն Ղազարյանը կողմ է օրինագծի ընդունմանը։ Ասում է, որ այն բացի ճանապարհային երթևեկությունն անվտանգ դարձնելուց մի շարք այլ խնդիրներ ևս կլուծի։

«Մի շարք թե անհատներ, թե ավտոդպրոցներ իրականացնում են այդ գործունեությունը, բայց քանի որ չի իրականացվում լիցենզավորում, իրենց մեքենաները օրենքի պահանջներին չեն համապատասխանում։ Անգամ լրացուցիչ ոտնակ, հայելի չունենալով իրականացնում են գործնական վարման ուսուցում, ինչն արդեն իսկ վտանգ է երթևեկության համար։ Իսկ եթե լիցենզավորում լինի, այդ խնդիրն արդեն կլուծվի»,- ասում է նա։

Անդրադառնալով կազմակերպություններին հարկային դաշտ բերելու խնդրին, Ղազարյանն ասում է, որ իրենք ներկայում էլ հարկային դաշտում են որպես ՍՊԸ։

«Պրոֆդրայվ» ավտոդպրոցի հիմնադիր և ինստրուկտոր Կարեն Թերլեմեզյանը ևս չի առարկում օրինագծի ընդունմանը։ Ասում է, որ ցանկալի է այնպես անել, որ վարորդական վկայական ստանան իրական գիտելիքների համար ոչ թե քննական տարածքը անգիր անելու միջոցով, ինչպես երբեմն պատահում է։

Ասում է, որ այսպիսով այն մարդիկ, որ ոչ պրոֆեսիոնալ են այդ գործով զբաղվում, դաշտից դուրս կմնան, դաշտում կմնան միայն պրոֆեսիոնալները։

Թերլեմեզյանը, դեմ չլինելով լիցենզավորմանը, ասում է՝ կարևոր է, որ այնպիսի պայմաններ սահմանվեն, որ աշխատել կարողանան բոլորը՝ թե մեծ, թե փոքր կազմակերպությունները։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: