Հայերեն   English   Русский  

Առաջարկում եմ օգոստոսի 11-ը հռչակել համազգային համերաշխության օր. Սերգեյ Բագրատյան


  
դիտումներ: 220

Առաջարկում եմ օգոստոսի 11-ը հռչակել համազգային համերաշխության օր, քանզի այսօր, առավել՝քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնություն և համերաշխություն: Հայը վերջապես մի օր պետք է ձևավորի համազգային օրակարգ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Պատգամավորը մասնավորապես գրել է.

«Մինչև սույն թվի օգոստոսի 20-ը կարող եք ուղարկել ձեր առաջարկություններն իմ ֆեյսբուքյան էջին,որից հետո ես օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգամ: Սիրով սպասում եմ ձեր առաջարկներին:

Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն։ Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը։

Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոն: Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում: Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը:

Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին։

Պատմական Հայաստանում Նոր տարին կրում էր համաժողովրդական բնույթ, որին մասնակցում էին ամբողջ ազգի ներկայացուցիչները։ Այդ տոնը նշվում էր նախ Բագավանում և ապա Աշտիշատում։ Այդ տեղերում տարեմուտին, նավասարդ ամսի սկզբին մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում։

Նավասարդի օրերին Բագավանը հանդիսավոր տեսք էր ստանում։ Տոնակատարությանը ներկա էր լինում թագավորն իր շքախմբով։ Դուրս էր բերվում նաև բանակը։

Պատմում են, որ մինչև հարյուր քսան հազար զինվորականներ էին մասնակցում։ Այդ օրը Արածանիի ափին կարելի էր տեսնել գույնզգույն վրաններ, գետափն ստանում էր վրանաքաղաքի տեսք՝ տարածվելով դաշտերի և բլուրների վրա։ Վրանների մեջ շքեղագույնն էր ոսկեդիպակ վրանը, որը թագավորինն էր, ապա աչքի էին զարնում նախարարների վրանները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ էին։ Ուխտավորների բազմության մեծ մասը ժամանակը անց էր կացնում ծառերի տակ.....»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: