Ամեն բան սարյանական շնչով կամ բնության դեմ չմեղանչող թանգարան...
-Տիկին Սարյան, հայտնի է` հունիսի մեկից մինչև հոկտեմբերի մեկը թանգարանը կաշխատի առանց հանգստյան օրերի: Արդյոք ծա՞նր չէ նման գրաֆիկով աշխատելը:
-Թանգարանի բացման օրվանից մինչ այսօր մեր հանգստյան օրը հինգշաբթին է, որը ոչ մի զբոսաշրջիկի և անգամ մեր հայրենակիցների մոտ չի տպավորվում: Մի քանի անգամ գործի բերումով հինգշաբթի օրը եղել եմ թանգարանում և տեսել՝ որքան շատ են այդ օրը թանգարան այցելել ցանկացողները: Նախկինում փորձեցի Մշակույթի նախարարության օգնությամբ հանգստյան օր դարձնել երկուշաբթին, ինչպես ընդունված է ողջ աշխարհում, բայց չստացվեց: Ինչ-որ տեղ դա նաև խայծ է. բոլոր թանգարանները փակ են երկուշաբթի օրերին, բայց մերը՝ ոչ: Եթե խոսենք շուկայական հարաբերությունների լեզվով, մեզ էլ է պետք աշխատել շաբաթվա բոլոր օրերին: Բայց երբ 2016-ի թանգարանի վերանորոգումից հետո այցելուների թիվը կրկնապատկվեց՝ հասնելով 26.000-ի, իսկ այս տարի կիրառված աբոնիմենտային քաղաքականության արդյունքում առաջին կիսամյակը փակեցինք 19.500 այցելուներով, թանգարանի աշխատանքային գրաֆիկն առավել քան ծանրաբեռնվեց: Եվ որքան էլ ցանկություն ունենանք մեծ թվով մարդկանց ծանոթացնելու Սարյանի արվեստին, առանց ավել հաստիքների շատ դժվար է աշխատել: Այժմ թանգարանի գործունեությունն ապահովում ենք մեր արտաբյուջետային միջոցների հաշվին:
-Սարյանն ասում էր. «Իմ դռները ոչ ոքի առաջ չեմ փակում: Մենակությունը մահ է ինձ համար... Մարդկանց մեջ լինելով՝ ինձ ավելի լավ եմ զգում, երիտասարդանում եմ ու զգում, որ ոչ միայն կամ, այլև կարող եմ»: Արդյոք վարպետի էությամբ չէ՞ պայմանավորված նաև թանգարանի նման ծանրաբեռնված աշխատանքը:
-Ես ապրել եմ այն ժամանակներում, երբ Մարտիրոս Սարյանի տան դուռը իսկապես բաց էր բոլորի առաջ: Ցանկացած պահի աշխարհի ամենահայտնի մարդը կարող էր գալ Սարյանին հյուր: Գիտեք, դա ինչ-որ առումով բավական դժվար էր ոչ միայն ընտանիքի անդամների, այլև Սարյանի համար. նրան խանգարում էին աշխատել:
Ամեն դեպքում այսօր էլ տուն-թանգարանի դռները չեն փակվում Սարյանի արվեստի սիրահարների առաջ: Մենք առաջնորդվում ենք առաջին հերթին սարյանական այն մոտեցումներով՝ ինչպես էր նա մարդկանց վերաբերվում, ընդունում, ճանապարհում: Ամեն ինչ անում ենք, որ մեր թանգարանն այցելելի լինի:
-Ի՞նչ է տեսնում թանգարան ոտք դնող յուրաքանչյուր մարդ:
-Յուրաքանչյուր այցելու տեսնում է վարպետի արվեստանոցը, որտեղ կան տարբեր ստեղծագործական շրջանների գործեր, ու նրա բնակարանը հենց այն տեսքով, որը եղել է մինչ թանգարանի բացումը: Ունենք նաև շատ հարուստ հուշային ցուցադրություն, որը ստեղծված է նույնքան հարուստ վավերագրական նյութի հիման վրա՝ լուսանկարներ, վավերական փաստաթղթեր, գրքեր, կատալոգներ, անձնական իրեր և այլն: Իսկ ահա Սարյանի կտավները բաժանված են և´ ժամանակագրական, և´ թեմատիկ կարգով: Թանգարան ոտք դնողը զգում է ոչ միայն Սարյանի ավեստի շունչը, այլև այն մթնոլորտը, որ տիրել է այստեղ նրա կենդանության օրոք:
-Ի՞նչ ակնկալիքով են մարդիկ մտնում թանգարան և ինչպե՞ս են հեռանում:
-Դա ամենավառ կերպով կարելի է տեսնել մեր այցելուների գրառումներում, երբ խոստովանում են, որ այցելությունը Սարյանի թանգարան իրական տոն է իրենց հոգու համար, դրական էներգիայով լիցքավորման աղբյուր: Մենք ուրախ ենք արդեն 52 տարի թանգարանի պատերի ներքո պահպանել Սարյանից և նրա կտավներից եկող լուսավոր աուրան:
-Ինչպե՞ս եք ընդունում ու ճանապարհում Ձեր այցելուներին, հատկապես աշխարհահռչակ հյուրերին:
-Բոլորին սիրով ենք ընդունում, երբեմն կազմակերպում ենք հյուրասիրություններ՝ փորձելով առավելագույն բացահայտել Սարյան արվեստագետին ու անհատականությանը, նրա ապրած ժամանակն ու ժամանակակիցներին: Սարյանը մի ողջ էպոխա է, նրա մասին խոսել, կնշանակի ներկայացնել մի ամբողջ դար, որում նա ապրել է և արվեստի տարբեր ոլորտներ, որոնք այս կամ այն կերպ կապված են նրա ստեղծագործական ճանապարհին: Սարյանի թանգարան այցելելուց հետո մարդիկ համակարգված պատկերացում են կազմում 20-րդ դարի արվեստի, կյանքի, ընդհանրապես պատմության ու քաղաքականության մասին:
-Հիմնականում ինչպիսի՞ գիտակրթական և ժամանցային ծրագրեր է կազմակերպում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը:
-Մենք ունենք զուտ թեմատիկ ծրագրեր, օրինակ՝ «Հեքիաթներ և երազները»: Քանի որ փոքրիկները կյանքը դեռ դիտում են երազի և հեքիաթի աչքերով, ուստի շատ սիրում են այս ծրագիրը՝ ստեղծելով իրենց սեփական հեքիաթներն ու երազները: Երեխաների համար ունենք նաև հատուկ ծրագիր, որի ընթացքում նրանք հավաքում են խճանկարներ սարյանական նկարներով: Մասնակիցները նախօրոք դիտում են նկարը, փորձում մտապահել, ինչպես նաև ունենում են փոքրիկ նմուշ: Որոշակի ժամանակահատվածում նրանք մեծ հետաքրքրությամբ հավաքում են խճանկարը՝ ներգրավելով նաև իրենց ուսուցիչներին և ծնողներին: Մեկ այլ ծրագրի շրջանակներում երեխաները պետք է դիտեն Սարյանի կտավները, մտապահեն գույները, այնուհետև փորձեն հնարավորինս պահպանելով հեղինակի երանգները գունազարդել իրենց տրամադրված որևէ ստեղծագործության ուրվանկար: Վերջերս երեխաների համար տպագրեցինք Սարյանի ստեղծագործությունների և դրանց ուրվանկարների ալբոմը՝ «Ներկիր ինքդ» խորագրով:
Նմանատիպ կրթական ծրագրերը դպրոցականների համար են, իսկ մեծերի համար ունենք արվեստին նվիրված շատ հետաքրքիր դասախոսություններ:
Կազմակերպում ենք նաև ամենատարբեր նկարիչների ցուցահանդեսներ: Հոկտեմբերի սկզբին Culture Dialogue ֆոնդի հետ համատեղ թանգարանում կկազմակերպվի չինացի նկարիչ Մինիե Ժանգի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
-«Սարյան» արվեստի ստուդիա, «Կարմիր արև» ամառային դպրոց: Ի՞նչ են իրենից ներկայացնում այս կառույցները:
-«Սարյան» արվեստի ստուդիայի ծրագրերի համակարգող Ժաննա Մանուկյանը և իրականացնողներ Լուսինե Գասպարյանն ու Նարեկ Հայրապետյանը տարբեր տարիքային խմբերի համար նկարչական դասընթացներից բացի իրականացնում են շրջայցեր սարյանական հետքերով Հայաստանի տարբեր անկյուններ, որտեղ մասնակիցների համար հնարավորություն է ստեղծվում նկարել Սարյանի կտավներում պատկերված բնանկարները։ Եվ այդ նկարները միշտ յուրովի են ստացվում: Անգամ դրանցով հետագայում ցուցահանդեսներ ենք կազմակերպում, ինչը կարևոր խթան է դառնում ստուդիա հաճախողների համար:
«Կարմիր արև» ամառային դպրոց երեխաները հաճախում են մեծ սիրով ու ոգևորվածությամբ: Մի քանի տարի այցելող երեխաների համար այն արդեն հարազատ օջախ է: Դաստիարակչուհին՝ Ռիմա Գալստյանը, մեծ պատասխանատվությամբ ու վարպետությամբ է մոտենում իր աշխատանքին՝ կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ՝ երեխաների առօրյան առավել հագեցած դարձնելու համար:
-Դժվա՞ր չէ այս ամենը զուգակցել թանգարանի առօրյա գործունեությանը:
-Դժվար է, բայց մենք հեշտ ճանապարհներ չենք փնտրում: Միջոցառումներն անհրաժեշտ են, որ թանգարանը ապրի, շնչի, ինչպես ամեն մի կենդանի օրգանիզմ: Դրանք օգնում են նաև, որ թանգարան այցելեն տարբեր խավի, տարիքի ու հետաքրքրությունների տեր մարդիկ:
-Անդրադառնանք այն խնդրահարույց հարցերին, որոնց բախվում է թանգարանը:
-Մենք բավական խնդիրներ վերջին տարիներին կարողացանք լուծել և դեռ լուծում ենք մեզ օգնող, մշտապես մեր կողքին կանգնած մարդկանց շնորհիվ: Անկեղծորեն ցանկանում եմ, որ մյուս թանգարաններն էլ հասնեն մեր թանգարանի մակարդակին՝ լուծելով եղած խնդիրները:
Այժմ մի գերակա խնդիր ունենք՝ միջազգայնացնել Սարյանի արվեստը: Նա ապրեց մի երկրում, որտեղ գործում էր երկաթե վարագույրի քաղաքականությունը: 1928-ին Ֆրանիսայից ԽՄ վերադառնալիս Սարյանը գիտեր, որ դժվար է լինելու, բայց չէր պատկերացնում իր կյանքը Հայաստանից դուրս, ուստի կիսեց իր ժողովրդի ճակատագիրը: Արդյունքում նրա արվեստը արհեստականորեն մեկուսացվեց: 1928-ից հետո Սարյանն այլևս իրավունք չուներ գնալ Եվրոպա, կազմակերպել իր անհատական ցուցահանդեսները և այլն: Այդ արատավոր քաղաքականության պտուղները մենք «վայելում» ենք մինչև հիմա: Ճիշտ է, Սարյանի կյանքի օրոք բացվեց նրա թանգարանը, բայց չմոռանանք, որ նույն այդ թանգարանին Սարյանը նվիրեց 50 նկար, որոնցից միայն մեկի գումարով կարելի էր շատ ավելի ընդարձակ և ճոխ թանգարան կառուցել: Հետո եկավ ազատ, անկախ Հայաստանի բոլորովին այլ իրականությունը՝ իրեն բնորոշ խեղաթյուրված արժեքներով: Ինչպես ԽՄ տարիներին, այնպես էլ այժմ շատ արատավոր երևույթներ այդպես էլ չվերանայվեցին մեր մշակութային քաղաքականության մեջ, և մենք չկարողացանք պատշաճ մակարդակով ներկայանալ աշխարհին:
Որպես դժվարություն՝ կարող եմ նշել նաև մեր օրենսդիր դաշտի անկատարությունը, թանգարանային օրենքի բացակայությունը, ՊՈԱԿ-ների մասին օրենքը, հարկային դաշտի անկատարությունը, գնումների մասին օրենքը, գանձապետարան կոչված փորձանքը, որ կապեցին մեր գլխին: Այս բոլոր թվարկածները խանգարում են արդյունավետ աշխատել: Բայց մենք դեռ սպասում ենք: Հուսով եմ՝ մեր նախկին կոլեգա Նարինե Խաչատրյանը, որ ներսից գիտի թանգարանների խնդիրները, կբարձրաձայնի դրանք և կփորձի լուծում տալ:
-2018-ին ճանաչվել եք որպես տարվա լավագույն թանգարան: Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
-Մեզ օգնում է Աստված, մեզ օգնում է Սարյանի արվեստի ուժը և բոլոր այն պատրաստակամ մարդիկ, որ սատարում են թանգարանին: Եթե դրսից եկած այցելուն ընդամենը մի քանի ժամ մեզ մոտ լինելով լիցքավորվում է, ապա մենք այդպես լիցքավորված ապրում և աշխատում ենք:
-Իտալացի գրող ու կինոդրամատուրգ Տոնինո Գուերան թանգարանի հուշամատյանում գրել է. «Լինել Հայաստանում ու չայցելել Սարյանի թանգարան, նշանակում է զրկվել տիեզերական լույսից: Շնորհակալ եմ մաեստրո Սարյանին, որ նա իմ մեջ այսօր կրկին արթնացրեց ապրելու ցանկությունը»: Ինչպե՞ս է այս հրաշքը հաջողվում Սարյանին:
-Սարյանը շատ դառը օրեր է ապրել, ունեցել է շատ կորուստներ, բայց դա երբեք չի արտահայտվել նրա արվեստում: Նա իր արվեստը մաքուր է պահել հենց մարդկանց ոգևորելու, ուժ և հավատ փոխանցելու միտումով, ինչն իսկապես աշխատել է: Սարյանն այն բացառիկ նկարիչն էր, որ 1915-ին նկարում էր ծաղիկներ, մրգեր, հայկական պար՝ ցանկանալով օգնել հայ ժողովրդին դուրս գալ համատարած հուսահատ վիճակից: Այդ միտումը տեսանելի է նրա ողջ ստեղծագործական գործուենության ընթացքում: Մեր թանգարան այցելողները գալիս են Սարյանից սովորելու՝ ինչպես հաղթահարել դժվարությունները և ինչպես ապրել երկար: Երբ նրան հարցնում էին՝ ինչո՞վ եք բացատրում Ձեր երկարակեցությունը, ասում էր՝ ես բնության դեմ չեմ մեղանչել...
-Ի վերջո, ինչու՞ գալ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:
-Մի անձրևոտ օր Ավետիք Իսահակյանը, որ հաճախ էր այցելում իր ընկերոջը՝ Մարտիրոսին, տիկնոջ՝ Սոֆիկի հանդիմանությանը, որ դրսում ցուրտ է ու անձրև, պատասխանում է՝ ես գնում եմ Մարտիրոսի մոտ, նրա մոտ միշտ արև է ու տաք. ես այնտեղ կջերմանամ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան պիտի գալ Իսահակյանի օրինակով...
Արփի Խաչատրյան