Փակագծերը բացելու ժամանակը.
Նաիրի Հոխիկյան,ֆբ գրառում
Այսօր բացում եմ փակագծերը՝ տալով հստակ անուններ և նշելով խնդիրները, որոնցով ավելի թիրախային խոստացել են զբաղվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյաները:
Օրեր առաջ որոշում եմ միկրոավտոբուսով մեկնել Ռուսաստանի Անապա քաղաք: Տոմսը՝ 20.000 դրամ արժողությամբ, հեռախոսազանգով ամրագրում եմ «Հայ տրանս» (գրանցված է «Բարեկամ տուր» անվամբ) ուղևորափոխադրող ընկերությունում՝ պայմանավորվելով նշված օրը մեկնել Երևանի կենտրոնական ավտոկայանից: Մեկնելու օրը զանգահարում են մեկ այլ հեռախոսահամարով և խնդրում գնալ ոչ թե Կենտրոնական ավտոկայան, այլ Երևանի Արտաշիսյան (Ծերեթելի) փողոց:
Նշված վայրում տեղակայված է «Սառա տուր» անվամբ ուղևորափոխադրող ընկերություն, որի տնօրեն Վարդան Հովսեփյանն ասում է, որ ես, պարզվում է, իրականում ոչ թե «Հայ տրանս»-ում եմ տոմս ամրագրել, այլ իրենց մոտ: Ավելորդ վիճաբանությունից խուսափելու համար, այնուամենայնիվ, վճարում եմ գումարը, որի դիմաց տվյալ կազմակերպության տնօրենը խոստանում է ավելի ուշ տալ տոմսը: Նստում եմ Mercedes vito մակնիշի 8 տեղանոց մինիվեն և այլ ուղևորների հետ մեկնում: Երևանից դուրս չեկած՝ մեքենայի փոխանցման տուփը շարքից դուրս է գալիս: Վարորդի հետ ավելի քան 4 ժամ սպասում ենք փողոցում, մինչև գալիս է մեկ այլ նմանատիպ մինիվեն՝ տեխնիկապես ավելի վատ վիճակում, վարորդն էլ ակնհայտ վատ վերաբերմունք է ցուցաբերում ուղևորների նկատմամբ:
1200 կմ ձգվող ճանապարհի անվտանգության երաշխիք չունենալով՝ վերադառնում եմ «Սառա տուր» ընկերության գրասենյակ և տնօրեն Վարդան Հովսեփյանից պահանջում վերադարձնել վճարված գումարը՝ ներկայացնելով սպասարկող ընկերության թույլ տված խախտումները: Պարզվում է՝ ոչ մի ընկերություն էլ չկա, գրանցված է ԱՁ, իսկ «Սառա տուր»-ը ոչ մի տեղ գոյություն չունեցող անուն է:
Վարդան Հովսեփյանը հրաժարվում է վերադարձնել գումարը՝ ասելով, թե ինքը «սպեցնազի» աշխատակից է և ոչ մի խնդիր չունի, ավելին, ունի «տանիք» կառավարությունում: Չենթարկվելով սպառնալիքներին՝ փորձում եմ կապվել պետական կառույցների հետ օրենքի դաշտում խնդիրը լուծելու համար: Պարզվում է՝ լիազոր մարմին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թեժ գիծը գործում է մինչև ժամը 18:00-ը: Ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ հաստատելով՝ փորձում եմ խնդիրը հարթել բացառապես օրենքի դաշտում: Ոմանք առաջարկում են հաշտվել իրողության հետ և մեկնել տվյալ ոչ օրինական գործող ընկերության մեքենայով, ոմանք խոստանում են հաջորդ առավոտյան հեռախոսահամար փոխանցել, ոմանք էլ՝ ստուգել տվյալ ընկերության գործունեության դաշտը:
ի վերջո, ես ինձ հասանելի ռեսուրսներով լուծում եմ խնդիրը՝ միաժամանակ Ռուսաստանի ճանապարհին տեսնելով, թե ինչ անմխիթար վիճակում են Հայաստանից մեկնող մինիվենները՝ գերմաշված անիվներ, հրդեհավտանգ էլեկտրահաղորդալարեր, տարիներ շարունակ որևէ իրական տեխզննում չանցած: Վարորդներից պարզում եմ, որ ուղևորափոխադրող ընկերությունները միմյանց «ուղևոր են վաճառում»: Այսինքն, ես տոմս ամրագրել եմ «Հայ տրանս» ընկերությունում, սակայն առանց իմ համաձայնության փոխանցվել եմ «Սառա տուր» ուղևորափոխադրողին:
Վարորդները օրեր շարունակ մեքենաների ղեկին են՝ առանց հանգստի, ինչը վթարների թիվ մեկ պատճառն է: Ռուսաստանում հայկական մինիվենները հիմնականում խուսափում են պարտադիր կարճաժամկետ ապահովագրությունից՝ գերադասելով 100-200 ռուբլի վճարել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին՝ որպես կաշառք: Այդ կերպ հայկական պետհամարանիշներով մինիվենները ոչ միայն ապահովագրված չեն լինում հնարավոր վթարների դեպքում, այլև հայ ուղևորների կյանքն ու առողջությունը ակնհայտ վտանգի է ենթարկվում:
Վերևում ես անդրադարձա մեկ մասնավոր դեպքի, սակայն դրանք բազմաթիվ են և ամենօրյա:
Դիմում եմ նախ լիազոր մարմնին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (Armen Simonyan).
1. Երևանում և ՀՀ մարզերում բազմաթիվ են մինիվեններով Վրաստան և ՌԴ ուղևորափոխադրում կատարող ընկերությունների գովազդներ՝ պաստառներ փողոցներում, հայտարարություններ Facebook-ում և List.am-ում՝ կից հեռախոսահամարներով և հասցեներով: Փոխնախարար Արմեն Սիմոնյանն ասում է՝ մինիվեններով միջպետական ուղևորափոխադրումն անօրինական է: Հետևաբար նման հրապարակային գովազդը բավարար է տվյալ ընկերությունների կամ ԱՁ-ների անօրինական ու վտանգավոր գործունեությունը կասեցնելու կամ կանոնակարգելու համար:
2. Նախարարության թեժ գծի հեռախոսահամարը դարձրեք ավելի հասանելի և ավելի երկարատև գործող, որպեսզի կեսգիշերին ճանապարհին մնացող կամ ուղևորափոխադրող ընկերության կողմից խաբված մարդը կարողանա ուղիղ կապ հաստատել ձեզ հետ:
3. Սահմանային անցակետերում լավ են ճանաչում ամեն օր տվյալ հատվածով անցնող մինիվեններին և դրանց վարորդներին: Դժվար չէ համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ և ստացված օպերատիվ տվյալներով բացահայտել օրենքից ու հարկային պատասխանատվությունից խուսափող ուղևորափոխադրողներին:
Հարց ՀՀ ոստիկանությանը (Ashot Aharonyan), ձեր համակարգում կա՞ արդյոք Վարդան Հովսեփյան անունով աշխատակից, որը զբաղվում է անօրինական ուղևորափոխադրումներով և կարող է իրեն իրավունք վերապահել սպառնալ ուղևորներին և ասել, որ կառավարությունն իր «տանիքն» է:
ՀՀ ոստիկանության բարի համբավն արատավորելը ևս հանցանք է: Ես չենթարկվեցի սադրանքի՝ իմ մասնագիտական կարողությունների շնորհիվ, մինչդեռ բազմաթիվ են շարքային քաղաքացիներ, որոնք վախենում են այդպիսի ստահոդ սպառնալիքներից և միաժամանակ բացասական պատկերացում կազմում ՀՀ պետական մարմինների մասին: