Հայերեն   English   Русский  

Գոռ Երիցյան. «ԱՄՆ-ում տարբերվում են թե՛ մենամարտերը, թե՛ մրցակիցները, թե՛ մարզումները»


  
դիտումներ: 1601

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանի մուտքն ամերիկյան ռինգ նշանավորվեց հերթական տպավորիչ հաղթանակով:


Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում կայացած 8-ռաունդանոց մենամարտի 5-րդ ռաունդում հայազգի բռնցքամարտիկը պարտության մատնեց 31-ամյա ամերիկացի Դերիոն Չեպմանին`11-րդ հաղթանակը տոնելով պրոֆեսիոնալ ռինգում:
Անկախի հետ զրույցում Գոռը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և ամերիկյան ռինգի գրավչությունների մասին:


-Շնորհավորում ենք հրաշալի անցկացրած մենամարտի և հաղթանակի կապակցությամբ:


-Շնորհակալ եմ: Մենամարտից առաջ շատ լավ նախապատրաստական շրջան եմ անցել: ԱՄՆ-ի “Wild Card Gym” ակումբում շուրջ 3 ամիս ծանրաբեռնված մարզումներ եմ անցկացրել փորձառու մարզիչ Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ:
Լավ մարզավիճակում էի գտնվում: Ուրախ եմ, որ ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես պլանավորել էինք:


-Մենամարտի ընթացքում ոչ մի հնարավորություն չտվեցիք Ձեր հակառակորդին. մրցակիցը 3-րդ ռաունդում հուժկու հարվածների տեղատարափից 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին: Ծանո՞թ էիք մրցակցին:

Գոռ Երիցյան 2019

Մրցակցիս մասին իմացել եմ մենամարտից ընդամենը 2 օր առաջ, մինչ այդ 4 հակառակորդ էր փոխվել: Սակայն այդ կարճ ժամանակահատվածն էլ բավական էր նրա գործելաոճին ծանոթանալու համար: Առաջին իսկ ռաունդից նախաձեռնությունն ինձ վրա վերցրի: 5-րդ ռաունդում հակառակորդս հրաժարվեց շարունակել պայքարը:


-ԱՄՆ-ում առաջին անգամ մենամարտեցիք: Ի՞նչ տպավորություններ ունեք:


-Իսկապես ԱՄՆ-ն բռնցքամարտի երկիր է: Այնտեղ ամեն բան տարբերվում է: Շոուներն իրենց դիտարժանությամբ ու կազմակերպվածությամբ բացառիկ են, տարբերվում են թե՛ մենամարտերը, թե՛ մրցակիցները, թե՛ մարզումները, թե՛ սպարինգները:
Դահլիճից հանդիսատեսի ոգևորությունը հաստատապես փոխանցվում է: Բազմաթիվ ռինգերում եմ հանդես եկել և չեմ կարող համեմատել որևէ մեկի հետ:


-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք: Ե՞րբ կկայանա հաջորդ մենամարտը:


-Այս հաղթանակը մեծ վստահություն հաղորդեց: Սա կարևոր էր նրանով, որ առաջին անգամ էի մենամարտում ԱՄՆ-ում: Արդեն իսկ ռինգում զգացի ամերիկյան պրոֆեսիոնալ բռնցքամարտ ասվածը: Հաստատապես գիտեմ, որ մյուս մենամարտերն ավելի հանգիստ և առանց ավելորդ լարվածության կանցկացնեմ:
Առաջիկա մենամարտս հավանաբար կկայանա Նյու Յորքում նոյեմբերի 2-ին: Ես մեկ ամիս Հայաստանում կլինեմ, այնուհետև ԱՄՆ-ում կսկսեմ նախապատրաստվել մենամարտին:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: