Ավստրիայի դատախազությունը գործ չի հարուցել «Տրոյկա դիալոգի» օֆշորների հետաքննությունից հետո
Այդ մասին հաղորդում է РБК-ն (rbc.ru)՝ հղում անելով Ավստրիայի դատախազությանը:
Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ տվյալ որոշումն ընդունվել է հետաքննության հաշվետվությունն ուսումնասիրելուց հետո: «Քանի որ կասկածների համար բավարար հիմքեր չգտնվեցին, որևէ պաշտոնական նախաքննություն չի կատարվել»,- ասել են դատախազությունում:
OCCRP-ն «Տրոյկա դիալոգի»՝ օֆշորային ընկերությունների միջոցով փողերի լվացման հետաքննության արդյունքները հրապարակել է 2019 թ. մարտին: Հետաքննողները պարզել են, որ «Տրոյկա դիալոգը» 76 օֆշորների ցանց է ստեղծել և դրանց միջոցով իբրև թե օգնել է հաճախորդներին, որպեսզի դուրս բերեն փողերը Ռուսաստանից: Ըստ հետաքննության՝ 2006 թվականից մինչև 2013 թ. սկիզբը դուրս է հանվել 4,8 մլրդ դոլար:
«Տրոյկա դիալոգի» հիմնադիր Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հետաքննությունը «համատեքստից կտրված տեղեկատվություն, մեկնաբանություն և հորինվածք է»:
Hermitage Capital հիմնադրամը խնդրել է Ավստրիայի դատախազությանը ստուգել ավստրիական բանկերի մասնակցության հավանականությունը միջոցների դուրսբերման սխեմային:Խոսքը մասնավորապես Raiffeisen Bank-ի մասին էր: Բուն բանկում հայտարարել են, որ ներքին հետաքննություն են կատարել և հայտնել են РБК-ին, որ ստուգումները ցույց են տվել բանկի «հակալվացման համակարգերի» դիմակայունությունը: