Հայերեն   English   Русский  

ՍԴ-ում քննարկվելիք դիմումն ավելի շատ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին, քան Մարտի մեկի գործին. Հայկ Ալումյան


  
դիտումներ: 239

Այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ օգոստոսի 29-ին ՍԴ-ում քննարկվելիք դիմումն ավելի շատ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին, քան Մարտի մեկի գործին։

«Այն, ինչ քննվելու է օգոստոսի 29–ին ավելի նեղ խնդիր է, իսկ այն, ինչ Վենետեիկի հանձնաժողովում և Եվրոպական դատարանում կքննարկվի , դա գլոբալ ազդեցություն կունենա գործի վրա»,–ասաց նա։

Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ի գրավոր ընթացակարգով կքննի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Երկորրդ նախագահը բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Ալումյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի զինված ուժերից բացի 2008–ի մարտյան իրադարձությունների ժամանակ որևէ այլ զինվորական չի մասնակցել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Այս հանգամանքը ապացուցելու համար դռնփակ դատական նիստ տեղի ունեցավ և մենք ապացուցեցինք և դատախազությունն ընդունեց, այն ինչ մենք ասացինք, պարզապես կան բաներ, որոնք ես իրավունք չունեմ ասելու։ Հայաստանի զինված ուժերի զինծառայողներից բացի որևէ այլ զինծառայող չի ներգրավվել և մասնակցել այդ իրադարձություններին»,–հայտարարեց Ալումյանը։

Երկրորդ նախագահի պաշտպանի պնդմամբ՝ Մարտի մեկի իրադարձությունները զանգվածային անկարգություններ էին.

«Աակայն արդյոք այդ անկարգությունները սպառնում էին երկրի անվտանգությանը, թե՝ ոչ, գնահատում է Հանրապետության նախագահը՝ Սահմանադրությամբ»,–ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ հիմքեր կային ենթադրելու, որ ցուցարարները սպառնում էին երկրի ներքին անվտանգությանը, փաստաբանը պատասխանեց.

«Երբ ցույցերի ժամանակ անընդհատ հնչում է, որ մենք պետք է կազմաքանդենք այս իշխանությունները, իսկ զինված ուժերում աշխատանք էր տարավում, որպեսզի զինվորականներ անցնեն ցուցարարների կողմը, նշանակում է, որ այդ վտանգը թվացյալ չէր, այլ առկա էր իրական սպառնալիք»,–ասաց Ալումյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: