Հայերեն   English   Русский  

​ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Քոչարյանի պաշտպանների դիմումը


  
դիտումներ: 492

Վճռաբեկ դատարանը մերժել է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու դիմումը:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

ՀՀ պաշտոնաթող նախագահի փաստաբանական թիմը բողոք էր բերել Վերաքննիչ դատարանի այս տարվա հունիսի 25-ին կայացրած որոշման դեմ։ Նրանք խնդրում էին ամբողջությամբ բեկանել և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ի որոշմանը, որով Քոչարյանը ազատ արձակվեց կալանքից՝ Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի երաշխավորության հիման վրա։

Վճռաբեկ դատարանը, մերժելով պաշտպանների բողոքը, գտել է, որ բողոքաբերների կողմից չի հիմնավորվել Վերաքննիչ դատարանի կողմից մրցակցության սկզբունքի կոպիտ խախտման պնդումը:

«Ինչ վերաբերում է բողոքաբերների այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը գործը քննել է օրենքով նախատեսված ընթացակարգի բացակայությամբ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի քննությունն իրականացվել է առկա քրեադատավարական կարգավորումների շրջանակներում»,- արձանագրել է Վճռաբեկ դատարանը։

Որոշումը դատարանը կայացրել է սեպտեմբերի 20-ին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: