Հայերեն   English   Русский  

Նիդեռլանդներում նիքաբով կնոջը վռնդել են ավտոբուսից


  
դիտումներ: 317

De Telegraaf պարբերականի փոխանցմամբ՝ հոլանդական Սթեյն քաղաքում նիքաբով կնոջ պատճառով (մուսուլման կանանց հագուստ՝ աչքերի հատվածում բացվածքով) ավտոբուսի վարորդը դադարեցրել է երթևեկությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, տղամարդը երկու անգամ խնդրել է կնոջը ցույց տալ իր դեմքը կամ լքել տրանսպորտամիջոցը: Կնոջը հանգիստ համոզելուց և մերժվելուց հետո նա զանգահարել է ոստիկանություն: Իրավապահների հետ հանդիպման արդյունքում ուղևորն ինքնակամ լքել է ավտոբուսը:

Arriva տրանսպորտային ընկերության ներկայացուցիչները բացասական են արձագանքել ավտոբուսի վարորդի գործողություններին: Համաձայն կազմակերպության կանոնների, վարորդը կարող է նիքաբով կնոջը խնդրել լքել ավտոբուսը, բայց նա իրավունք չունի հետաձգել տրանսպորտամիջոցի ընթացքը, քանի որ հասարակական տրանսպորտը պետք է աշխատաի ժամանակացույցով:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից Նիդեռլանդներում ուժի մեջ է մտել դպրոցներում, հասարակական տրանսպորտում, հիվանդանոցներում և կառավարական հաստատություններում դեմքը փակող հագուստ կրելու արգելքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դանիայում առաջին անգամ նիքաբ կրող կնոջ են տուգանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: