Հայերեն   English   Русский  

Երբ աշխարհին ներկայանում ենք Կոմիտասով, մենք միշտ շահում ենք. Հովհաննես Չեքիջյան


  
դիտումներ: 597

Հայ մեծ կոմպոզիտոր և երգահան Կոմիտասի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ներկայացվեցին համերգաշարեր,

որի ընթաքում հնչեցին ինչպես հայտնի, այնպես էլ նախկինում չհնչած ստեղծագործություններ, ամբողջ տարվա ընթացքում ներկայացվեցին Կոմիտասի բազմաձայն և գործիքային ստեղծագործությունները:

Կոմիտասի 150 ամյակների հոբելյանական միջոցառումներն անցնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:

Կոմիտասն առաջինը կամուրջ գցեց արևելյան «պաճուճավոր զգացմունքայնության» և արևմտյան «կանոնավորմտածելակերպի» միջև:

Այս մասին սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք «Կոմիտաս» փառատոնի մեկնարկին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմաննասաց դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը:

«Այդ կամուրջով, սակայն, ժամանակին ոչ ոք չանցավ, քանի որ հայ կոմպոզիտորական դպրոցը զարգացավ ռուսական մտածելակերպի և կրթական համակարգի ներքո: Անդրադարձը Կոմիտասին տեղի ունեցավ 1960-ականներից՝ Տիգրան Մանսուրյանի, Աշոտ Զոհրաբյանի,Մարտուն Իսրայելյանի, Առնո Բաբաջանյանի և այլոց կողմից»,- նշեց Սվետլանա Նավասարդյանը:

Խոսելով արդեն երկրորդ փառատոնի շրջանակներում իր մենահամերգի մասին` Սվետլանա Նավասարդյանը տեղեկացրեց, որ համերգին կհնչեն ինչպես Կոմիտասի ստեղծագործությունները,այնպես էլ այն հեղինակների, որոնց մոտ ազգային մոտեցումն ու Կոմիտասի մաքրությունը պահպավել են, լեզուն ժամանակակից է և ուրույն:

Այս ամիսների ընթացքում Կոմիտասի ծննդյան 150 ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովը և տարբեր կազմակերպություններ հսկայական աշխատանք են իրականացրել, սակայն հիմնական միջոցառումները կլինեն առաջիկա շաբաթներին: Միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 26-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. պանթեոնում կմատուցվի հոգեհանգստի կարգ, ապա կներկայացվի Կենտրոնական բանկի թողարկած Վարդապետի 150 ամյակին նվիրված արծաթե հուշադրամ, իսկ երեկոյան կլինի մեծ համերգ:

Իսկ սեպտեմբերի 28-ին Գյումրիի Սև բերդ ամրոցում տեղի կունենա մեծ գալա համերգ, որի ընթացքում կներկայացվեն մի շարք հետաքրքիր լուծումներ:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշեց, որ Մշակույթի նախարարության աջակցությամբ երկրորդ անգամ անցկացվող«Կոմիտաս» փառատոնը կանցկացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում` հին և նոր տոմարով Կոմիտասի ծննդյան օրերի միջակայքում՝ սեպտեմբերի 26-իցհոկտեմբերի 8-ը: Նա նաև հույս հայտնեց, որ հաջորդ տարվանից փառատոնի ձևաչափը կդառնա միջազգային:

««Կոմիտաս» փառատոնի նպատակը և Կոմիտասի արվեստին, և հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումն է: Որպեսզի մենք պատկերացում ունենանքԿոմիտասի ժառանգության մասին և այն տարբերակենք նրա ոգով ստեղծված այլ գործերից, անհրաժեշտ համարեցինք, որ այս փառատոնը հատկապես ներկայացնիհենց Կոմիտասին՝ առանց մշակման, առանց որևէ պրիզմայով անցկացման», - ասաց «Կոմիտաս» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը:

Գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանի խոսքերով, այս հոբելյանը միայն ազգային իրողություն չէ, այլ միջազգային երևույթ և այն կարևոր հարթակներից մեկն է, որտեղ հայ ժողովուրդը ներդաշնակ ու համաքայլ է աշխարհին:

Կոմիտասագետը հավելեց, որ փառատոնի ծրագրում ընդգրկվել են նաև հայ կոմպոզիտորական արվեստի այլ հեղինակների ստեղծագործություններ:

«Երբ աշխարհին ներկայանում ենք Կոմիտասով, մենք միշտ շահում ենք: Նա թողել է այնպիսի ժառանգություն, որ զարմացրել է Եվրոպային: Վաղը մեր բոլորիս պարծանքի ծննդյան օրն է, և մենք պարտավոր ենք մեր երախտիքը հայտնել Կոմիտասին, քանի որ նա մեր ազգի պատիվը բարձրացրել է մի նոր աստիճանի»,- նշել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:

Փառատոնը կբացվի սեպտեմբերի 26-ին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգով՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայինակադեմիական թատրոնում, իսկ հաջորդ օրերին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կամերային երաժշտության երեկոյին հանդես կգան սոպրանո ԻրինաԶաքյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը և բարիտոն Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, դաշնամուրային երաժշտության երեկոն ամբողջությամբ նվիրված կլինիՍվետլանա Նավասարդյանի կատարումներին: Խմբերգային երաժշտության երեկոյին հանդես կգան «Գեղարդ», «Հովեր» և Երևանի պետական կամերայիներգչախմբերը:

Հանդիսատեսը կկարողանա ունկնդրել կոմիտասի այն ստեղծագործությունները, որոնք պատահաբար են հայտնաբերվել ու բոլորովին չեն տարբերվում գերմանացի հանճարների ստեղծածներից։

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվեն նաև Կոմիտասի գերմաներեն ստեղծագործությունները։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Հնագույն երաժշտություն «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը` նշելով, որ համերգային ծրագիրը նվիրված է Կոմիտասի 150–ամյակին:

«Քչերը գիտեն, որ Կոմիտասը Գերմանիայում ուսանելու ընթացքում ստեղծագործել է գերմաներեն և ունի լարային քառյակներ, բոլորովին անհայտ դաշնամուրային պիեսներ, երգեր: Ընդամենը 3 տարում նա կարողացել է ոչ միայն ներթափանցել գերմանական երաժշտության մեջ, այլև ստեղծել այնպիսի գործեր, որոնք բոլորովին չեն տարբերվում գերմանացի հանճարների ստեղծագործություններից»,- ասաց Երկանյանը։

Ստեղծագործությունները չեն թարգմանվելու և սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին նախատեսված համերգի ընթացքում հենց գերմաներեն էլ հնչելու են: Երկանյանի խոսքով` հայ երաժիշտները պետք է անեն ամեն ինչ, որ այս ստեղծագործությունները տարածվեն։Երկանյանը Կոմիտասի անհայտ գործերը (արդեն տպագրված) պատահաբար է հայտնաբերել, երբ գտնվել է Հայաստանի տպագրատներից մեկում:

«Ես շատ շնորհակալ եմ այդ ժողովածուն կազմողին՝ պոլսահայ երաժիշտ Տիրան Լոքմագյոզյանին: Գիրքն այս տարի է լույս տեսել»,- ասաց նա` նշելով, որ այդ գրքում կա նաև Կոմիտասի մի գործ, որը սիմֆոնիկ նվագախմբի համար է:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ համերգային նույն ծրագրով հանդես գան նաև արտերկրում, Երկանյանը նշեց, որ չի բացառվում։

«Մեծ սիրով ամեն ինչ կկազմակերպենք, եթե լինի հրավեր: Ցավոք սրտի, այժմ եթե դու չունես ծանոթ, բարեկամ կամ լավ հովանավոր, դու պետության համար գոյություն չունես»,- ասաց Երկանյանը և ավելացրեց, որ իրենք լինելով հոգևոր համույթ, անգամ Հայ առաքելական եկեղեցուց ոչ մի աջակցություն չեն ստանում:

«Ըստ նրա՝ հայ երաժիշտները պետք է անեն ամեն ինչ, որ այս ստեղծագործությունները հնարավորինս տարածում ստանան:

Կոմիտասի մասին

Կոմիտասը հայ երգահան է, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:1881-1893 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թ. ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թ. Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և արտաքսվում բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են անհայտ հանգամանքներում, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես:

Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը: Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզիհոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները:

Կոմիտասի անունն են կրում, մասնավորապես, Երևանի պետական կոնսերվատորիան, լարային քառյակը, Կամերային երաժշտության տունը, պողոտան, այգին, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: