Հայերեն   English   Русский  

Ոչինչ չի կարող ինձ կաշկանդել որևէ գործ քննելուն և անաչառ որոշում կայացնելուն. Ալվինա Գյուլումյան


  
դիտումներ: 394

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՍԴ-ն չի՞ համարում քաղաքականացված մարմին՝ հաշվի առնելով, որ ՍԴ նախագահը նախկին ՀՀԿ-ական է, իսկ անամները նշանակվել են նախկինների օրոք, ասաց, որ մեր հասարակությունն այնքան փոքր է, որ ՍԴ-ում կան նաև այսօրվա քաղաքական ուժերի հետ կապեր ունեցողներ:

«Ես ինքս և մեկի, և մյուսի հետ կապեր ունեմ: Մենք փոքր հանրության մեջ ենք ապրում: Ձեր բարեկամների շրջապատում չկա՞ն և մեկի, և մյուսի ներկայացուցիչներ: Բայց դատավորը պետք է կարողանա այդ ամենի պայմաններում լինել անաչառ ու անկախ»:

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախաձեռնության կապակցությամբ Ալվինա Գյուլումյանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանելուց, ասելով, որ իր ցանկացած պատասխան կարող է ընկալվել որպես նախնական կարծիքի արտահայտում, որի իրավունքը չունի:

«Եթե ես ասեմ, որ այդ փաստաթղթում ներկայացված դրույթները ընդունելի են կամ ընդունելի չեն, դա նշանակում է ես կկաշկանդեմ գործի քննությանն իմ մասնակցությունը: Կասկած մի ունեցեք, որ ՍԴ-ում լինելու է օբյեկտիվ քննություն»,-ասաց նա՝ հավելելով. «Ոչինչ չի կարող ինձ կաշկանդել որևէ գործ քննելուն և անաչառ որոշում կայացնելուն»:

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի գնալու վերաբերյալ նախաձեռնությանը, ՍԴ անդամն ասաց, որ չի պատրաստվում օգտվել այդ առաջարկից և գնալ թոշակի. «Ես չեմ պատրաստվում ժամանակից շուտ թոշակի գնալ»,-ասաց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: