Հայերեն   English   Русский  

Մարտունիում գործարկվել է առաջին օն-լայն ռադիոն


  
դիտումներ: 1793

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները և աշխարհի ցանկացած ծայրում ապրող մարդը, որ կուզենա տեղեկանալ Մարտունու անցուդարձին, այսուհետ կարող է լսել «ՌադիոՄարտունի» օն-լայն ռադիոն:

Հուլիսի 23-ին գործարկվեց առաջին օն-լայն ռադիոկայանը Մարտունու կյանքի և անցուդարձի մասին:

Գաղափարի հեղինակը քաղաքի բնակիչ, լրագրող Լիանա Հովհաննիսյանն է: Նա պատմում է, որ նման գաղափար վաղուց է ունեցել, դեռ 2012-ից ձեռքի տակ եղած միջոցներով ձայնագրում ու հանրությանն էր ներկայացնում իր գործունեությունը քաղաքացիական սեկտորում: Երբ 2013-ին «Մարտունի ինֆոտունը» (ծրագիր է, որն իրականացնում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հետ) «ինֆոգաղափար» սոցիալական նորարարական գաղափարների հավաք հայտարարեց, Լիանան Մարտունիում ռադիո ստեղծելու իր ցանկությունը ձևակերպեց և ներկայացրեց:

Ժյուրիի անդամները, ի թիվս այլ գաղափարների, հավանության արժանացրին նաև Լիանայի ծրագիրը և ֆինանսավորում հատկացրին ռադիոտեխնիկա ձեռք բերելու համար:

Մեկնարկը տրվել է http://www.spreaker.com/ ռադիոտիրույթ տրամադրող կայքում: «Առանձին ռադոհոսթին կտեղափոխվենք, երբ ունենանք անհրաժեշտ քանակով մշտական ունկնդիրներ, հետևողներ և իհարկե ֆինանս»,- ասում է Լիանան:

Ասում է, որ առայժմ պլանավորել է շաբաթական երկու հաղորդում եթեր հեռարձակել: Իրադարձային նյութերից բացի, կպատրաստվի ու եթեր կհեռարձակվի թեմատիկ շարք` նվիրված Մարտունու տարածաշրջանին:

Լիանան ասում է, որ «ՌադիոՄարտունու» հիմնական նպատակը տեղական ռադիո ստեղծելն է. աշխարհագրական դիրքով պայմանավորված` մարդիկ զրկված են հայաստանյան ռադիոհաճախականությունները լսելու հնարավորությունից, ռադիոընդունիչը լավագույն դեպքում կարողանում է որսալ հանրային ռադիոն և բազմաթիվ թուրքական ու քրդական հաճախականություններ:

Ռադիո Մարտունի

«Ռադիոն ցանկանում էի ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելով, որպեսզի այն լոկալ թեմաներ մատուցելով` չմնա տեղային մակարդակում, այլ հասանելի լինի բոլորին, աշխարհի տարբեր անկյուններում: Վերջին հաշվով դրսում մեծ թվով մարտունեցիներ են ապրում, ցանկանում էի ռադիոյի միջոցով ինչ-որ կերպ նրանց էլ հաղորդակից դարձնել իրենց հարազատ օրրանին»:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը կարևորում է օն-լայն ռադիոյի գոյությունը մարտունեցիների կյանքում, ասում է, որ սա հեռանկարային նախաձեռնություն է, որը կոչված է օգնելու մարդկանց կողմնորոշվելու առօրյա լրատվահոսքում, որում մեծ տեղ են զբաղեցնում սուտ լուրերը, ապատեղեկատվությունը: Նրա խոսքով`«ՌադիոՄարտունին» կդառնա հարթակ, որտեղ ամեն մարտունեցի կկարողնա իր համայնքի մասին ստույգ և հակիրճ տեղեկատվություն ստանալ:

Առաջին թողարկումից հետո հեղինակը բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել թե՛ մարտունեցիներից, թե՛ ոչ մարտունեցիներից: Արձագանքերից ոգևորված` Լիանան պլանավորում է ակտիվ գործունեություն ծավալել և «ՌադիոՄարտունու» համար լայն լսարան հավաքել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: