Հայերեն   English   Русский  

Գագիկ Խաչատրյանն ունի՞ առեղծվածային հարստություն


  
դիտումներ: 434

Երեկ՝ օգոստոսի 27-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտից խուզարկություն էին իրականացնում ՀՀ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա մերձավորներին պատկանող գրասենյակային և բնակելի տարածքներում:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ խուզարկություններ են կատարվել նաև Ծաղկաձորում գտնվող Խաչատրյանի առանձնատանը:

Երեկ երեկոյան խուզարկությունն ավարտելուց հետո ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Խաչատրյանին ու նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին բերման ենթարկեցին: Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկելուց 72 ժամ հետո մեղադրանք է առաջադրվելու իր պաշտոնավարման ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Վանեցյանը նաև նշեց, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է:

Գագիկ Խաչատրյանը 1996 թ.-ից աշխատել է պետական ոլորտում՝ զբաղեցնելով պետական պաշտոններ: 2001- 2008 թթ.եղել է ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ, 2008 թ. օգոստոսի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ, իսկ դրանից հետո 2014 թ. ապրիլի 26-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:

Տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում ոչ միայն հայկական, այլ նաև արտասահմանյան մամուլում հաճախ է շրջանառվել լուրեր՝ Խաչատրյանի հսկայական ունեցվածքի մասին: Ըստ լուրերի՝ Գագիկ Խաչատրյանի կարողությունը հասնում է առասպելական չափերի՝ ընդգրկելով հայաստանյան տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, ինչպես նաև արտասահմանյան բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ օֆշորային:

Գագիկ Խաչատրյանը վերջին 15 տարում հանդիսանում է Հայաստան ներմուծվող շոկոլադ ներկրողներից։ Նրան է պատկանում Հայաստան ներկրվող ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքատեսակների մենաշնորհը: 2011 թ.-ին Գագիկ Խաչատրյանը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, 200 միլիոն Եվրո ընդհանուր գումարով գնել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադե գործարանը։ Վաճառքի գումարի 48 միլիոն եվրոն վճարել է կանխիկ, իսկ մնացածը՝ բանկային փոխառությամբ։ Գործարանը պաշտոնապես գրանցված է Գ. Խաչատրյանի որդիներից մեկի անունով։ Հենց այս գործարանում է արտադրվում Հայաստանի մեծահարուստների մոտ հայտնի «Մոցարտ» շոկոլադները:

Ըստ պաշտոնական հայտարարագրի՝ 2015-ին Խաչատրյանի միակ եկամտի աղբյուրը եղել է իր նախարարի աշխատավարձը, միևնույն ժամանակ ունեցվածքը կազմել է 2.35 միլիոն դոլար:

Դրանից առաջ՝ 2010 թվականաին, լրատվամիջոցները գրեցին այն մասին, որ Խաչատրյանի որդիները շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում 11 միլիոն դոլարով, մեկ տարի անց այն վաճառել են գրեթե 19 միլիոն դոլարով:

Գագիկ Խաչատրյան

Լրատվամիջոցների աչքից չէր վրիպել նաև Խաչատրյանի ընտանիքին պատկանող շքեղ առանձնատունը Ծաղկաձորում՝ 12 հա անտառային տարածքի վրա են տեղակայված: Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի հարևանությամբ գտնվող այս առանձնատունն ու կառույցները ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին են պատկանում: Համաձայն կադաստրային փաստաթղթերի` 2016թ. սեպտեմբերից Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող 0.5 հա հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Անժելա Խաչատրյանին: 22-ամյա Անժելա Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի դուստրն է: Իսկ դրանից առաջ այն պատկանել է Հայկ Խաչատրյանին: Վերջինս էլ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է: Ավելի քան 2 հա տարածք էլ` Խաչիկ Մուրադյան 18 հասցեի ներքո, սեփականության իրավունքով պատկանում է Գագիկ Խաչատրյանի կնոջը` Լաուրա Եփրեմյանին:

Ըստ շրջանառվող լուրերի, Խաչատրյանին են պատկանել «Մեգա ֆուդ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ապեյրոն», «Ալյանս տերմինալ, «Խրոնոգրաֆ», «Նոր Զովք», «Սանտաֆե» խանութների ցանցը։ Ի դեպ, «Մեգա ֆուդ»-ն ավելի քան 30 ապրանքանիշերի ներկայացուցիչն է Հայաստանում:

ՊԵԿ նախագահ լինելու տարիներին նրան էին պատկանում Եղվարդ-Երևան 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը։ Նա մինչ Երևան տեղափոխվելը Եղվարդում է ապրել եւ այնտեղ հսկայական ջերմոցներ ուներ և ոչ միայն այնտեղ: Նա ջերմոցներ ուներ նաև Եղվարդի հարևանությամբ գտնվող Նոր Գեղիում:

Նշենք նաև, որ Արթուր Վանեցյանը երեկ հայտարարեց, որ Խաչատրյանի որդիների վերաբերյալ բավարար ապացույցներ չկան՝ նրանց նկատմամբ հետապնդում սկսելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: