Հայերեն   English   Русский  

Ասում ենք վերջին անգամ՝ Սանիթեք ընկերությունը կապ չունի նախկին իշխանությունների հետ. ընկերության ներկայացուցիչ


  
դիտումներ: 334

«Սանիթեք» ընկերությունը ենթարկվում է սաբոտաժի, քաղաքապետարանը միայն վիրավորական հայտարարություններ է անում ընկերության հասցեին, իշխանությունները հայտարարում են, որ պատրաստվում են խզել ընկերության հետ պայմանագիրը, հայտարարում են, որ ընկերությունը կապ ունի նախկին իշխանությունների հետ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին «Սանիթեք» ընկերության ներակայացուցիչները:

«Սանիթեք»-ի աշխատակիցը հիշեցրեց ներկա իրավիճակի նախապատմնությունը. «Ընկերությունը համաձայնել էր նոր ներդումներ անելու քաղաքապետարանի առաջարկին, սակայն 3 պայմանով, որ քաղաքապետարանը չի խզելու պայմանագիրը, աջակցելու է մեքենաների գնման հարցում, բարելավելու է Նուբարաշենի աղբավայրի վիճակը, որպեսզի ներդումներն իմաստ ունենան: Սակայն քաղաքապետարանը դրան չէր պատասխանել, իսկ հետո ԶԼՄ-ներից հայտնի դարձավ, որ պատրաստվում են աղբահանության նոր օպերատորի ներգրավել: Բազմաթիվ նամակներ, առաջարկներ ենք ուղարկել, բայց դրանք անպատասխան են մնացել: Անգամ վարչապետին ենք դիմում ուղարկել, որն անպատասխան էր մնացել և ուղարկվել էր քաղաքապետարան»:

Ընկերության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ ընկերության դեմ սաբոտաժ է իրականացվում. աղբամաններն անհետանում են կամ այրվում: Որպես ապացույց ներկայացրեց տեսանյութ, որտեղ քաղաքացին կանխամտածված այրում է աղբամանը:

«Տեսել եք, թե որքան աղբ կա կուտակված այդ այրվող աղբամանի կողքին, ինչու՞ ընկերությունը չի հեռացնում այդ աղբը և մեղադրում է քաղաքացուն այրելու համար»,-հարցրին լրագրողները, սակայն հարցը մնաց անպատասխան:

Ըստ ընկերության ներակայացուցիչների այն պնդումները, որ երկրորդ օպերատոր է անհրաժեշտ, անտեղի է, քանի որ նախորդ տարիներին ընկերությունը բարեհաջող իրականացնում էր իր պարտականությունները: Այն հարցին, թե ինչն էր պատճառը, որ հենց 2018 թվականի իշխանափոխությունից հետո ընկերությունը սկսեց վատ աշխատել և խնդիրներն ավելացան, Սանիթեքի ներկայացուցիչներն ասացին, որ դեպքերը պարզապես զուգադիպել են:

«Ոչ մի կապ չկա հեղափոխության և ընկերության ներկա սուղ միջոցների միջև: Այն խոսակցությունները, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընկերությունն է աջակցել նախորդ տարիներին մեզ և նրա հեռանալով հնարավորությունները կրճատվել են, պարզապես ծիծաղելի են: Հեշտ է ստուգել, թե մեքենաներն ում են պատկանում: Եվ նույնքան հեշտ է ստուգել, թե ովքեր են ընկերության սեփականատերերը: Տարոն Մարգարայնի հանդեպ հարգանքով հանդերձ՝ նա ընկերության հետ ոչ մի կապ չունի: Պարզապես այդ ժամանակ Երևանի քաղաքապետն էր»:

Ընկերության ներկայացոցիչները հավաստիացրին, որ իրենք արտասահմանյան ընկերություն են, որը Հայաստանում գործում է 4.5 տարի: Սեփականատերերը Լիբանանից և Կանադայից են և նախկին իշխանությունների հետ ոչ մի կապ չունեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: