Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին նախագիծը
և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.-ի ապրիլի 19-ին, և ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Համաձայնագրի միջոցով Պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով:
Մինչ այս Համաձայնագրի կնքումը Հայաստանի Հանրապետությունը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ: Այս համաձայնագիրը, հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` Կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում:
Համաձայնագրի 20-րդ հոդվածի համաձայն. «Չխախտելով սույն Համաձայնագրի ուղղակի կիրառելիությունը` անդամ պետության կամ Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանը և անդամ պետությունը կազմում են կիրարկող արձանագրություն, որը նաև կարգավորում է, ի թիվս այլ հարցերի, հետևյալը՝
ա) իրավասու մարմինների նշանակումը, սահմանային անցակետերին և կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը,
բ) ուղեկցությամբ վերադարձի պայմանները` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցումը,
գ) միջոցները և փաստաթղթերը՝ ի հավելումն Համաձայնագրի 1-4-րդ հավելվածներում թվարկվածների,
դ) հետընդունման ձևերը` արագացված ընթացակարգերի ներքո,
ե) հարցազրույցների ընթացակարգը»։
Հարկ է նշել, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկում, ի թիվս այլ առանցքային հարցերի, ԵՄ կողմից կարևորվում է Հայաստանի Հանրապետության կողմից պատրաստակամությանը` ԵՄ երկրներում անկանոն կարգավիճակում գտնվող իր քաղաքացիների վերադարձի աջակցության հարցում:
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում վերադարձի, այդ թվում՝ հետ ընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի կիրարկման գործընթացը հաջող իրականացնելու ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թուլտվության բնակվող անձանց հետ ընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակներում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ-ին ստացվել են 1446 ռեադմսիոն հայցեր՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թվականին ստացվել են 1030 հայցեր՝ 2045 անձանց մասին։ Հարկ է նշել, որ ռեադմիսիոն հայցեր ուղարկող առաջատար երկիրը՝Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է։