Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 872

Շաբաթը բացառիկ էր, սկսվեց տոնակատարությամբ, հայությունը նշում էր Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձը:

Ստեփանակերտում էր Հայաստանի քաղաքական ընտրանին՝ պաշտոնյաներ, պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ։ Արցախի նախագահը և հյուրերը Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղիկներ դրեցին Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին: Իսկ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվեց ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցադրություն:

Ոչ այնքան տոնական սկսվեց նոր ուսումնական տարին: Այս տարի ևս արձանագրվեց այն փաստը, որ որոշ համայնքներում դպրոցները փակման եզրին են. աշակերտ չի մնացել: Գեղաքարի դպրոցը, օրինակ, ուսումնական տարին սկսեց մի աշակերտով: Անցած տարի նման մի դպրոց կար Սյունիքի մարզում:

Իսկ տնտեսագիտական համալսարանում ուսումնական տարին սկսվեց դասադուլով: Մի խումբ ուսանողներ պահանջում էին օրեր առաջ հեռացած ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վերադարձը: Հայտնի է, որ Ռուբեն Հայրապետյանը ստիպված եղավ հեռանալ, քանի որ իր դեմ բողոքող դասախոսները բացահայտեցին իր դոկտորական ատենախոսությունում գրագողության փաստը: Ի պատասխան նրա կողմնակից ուսանողներն էլ բացահայտեցին, որ ներկայիս ռեկտորի պաշտոնակատար, դոկտոր Դիանա Գալոյանը նույնպես գրագող է: Եվ ինչն է ուշագրավը, երկու գրագողներից ուսանողները նախընտրում էին Ռուբեն Հայրապետյանին, քանի որ, ըստ նրանց, նա բարեփոխում էր բուհը: Փաստորեն, եթե մարդն անում է այն, ինչ իրենք են ուզում, բնավ կարևոր չէ՝ գրագող է, թե ոչ: Ահա սա է մեր ապագա տնտեսագետների բարոյական և մասնագիտական հավատամքը:

Երեքշաբթի Սահմանադրական դատարանը վերջապես քննում էր Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ իր նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության վերաբերյալ: Լարված իրավիճակ էր և՛ դատարանի ներսում, և՛ դատարանի բակում, որտեղ բողոքի ցույց էին անում Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակորդները:

Ըստ հաջորդ օրը հրապարակված որոշման՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը սահմանում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածը խափանման միջոց կիրառելու հիմքերի վերաբերյալ ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող: Քոչարյանի փաստաբանների մեկնաբանության համաձայն՝ սա նշանակում է, որ մինչ օրս Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվել ապօրինի և նրա նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինի: Հետևաբար Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: Թե իրականում ինչպես կավարտվի «դարի դատավարությունը» և կավարտվի առհասարակ, կերևա այս շաբաթ, քանի որ որոշումը պետք է կայացնի դատարանը:

Իսկ Հայաստանի դատական իշխանությունը, ինչպես գիտենք, ներկայումս դժվարին ընտրության առջև է: Դա ևս մեկ անգամ հաստատվեց չորեքշաբթի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրավիրած մամլո ասուլիսում: Ի պատասխան լրագրողների հարցին նա հայտարարեց, որ իրեն իշխանահաճո կադր չի համարում։ Բայց հարցրին, թե ինչու ԲԴԽ–ն այդպես էլ չարձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դատական համակարգն անտեր է և կան դատավորներ, որոնք վնգստում են պատերի տակ, ասաց. «Այդ հարցը շատ քննարկվեց, բավական աշխատանք տարվեց մի քանի տեքստի վրա, հետո որոշեցինք քաղաքական հայտարարություններին չարձագանքել: Դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին կարծիք արտահայտել, բայց երբ իրար հետ են զրուցում, շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ուներ և ինչի մասին էր խոսքը»։ Այսուհանդերձ անհայտ մնաց՝ վնգստացողները նրանք են, ովքեր կատարում են գործադիր իշխանության հրահանգնե՞րը, թե՞ նրանք, ովքեր հետևում են օրենքի տառին, բացի այդ, անհատ մնաց՝ վնգստալու երևույթն առկա է եղել միայն նախկին իշխանությունների օրո՞ք, թե նաև այսօր: Վերջին հաշվով, քաղաքական հայտարարությամբ խարան էր դրվել ոչ թե առանձին դատավորների, այլև ողջ դատական համակարգի վրա: Համենայն դեպս Բարձրագույն դատական խորհրդի լուռ համաձայնությունը թե՛ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կազմակերպելու, թե՛ տվյալ քաղաքական հայտարարության դեպքում բավական անախորժ հետևությունների տեղիք է տալիս և կասկած չի թողնում, որ Ռոբերտ Քոչարյանի գործի հանգուցալուծման որոշումը կայացնելու է գործադիր և ոչ թե դատական իշխանությունը: Եվ բացառված չէ, որ սպասվող որոշումը պակաս սկանդալային չի լինի, քան նախորդները:

Իսկ սկանդալների առումով բացառություն չէր նաև անցնող շաբաթը: Հանրության շրջանում հույզերի մեծ ալիք բարձրացավ երկու իրադարձության պատճառով:

Հայտնի դարձավ, որ Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր, ծայրահեղ աջ հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին: Ըստ Շիշկինի հրապարակած փաստաթղթի՝ նրան քաղաքական ապաստան է տրվել 2019 թ. փետրվարին, նա մշտական բնակություն է հաստատել Գյումրիում: 2015-ից մինչև 2019-ի հունվարի 10-ը Շիշկինը եղել է կալանքի տակ «զանգվածային անկարգությունների կոչերի», «ատելություն և թշնամանք սերմանելու» հոդվածներով: Նա մասնակցել է հակակառավարական ցույցերի ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում և Մոլդովայում: Տվյալ իրողությանն արձագանքողների հրապարակումներում կարմիր թելի պես անցնում էր այն կարծիքը, որ սա ամենայն հավանականությամբ Հայաստանի իշխանությունների պատասխան քայլն է Ռուսաստանին, որը հրաժարվել էր արտահանձնել ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, և սա կարող է մեր պետության համար անդառնալի կորուստների պատճառ դառնալ:

Ի դեպ, պատահական է, թե ոչ, պատասխան քայլ է, թե ոչ, բայց այս շաբաթվա վերջում էլ՝ կիրակի, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունն իր տարածքում չեղարկել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը: Հիշեցնենք՝ Միքայել Հարությունյանը 2008-ին եղել է ՀՀ պաշտպանության նախարարը, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով (սահմանադրական կարգի տապալում):

Երկրորդ սկանդալը հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էր «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարներ Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուգասզյանի հետ, որի ընթացքում, ըստ հաղորդագրության, քննարկվել է հայաստանյան քաղաքական իրավիճակը: Ըստ Չուգասզյանի հայտարարության՝ իրենք Փաշինյանին ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ ինքնիշխանության խնդիր, Արցախյան հիմնահարց, բնապահպանական խնդիրներ, դատաիրավական ռեֆորմներ, ավելին, հայտնել է, որ առաջիկայում ավելի հաճախակի են հանդիպելու:

Այն, որ ներկայումս վարչապետը նախընտրում է քաղաքական իրավիճակը քննարկել մի քաղաքական ուժի հետ, որը ընտրություններում չնչին ձայներ է ստացել և հանրության մեծ մասի կողմից ահաբեկչական է որակվում, շատ բան է ասում իշխող կուսակցության ղեկավարի հոգեվիճակի մասին, ուստի ծայր առած արձագանքները, որոնք բավական խիստ են և կտրուկ, ամենայն հավանականությամբ կշարունակվեն նաև այս շաբաթ:

Անցած շաբաթ հանրության ուշադրության կիզակետում կրկին հայտնվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Երեքշաբթի նրա հրավիրած ասուլիսը տապալվեց: Ասուլիսի սկզբում նա ներկայացրեց նախարարության աշխատանքները, բայց երբ նրա նախկին խորհրդականը՝ բժիշկ Գևորգ Թամամյանը, պատրաստվեց հարցեր տալ, ընդհատեց իր իսկ ասուլիսն ու հեռացավ: Ասուլիսը շարունակեց Թամամյանը իր ուշագրավ բացահայտումներով, մեղադրանքներով և այն եզրակացությամբ, թե նման առողջապահության նախարար, որն ատում է բոլոր կայացած բժիշկներին, Հայաստանին պետք չէ:

Իհարկե, օրակարգում էր, ինչպես նախորդ շաբաթներին, Ամուլսարի հանքի հարցը: Եվ աշխատանքային շաբաթվա վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ ունեցավ այդ թեմայով։ Նախ նա գնաց ՔՊ գրասենյակ՝ փակ հանդիպման, ապա գնաց հանդիպելու Ջերմուկի բնակիչների հետ, վերջապես ընդունեց «Լիդիանի» ներկայացուցիչներին, բայց թե այս հանդիպումներն ինչ արդյունք են տվել, դեռևս հայտնի չէ:

Ինչպես և նախորդ շաբաթները, անցնող շաբաթն էլ զերծ չմնաց բողոքի ցույցերից ու ճանապարհներ փակվելուց: Այս անգամ միջպետական ճանապարհ էին փակել ալավերդցիները, որոնք բողոքում էին քաղաքի ճանապարհների խոր փոսերից: Ոստիկանության միջամտությամբ նրանք բացել են ճանապարհը՝ ժամանակ տալով կառավարությանը, որպեսզի արագ գործնական լուծում տրվի: Իսկ կառավարության նիստի օրը շենքի մոտ բավական խայտաբղետ զանգված էր հայտնվել: Մեկը բողոքում էր իր չորացած բերքից, մի խումբ գործարարներ բողոքում էին, որ սնանկացած ընկերության հետ աշխատելու հետևանքով մեծ վնասներ են կրել, մի խումբ էլ բողոքում էր հաշմանդամություն ունեցող երեխաների համար առանձին քաղաք կառուցելու նախագծի դեմ, որը, ըստ նրանց, վտանգավոր է, քանի որ քաղաքի բնակիչ երեխաները կմեկուսանան հասարակությունից:

Բայց ամենաուշագրավը տեղի ունեցած անկարգություններն էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Կալանավորները բունտ էին սկսել ի պաշտպանություն «զոն նայողների»։ Անհնազանդության դրսևորումներ էին եղել նաև այլ ՔԿՀ-ներում, որոնք իրավապահների օպերատիվ գործողությունների շնորհիվ դադարեցվել են: Ամենահավանական վարկածն այն է, որ այս ընդվզումները կառավարության այն նախագծի դեմ էին, որը սպառնում է վերացնել քրեական աշխարհը՝ իր տիտղոսներով ու հիերարխիայով:

Անցած ուրբաթ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Ըստ նրա՝ խորհրդարանական կառավարմամբ երկրում մենք ունենք ոչ համարժեք խորհրդարանական իշխանություն և նույնքան ոչ համարժեք խորհրդարանական ընդդիմություն: Այսինքն՝ պետությունն ապրում է փաստացի անգործունակ խորհրդարանով՝ դրանից բխող բոլոր տեսանելի, բայց որ ավելի վտանգավոր է՝ առաջին հայացքից անտեսանելի հետևանքներով:

Ե՛վ այս, և նախորդ շաբաթ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հրաժարականը ցույց են տալիս, որ խորհրդարանում վերադասավորումներ են սկիզբ առել և առաջիկա նստաշրջանը դեռ շատ անակնկալներ կմատուցի:

Նշենք նաև, որ հրաժարական տվեց Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը։ Հայտնի է, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված` պաշտոնական դիրքը չարաշահելու հիմքով։ Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Կիրակի Արցախում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք ընթացել են անաղմուկ, այսինքն՝ բավական հարթ: Սակայն հանրության մի զգալի հատվածի համար շաբաթվա գլխավոր իրադարձությունը գործարարներ Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի զավակների հարսանիքն էր, որին ներկա էր նաև երկրի վարչապետը դուրստրերի հետ: Լրատվամիջոցներից մեկն այդ իրադարձությանը նվիրված նյութը հրապարակեց «Թավշյա» հեղափոխության օլիգարխիկ հմայքը» ավելի քան խոսուն վերնագրով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: