Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել
պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Խոսքը մոտ 700 հազար դրամի մասին է: Այս մասին Անկախին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Համայնքի ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալու մասին, ինչը չի խանգարում պաշտոնավարումը շարունակելուն: Անկախի հետ զրույցում Կարեն Գաբրիելյանը հույս հայտնեց, որ գործը կհասնի դատարան:
Հավելենք, որ մեկ տարուց ավելի է, Մարալիկում փակ է համայնքապետարանի շենքը, բնակիչները թույլ չեն տալիս համայնքի ղեկավարին մտնել շենք: Այս ակցիայով նրանք պահանջում են ՀՀԿ-ական ղեկավարի հրաժարականը՝ հայտարարելով թե չարաշահումներ է թույլ տվել: Ակցիաների արդյունքում Անիի համայնքապետարանում ստուգումներ կատարեց վարչապետի վերահսկողական ծառայությունը, եզրակացությունն էլ ուղարկվեց իրավապահ մարմիններին: Բայց բողոքի ակցիաները Մարալիկում չավարտվեցին, Արտակ Գևորգյանը մինչև հիմա էլ համայնքապետարան չի մտնում, իր աշխատանքը կատարում է համայնքի կազմում ընդգրկված տարբեր բնակավայրերից:
Բնակիչները նաև ստորագրահավաք էին կազմակերպել համայնքապետին պաշտոնից հեռացնելու համար և դա ուղարկել կառավարություն, սակայն ոչ մի արձագանք մինչ օրս չի եղել դրան:
Օգոստոսին համայնքապետի հրաժարականը պահանջողների հետ հանդիպել էր նաև Շիրակի մարզային քննչական վարչության պետը և հայտնել, որ քրեական գործի ընթացքը լուծելու և առերևույթ հանրորեն վտանգավոր արարքներ կատարած անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար անհրաժեշտ է ստանալ դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը։
Քրեական գործ էր հարուցվել Անիի համայնքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: