Հայերեն   English   Русский  

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում 2 ոլորտների ինտեգրումը հաջողված չէ


  
դիտումներ: 1888

Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին գումարել է նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը եղել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակի քննարկումը։

Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են օրենքի նախագծի խնդրահարույց դրույթներին, ներկայացրել մտահոգություններ ու առաջարկներ։

Հանձնաժողովի նախագահ Աիդա Թոփուզյանի կարծիքով՝ փաստաթղթում փորձ է արվել միավորել բարձրագույն կրթության և գիտության ոլորտները, մինչդեռ միացումը նախագծում մեխանիկական բնույթ է կրում և ոչ բովանդակային։ «Արդյունքում ոլորտներից մեկը, ամենայն համավականությամբ՝ գիտության ոլորտը, կարող է տուժել»,-նշել է նա։

Հանձնաժողովի անդամներն արձանագրել են, որ նախագծում ամրագրված նպատակները, խնդիրները և քաղաքականության իրականացման սկզբունքները չեն բխում միմյանցից, կրկնում են իրար։ Անհասկանալի է համարվել, թե ի՞նչ հետազոտությունների հիման վրա է մշակվել նախագիծը, արդյոք հաշվի առնվե՞լ է այն երկրների փորձը, որտեղ նման փոփոխություններ են կատարվել, հաշվի առնվե՞լ են հնարավոր բացասական հետևանքները, թե ոչ և այլն։

Հանձնաժողովի որոշ անդամներ բարձրացրել են օրենքի նախագծում ոլորտին վերաբերող մի շարք կարևոր հասկացությունների, սկզբունքների և գաղափարների բացակայության խնդիրը։ Բացի բովանդակային հարցերից, մատնանշվել են նաև բազմաթիվ լեզվաոճական թերություններ։

Մտահոգիչ է համարվել նախագծում Գիտությունների ազգային ակադեմիային միայն խորհրդատվություն տրամադրող ինքնակառավարվող մարմնի կարգավիճակ նախատեսելու հանգամանքը։ Հանձնաժողովի անդամները կարծիք են հայտնել, որ դրանով Ակադեմիան կորցնում է իր դիրքն ու կարևորությունը։

Քննարկման առարկա են դարձել նաև բուհի ռեկտորի ընտրության չափորոշիչները, որոնք, ըստ ներկաների, կարող են հնարավորություն տալ ռեկտոր դառնալու ոլորտի հետ սերտ առնչություն չունեցող անձի։

Ամփոփելով քննարկումը՝ ներկաների մեծ մասը կարծիք է հայտնել, որ վերոհիշյալ երկու ոլորտների ինտեգրումը նախագծում հաջողված չէ, և առավել նպատակահարմար է ունենալ առանձին օրենքներ նշված որտներից յուրաքանչյուրի մասին։

Որոշվել է հանձնաժողովում հնչած մտահոգությունները, դիտողություններն ու առաջարկները ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ հետագայում, երբ օրենքի նախագիծը վերջնական տեսքով կներկայացվի հանրությանը, առաջարկել, որպեսզի այն Հանրային խորհրդում դրվի քննարկման։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: