Հայերեն   English   Русский  

Գագիկ Խաչատրյանին դեռ չեն ձերբակալել, սակայն խուզարկությունից հետո նրան բերման կենթարկեն. Արթուր Վանեցյան


  
դիտումներ: 166

Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություններ է անցկացնում ինչպես Գագիկ Խաչատրյանին, այնպես էլ նրա մերձավորներին պատկանող տներում, գրասենյակներում:

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ԱԱԾ ուժերը խուզարկություններ են սկսել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակելի և գրասենյակային տարածքներում:

Վանեցյանը տեղեկացրեց, որ Գագիկ Խաչատրյանին դեռ չեն ձերբակալել, սակայն խուզարկությունից հետո նրան բերման կենթարկեն ԱԱԾ:

«Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվելու առանձնապես խոշոր չափերի գումար վատնելու և պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներակայացվի, հետո կլրացվի այլ հոդվածներով»,-ասաց Վանեցյանը:

Խոսելով խուզարկության մասին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ նախաքննության գաղտնիքից ելնելով խուզարկության հետ կապված ոչինչ չի կարող ասել:

Այն հարցին, թե ինչու՞ Խաչատրյանի նկատմամբ նախկինում սկսված հետապնդումը միայն հիմա է շարունկավում, Վանեցյանն ասաց. «ԱԱԾ-ն պատվերով կամ որևէ մեկի ցանկությամբ այս կամ այն անձին որևէ դեպքում չի ձերբակալում, կամ որևէ գործողություն չի իրականացնում: Երկարատև աշխատանքի արդյունքում հավաքվել են ապացույցներ, որոնք էլ թույլ են տվել, որ մենք այսօր իրականացնենք այս գործողությունները»:

Չնայած Վանեցյանը հստակ չասաց, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը, բայց նկատեց, որ տասնյակ միլիոնավոր դոլարների վատնում է արվել Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում: Իսկ թե վերջինիս մերձավորներից էլ ո՞վ է ներգրավված գործի շրջանականերում, Վանեցյանը միայն մեկի անունը տվեց:

«Գործով ներգրավված է նաև Կարեն Խաչատրյանը, որ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման օրոք ՊԵԿ-ում էր աշախատում: Նա էլ է այսօր բերման ենթարկվելու: Քննչական դեպարտամենտում քննիչները նրանց կարգավիճակը կորոշեն, իսկ 72 ժամվա ընթացքում մեղադրանք կառաջադրվի»,-նշեց Վանեցյանը:

Նշենք, որ Կարեն Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի եղբոր որդին է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: