Հայերեն   English   Русский  

Գիտությունը Հայաստանում տեղ չունի, այստեղ որոշումները կայացվում են աչքաչափով և պահի թելադրանքով


  
դիտումներ: 3944

Տարեցտարի գիտությանը հատկացվող ֆինանսավորման նվազեցումը, գիտության ոլորտում տեղի ունեցող օպտիմալացումները վաղուց էին հուշում, որ գիտությունը Հայաստանում չի գնահատվում, այստեղ, բնական ռեսուրսներից զուրկ լինելով, չունեն նաև գիտության կարիքը։

Վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցածը ևս մեկ անգամ գալիս է փաստելու այն տխուր իրողությունը, որ գիտությունը Հայաստանում տեղ չունի՝ թե պետական, թե հասարակական մակարդակով։

Ասվածի վառ օրինակը Սևանի շուրջ ստեղծված իրավիճակն է և Սևանի շրջակայքում բիզնես գործունեություն ծավալողների բողոքի ակցիան։ Նրանք պահանջում էին հերքել լուրերը, որ ջուրը թունավոր է, որպեսզի մարդիկ Սևանում հանգստանալու գան։ Եվ, չնայած, գիտականորեն հիմնավորված է, որ ծաղկումը թունավոր է, որ անկախ այն հանգամանքից, ջրիմուռ տեսնում ենք, թե ոչ, նրա արտազատած թույնը ջրում առկա է, պաշտոնյաները ջրում լողացին՝ բավարարելով ցուցարարների պահանջները։

«Բայց Սևանը մաքուր է, ի՞նչ է եղել։ Ճիշտ է՝ մի պահ ես անցնելուց նկատել եմ, որ կանաչ էր, բայց երեկ չէ մյուս օրը անցել եմ՝ լրիվ մաքուր է եղել: Եթե կա բան՝ թող հայտարարեն»,- ասել է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ եթե իշխանությունները քայլեր չձեռնարկեն ցուցարարների պահանջի կատարման ուղղությամբ, ինքն էլ ճանապարհ կփակի։

Նույն տրամաբանությամբ, մեր պետական այրերին կարելի է ճանապարհ փակելով համոզել, որ օդ գոյություն չունի, չէ՞ որ այն չենք տեսնում։ Եվ, վստահաբար, կգտնվեն մարդիկ, որ կասեն, այո, նայում ենք, ոչինչ չի երևում, ուրեմն չկա։

Բայց մեղքն այդքան ցուցարարներինը չէ, որքան պետական ատյանների անգործությանը։ Հունիսի կեսերից քննարկման թոփ թեմաներից մեկը Սևանա լճի ծաղկումն է և հարցը՝ արդյոք թունավոր է Սևանի ջուրը, թե ոչ։ Անցած մեկ ամսվա ընթացքում այդպես էլ չգտնվեց պետական որևէ կառույց, ատյան, որը լաբորատոր փորձաքննությունների վրա հիմնված հայտարարություն կաներ՝ հանրությանը հուզող հարցերին պատասխանելով։ Պատկան մարմինները բավարարվեցին հանրությանն իրազեկելով, որ ծաղկումն առաջացրել են կապտականաչ ջրիմուռները, որոնց թվում կան և թունավոր, և ոչ թունավոր տեսակներ։ Ավելին, պատահականությամբ, թե ոչ, առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ արեց խուսափել կանաչած հատվածներում լողալուց այն բանից հետո միայն, երբ «Անկախը» հրապարակեց Սևանի ջրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականի տվյալներն այն մասին, որ նախորդ տարի ծաղկումը թունավոր է եղել և ամենայն հավանականությամբ, այս տարի էլ ծաղկումը թունավոր է։ Քանի որ Հայաստանում նման ուսումնասիրությունների հնարավորություն չկա, նախորդ տարի գիտնականը միջազգային համագործակցության շրջանակներում արտասահմանում էր լաբորատոր փորձաքննություն իրականացրել։ Անձնական նախաձեռնության մակարդակում այս տարի հետազոտություն չի իրականացվել, իսկ քանի որ տպավորություն է, որ մեր պետական այրերը տեղյակ չեն գիտության և դրա ընձեռած հնարավորությունների մասին, բնականաբար, պետական մակարդակով էլ նման ուսումնասիրություններ չկան։

Ավելին, գործարարների՝ ճանապարհ փակելու ակցիայից հետո Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ ջուրն ինքնամաքրվում է, ինչն ազդակ էր, որ Սևանում լողալն այլևս վտանգավոր չէ։

Մեկ այլ ցավալի հանգամանք ևս․ հանրության արձագանքը առանձնապես չտարբերվեց պետական այրերի արձագանքից։ Գիտնականների ահազանգին ի պատասխան՝ շատ-շատերը մեղադրանքի սլաքներն ուղղեցին նրանց կողմը, թե «գրանտ ստանալու համար են աղմուկ բարձրացնում», «մարդկանց վախեցնում են, որ Վրաստան հանգստանալու գնան» և այսպես շարունակ։ Մարդկանց մտքով էլ չանցավ, որ իրավիճակը պատկան մարմինների տարիներ շարունակ տևած ու ներկայում շարունակվող անգործության, խնդիրներին մատերի արանքով նայելու հետևանք է, որ գոնե հիմա պետք է քայլեր ձեռնարկել, քանի դեռ ուշ չէ։

Հայաստանում ունենք մի ողջ գիտական կենտրոն, որը զբաղվում է հիդրոէկոլոգիայի խնդիրներով։ Տրամաբանական կլիներ, որ խնդիր արձանագրելուց հետո դիմեին գիտության օգնությանը՝ գիտականորեն հիմնավորված լուծման տարբերակներ ունենալու և դրանց իրագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու։ Բայց, արի ու տես, որ ոչ միայն չենք դիմում գիտնականների օգնությանը, այլ հերքում ենք ակնհայտը։ Կամ սահմանափակվում ենք աչքի տեսածով։ Գիտնականներն ասում են, որ նման խնդիրը լուծելու համար տևական ժամանակ, առնվազն տասնամյակներ են հարկավոր, շրջակա միջավայրի նախարարը հայտարարում է, որ ջրի մակարդակը բարձրացնելու շնորհիվ երկու տարում խնդիրը կլուծեն։ Գիտնականներն ահազանգում են, որ ծաղկումը լիճը դեպի ճահճացում է տանում, իսկ պետական ատյաններն այդ ամենը չափազանցություն են համարում՝ հայտարարելով, որ Սևանում ծաղկում դեռ խորհրդային տարիներից է նկատվել, որ կծաղկի էլ, կանցնի էլ։ Գիտնականներն ահազանգում են թունավոր ծաղկման հնարավոր վտանգների մասին, իսկ պետական ատյանները շարունակում են աչք փակել այդ իրողության վրա՝ ծաղկումը նահանջում է, ջուրն ինքնամաքրվում է, իսկ աչքի համար անտեսանելիի մասին, բնականաբար, լռում են։ Տարբեր համայնքներում կովերի անկումն էլ Շրջակա միջավայրի նախարարը հրապարակավ այսպես բացատրեց՝ սատկած կովերի լեշերջ ջրի մոտ են քարշ տվել պետությունից փոխհատուցում ստանալու հույսով։

Այս ամենը տեսնելով՝ հարց է առաջանում, լավ, այսպես մինչև ե՞րբ։ Առանց գիտնականների ու ժամանակակից գիտության, միայն աչքաչափով և պահի հարմարությամբ որոշելով, թե արդյոք թունավոր է Սևանի ջուրը, ինչ բարդության է Սևանա լճի խնդիրը, աչքը շինելու փոխարեն ունքն էլ կհանենք։ Ավելին, երբ մի օր խելքի գանք ու որոշենք գիտնականներին դիմել, հանկարծ կարող է պարզվել, որ Հայաստանում այլևս գիտություն չունենք՝ շնորհիվ երկարատև ու համառ ջանքերի։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: