Ես չեմ հասկանում Քննչական կոմիտեն «Լիդիան»-ի փաստաբա՞նն է, թե՞ ով. Լևոն Գալստյան
«Քննչական կոմիտեն իր կայքում հրապարակում է իր վերլուծություններն ու գնահատականները արված ուսումնասիրությունների վերաբերյալ, որն իր գործառույթից դուրս է, քրեական գործի սահմաններից նույնպես դուրս է: ՔԿ-ն ինչի՞ հիման վրա է որոշում ինչ-որ բան գնահատել, վերլուծել կամ քննարկել արված գիտական հետազոտությունների վերաբերյալ:
Երկրորդ, քիչ առաջ տեսա՝ հրապարակում է «Լիդիան»-ի առարկություններն ու պատասխանները վերջին փաստաթղթերի վերաբերյալ: Ես չեմ հասկանում՝ Քննչական կոմիտեն «Լիդիան»-ի փաստաբա՞նն է, թե՞ ով է: «Լիդիանն» առարկություն ունի, թող իր կայքում հրապարակի: Էդ նույն բանն է, որ մեր առարկություններն էլ հիմա հրապարակվեն Քննչականի կայքում: Մենք էլ ենք բազմաթիվ առարկություններ գրել ու պաշտոնապես ներկայացրել: Թե՞ «Լիդիանն» առանձին իրավունք ունի իրենց կայքում հրապարակելու: Ո՞վ է ձեզ խնդրել իրենց առարկությունները լսեք ու քննարկեք, ապա հրապարակեք:
Երրորդ, մինչեւ վերջնական ուսումնասիրությունների արդյունքները հրապարակելը, պարզվեց, որ 3-4 անգամ «Լիդիանի» հետ էլի քննարկումներ են եղել: Սա ուղղակի անթույլատրելի գործընթաց է, որ իրականացրել է Քննչական կոմիտեն: Ես ուզում եմ հասկանալ՝ քրեական գործի շրջանակներում փորձաքննություն պահանջած իրավապահ մարմինն ինչո՞ւ պետք է լսի շահագրգիռ կողմի առարկությունները, բացատրությունները, հիմնավորումները»,-ասաց բնապահպանը:
Նա տարակուսելի է համարում, որ ՔԿ-ն «Լիդիանի» հետ սկսում է քննարկել էկոլոգիական վտանգները մեղմելու միջոցառումների պլանների իրատեսությունը, եւ պայմանավորվածություններ է ձեռք բերում, թե «Լիդիանը» ինչը կատարի, ինչը չկատարի. «Եթե ՔԿ-ն բոլոր հարցերով զբաղվում է, փակենք մյուս նախարարությունները, թող ինքը զբաղվի բոլոր հարցերով»:
Բնապահպանը հարցը համարում է լուրջ եւ տեղեկացնում, որ դիմում են ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարին, որ նա նոր ի հայտ եկած էկոլոգիական հանգամանքների հիման վրա ուժը կորցրած ճանաչի 2016թ-ին տրված փորձագիտական եզրակացությունը:
«Դրա համար կան բոլոր իրավական հիմքերը: Նույնը փոխանցել ենք դատախազությանը: Նույնը փոխանցել ենք Քննչական կոմիտեին: Քննչական կոմիտեին էսօր փոխանցել ենք նաեւ դիմում, որ ինքը պարտավոր է հրապարակել բոլոր էն փաստաթղթերը, որոնք եղել են մինչեւ այս վերջնական արդյունքների հրապարակումը»,-ասաց նա՝ հավելելով, որ հետամուտ են լինելու մինչեւ այդ ինֆորմացիան հասանելի դառնա հանրությանը:
Լեւոն Գալստյանը նշեց, որ ճիշտ չեն պնդումները, թե չկան օրենսդրական հիմքեր, որպեսզի փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչվի. «Մենք ներկայացրել ենք այդ օրենսդրական հիմքերը երեկ»: