Հայերեն   English   Русский  

​Գյուղացին ու պետությունը իրար խաբել են, անասուննեը՝ սատկել


  
դիտումներ: 502

Շիրակի մարզում մայիս-հունիս ամիսներին տարբեր գյուղերում ընտանի կենդանիների ու թռչունների անկման դեպքեր են գրանցվել:

Հետազոտություններ էին նշանակվել դրանց պատճառները գտնելու համար: Պարզվել էր՝ կենդանիների մոտ տարբեր հիվանդություններ են եղել, որոնց հիմնական պատճառն էլ ոչ ժամանակին պատվաստումն է եղել:

ՀՀ կառավարության ենթակայության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացնում է որ կենդանատեսակն ինչ հիվանդությունից է սատկել.

- Մարզի գյուղերում խոզերի անկման 1-2 դեպք է եղել՝ աղիքային ինֆեկցիաների հետևանքով, այսինքն, շատ հանգիստ կարող էր սանիտարահիգիենիկ վատ պայմաններից նման ելք լիներ: Հավերի սատկելու մասին՝ դա նյուքասըլ հիվանդությունն է եղել, պատվաստանյութի ուշացման պատճառով: Կովերն էլ խշխշապալար հիվանդությունից են սատկել՝ էլի պատվաստանյութի ուշացման հետևանքով:

Պատվաստանյութ պետությունը գյուղացուն չի տրամադրել, որովհետև քանակը քիչ է եղել. կենդանիների պաշտոնական թիվը չի համապատասխանել իրական թվին: Սա խոսում է մեկ այլ խնդրի մասին՝ գյուղացու ոչ ամբողջ անասնագլխաքանակն է հաշվառվել ու ներկայացվել պատվաստանյութ ստանալու համար: Այս պարագայում մեղավորները շատ են, ըստ տեսչական մարմնի ղեկավարի՝ սա համակարգային խնդիր է.

- Մեղավոր են նրանք, ովքեր անասունի համար կտրում են նպաստները, մեղավոր են գյուղացիները, ովքեր փորձում են իրենց անասունին թաքցնել, մեղավոր են համայնքապետերը, ովքեր գյուղացուն հորդորում են խաբել պետությանը, մեղավոր շատ հանգամանքներ կան, որ ճիշտ հաշվարկներ չեն արվում: Եվ ամենակարևոր խնդիրը՝ կենդանիների համարակալման և հաշվառման բացակայությունն է:

Անկախ նրանից ովքեր են մեղավորները, փաստը մնում է փաստ՝ տարբեր գյուղերում մեկ տնտեսությունը հիվանդության պատճառով կորցրել է 10 և ավելի գլուխ անասուն:

Գալով անասունին թաքցնելու դեպքերին, հավելենք, որ եթե գյուղացին իր հաշվեկշռում ունի գրանցած անասուն, ապա նա զրկվում է ընտանեկան նպաստ համակարգից օգտվելու հնարավորությունից: Մարդիկ հաճախ գերադասում են մորթել անասունին, բայց չզրկվել նպաստից, ինչպես նաև չեն գրանցում իրենց պահած անասունին՝ որ <նպաստը չկտրեն>:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: