Լեռնային Ղարաբաղ. «երկրորդ հատակի» գործոնը
Բանակցությունների առարկայական կողմը հանելուկ է դառնում
Սկզբում բանակցությունների կանխատեսումները չեզոք էին, քանի որ արդեն ակնհայտ է՝ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում «չքացել է Դուշանբեի ոգին», և բանակցությունների առարկայական կողմը հանելուկ է դառնում: Ավանդական խորհրդավորության վարագույրն ինչ-որ իմաստով բարձրացնում է Ադրբեջանի ՆԳՆ մամլո քարտուղար Լեյլա Աբդուլաևայի թվիթերյան ոչ մեծ, բայց որոշակի շեշտադրումներով մեկնաբանությունը: Նա նշել է, որ հանդիպումը կազմակերպվել է «ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանակցություններում իրական վիճակը որոշելու համար», և «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի խաղաղություն բերեն տարածաշրջանին և հարգանք միջազգային նորմերին, սկզբունքներին և կանոնակարգերին տարածաշրջանում»: Համանախագահներն իրոք ջանում են թեկուզ ձևականորեն պահպանել բանակցային ձևաչափը Բաքվի և Երևանի միջև, սակայն Աբդուլաևայի հայտարարությունը ցույց է տալիս, որ արդեն իսկ բանակցությունների գործընթացի սկզբին խնդիրներ են առաջացել: Ավելի ստույգ՝ կոնֆլիկտն ինքնին դադարել է բանակցությունների առարկան լինելուց, և քննարկվում են հիմնականում ուղեկից բացասական գործոնները: Տվյալ դեպքում խոսքը կոնֆլիկտի գոտում ադրբեջանցի զինծառայողի սպանության մասին է:
Հայաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունն էլ կառուցվում է քիչ ուրիշ գնահատականներով: Նրանում ասվում է, որ «կողմերը քննարկել են ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացը և գնահատել են ներկայիս իրավիճակը»: Ընդ որում, հայկական կողմն ընդգծել է հրադադարի ռեժիմի ամրապնդման և շփման գծում զորքերի լարվածության նվազեցման ջանքերի անհրաժեշտությունը: Ըստ էության՝ դա «Դուշանբեի ոգին» վերածնելու կոչ է, թեպետ դրան հեշտ չի լինի հասնել:
Հիշեցնենք, որ այն ժամանակահատվածում, որ ընկած էր անցած տարի Դուշանբերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ոտքի վրա» հանդիպումից մինչև Մամեդյարովի և Մնացականյանի հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունը, որում ասվում էր, որ կողմերը «հաստատեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական միջոցներով ջանքերը շարունակելու և վստահության մթնոլորտ ստեղծելու մտադրությունը», թվում էր, թե որոշակի բեկում է սկսվում կոնֆլիկտի կարգավորման գործընթացում: Բայց հետագայում խզում տեղի ունեցավ՝ կապված արտաքուստ Փաշինյանի քաղաքական իմպրովիզների հետ, որոնք բանակցությունների խնդրահարույց դաշտ սկսեցին ստեղծել, և կոնֆլիկտային իրավիճակը լցվեց ընկալման և վերլուծության համար խրթին «Փաշինյանի կարգախոսներով»:
Նախ Փաշինյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է բանակցային սեղան վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, ասաց, որ իրավունք չունի խոսելու Ստեփանակերտի անունից, ինչը ենթադրում էր բանակցությունների տրամաբանության և ձևաչափի փոփոխություն: Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է», իսկ որոշ ժամանակ անց շրջանառության մեջ դրեց իր «բանաձևը», ըստ որի՝ «յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»:
«Մենք պատրաստ ենք լուծումներ գտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իմ մեսիջն այն է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար,- ասել է Փաշինյանը:- Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որը ասել է, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար: Դրա համար ինձ քննադատել են Հայաստանում, բայց դա կարևոր է կոնֆլիկտի խաղաղ լուծման համար: Հիմա ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես արտահայտի և ընդունի այդ բանաձևը»: Մինչև հիմա ոչ ոք չի կարողանում վերծանել այդ բանաձևը, որը ենթադրում է տարբեր բացատրություններ, ընդհուպ ինչ-որ բանի դիմաց ինչ-որ շրջանների հանձնումն Ադրբեջանին:
Բացառված չէ, որ այդ «բանաձևը» քաղված է Ալիևի հետ Փաշինյանի բանակցություններից, և Ալիևը հասկանում է, թե ինչի մասին է խոսքը: Բայց ուրիշներն այդ մասին ոչինչ չգիտեն, և Փաշինյանի «բացառիկ դիվանագիտական ոճաբանությունը» սոսկ տարակուսանքներ է հարուցում, ինչն ընդգծում է անգամ Մինսկի խմբի նախկին ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան: Եվ ոչ միայն նա, չէ որ դա օբյեկտիվորեն միտված է բանակցային գործընթացի խափանմանը, սակայն առաջին հանելուկն այն է, որ այն շարունակվում է հին ձևաչափով, երկրորդը, որ Բաքուն չի մտածում դուրս գալ բանակցային գործընթացից, որում քննարկվում են կամ քննարկվել են ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերը: Պաշտոնական մակարդակով կողմերի նման դիրքորոշման պարագայում բանակցությունները սկզբունքորեն հնարավոր չեն առանց ինչ-ինչ փոխզիջումային լուծումների: Կամ դրանք կան, բայց կողմերը ձեռնպահ են մնում դրանք հրապարակելուց: Ահա ինչու շատ փորձագետներ վստահ են, որ բանակցություններում «երկրորդ հատակի» գործոն գոյություն ունի, և հակամարտող կողմերը տարբեր նկատառումներով չեն վճռում կամ չեն ցանկանում դուրս պրծնել այդ գոտուց կառուցողական հայտարարություններով և որոշակի քայլերով: Նրանք բացահայտ բլեֆ են անում:
Գուցեև Բաքուն սպասում է, մինչև Փաշինյանը վերացնի Ստեփանակերտի հետ իր իսկ նշած «դիսոնանսը» և այնուհետև առաջ գնա թյուր հաշվարկների և սխալների ուղիով, ինչը գործողությունների ուրիշ սցենարի ընթացք տալու հնարավորություն կտա: Բայդ առայժմ բոլորը սոսկ բանավոր կառուցումներ են անում, որոնց հետևում ոչինչ գոյություն չունի:
Ստանիսլավ Տարասով
REGNUM գործակալություն