Հայերեն   English   Русский  

​Գերմանիայում պաշտպանության նոր նախարարին անհամապատասխան թեկնածու են համարում


  
դիտումներ: 196

Գերմանիայի պաշտպանության նոր նախարար է դարձել Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) նախագահ Աննեգրետ Քրամփ-Կարրենբաուերը: Die Welt պարբերականի փոխանցմամբ՝ նրա նշանակումը անսպասելի է դարձել բոլոր քաղաքական ուժերի համար: Գրում է Gazeta.ru-ն:

Թերթը հիշեցնում է, որ երկու շաբաթ առաջ տված հարցազրույցի շրջանակներում 56-ամյա Քրամփ-Կարենբաուերը պարզաբանել է, որ չի ցանկանում լինել կառավարության կազմում: Նա նշել էր, որ նախընտրում է կուսակցության գործերով զբաղվել, քանի որ ՔԴՄ-ում բավականին անելիքներ ունեն:

Գերմանիայի Ազատ Դեմոկրատական կուսակցությունում նրա նշանակումը բացասաբար է ընկալվել: Կուսակցությունում ևս հիշել են Քրամփ-Կարրենբաուերի տրված հարցազրույցը և շեշտել, որ այս նշանակումով կանցլերը և կուսակցությունը ցույց տվեցին, որ Բունդեսվերի գործերը իրենց որևէ կերպ չեն մտահոգում:

«Կանաչների» արձագանքը ևս հոռետեսական է: Կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ անհայտ է, թե ինչն է ստիպել Մերկելին նրան պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել: Բունդեսվերի հետ կապված շատ աշխատանք է տարվում, և առաջիկա ամիսներին նոր նախարարը ստիպված կլինի շատ կարեւոր որոշումներ կայացնել: Հրատարակությունը նշում է, որ մինչ այժմ Քրամփ-Կարրենբաուերը դժվար թե պաշտպանության ոլորտին վերաբերող քաղաքական հայտարարություններով ուշադրության արժանացած լինի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: