Հայերեն   English   Русский  

Դանակահարություն՝ալկոհոլի ազդեցության տակ. մեղադրանք է առաջադրվել Երևանի 32-ամյա բնակչին


  
դիտումներ: 223

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի վարչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի՝ 21-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի մայիսի 30-ին, Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում գտնվող սուպերմարկետին հարակից կանգառում, Երևանի՝ 32-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կանգառում կանգնած աղջկա հասցեին, որի ընթացքում 21-ամյա երիտասարդի՝ կարգի հրավիրելու՝ իրեն ուղղված դիտողությունը ցավագին ընդունելով, նրանից վրեժ լուծելու չնչին առիթով, խուլիգանական դրդումներով, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հայհոյանքներ տալով, իր մոտ գտնվող սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է 21-ամյա երիտասարդի կրծքավանդակին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո հեռացել է նշված վայրից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի՝ 1987թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: