Հայերեն   English   Русский  

​Գյումրեցի մարզիկները վատ դրության մեջ են դրել մարզային ու քաղաքային իշխանություններին


  
դիտումներ: 698

Եվրոպական խաղերի, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների ավարտից հետո Գյումրիում ամփոփել են մարզական տարին՝ լավ արդյունքներ են գրանցվել,

ինչի համար 61 մարզիկ ու 33 մարզիչ պարգևատրվել են Գյումրու քաղաքապետի կողմից: Ճիշտ է, առջևում դեռ տարբեր մարզաձևերից առաջնություններ կան, բայց արդեն գրանցված արդյունքները խոսում են այն մասին, որ լավագույն մարզիկների տասնյակը հագեցած է լինելու գյումրեցիներով:

- Այսօր արդեն գյումրեցի 30 մարզիկ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական խաղերում մեդալներ են նվաճել, - ankakh.com-ի հետ զրույցում ասում է Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, ու մանրամասնում է, որ այս տարի ոսկին ու արծաթն ավելի շատ է, քան նախորդ տարիներին: - Առջևում առաջնություններ կան, մեդալները կավելանան, և դրանով իսկ բավական <վատ վիճակի> մեջ կդնեն ոչ միայն մեր քաղաքային ու մարզային իշխանություններին, այլևս հանրապետության լավագույն մարզիկների տասնյակը որոշելը շատ դժվար կլինի:

Ծանրամարտ, բռնցքամարտ, ըմբշամարտ. Գյումրուն բնորոշ մարզաձևերում այս տարի միջազգային ստուգատեսներում լավ արդյունքներ են գրանցվել: Առնվազն մեկ չեմպիոնական տիտղոս ավելին կլիներ, եթե մրցահարթակում մեր մարզիկներին չխանգարեին վնասվածքները, նշում է Վաչիկ Վարդանյանը:

- Ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանի կողոսկրի, ծանրամարտում՝ Սամվել Գասպարյանի ոտքի մկանի վնասվածքները եթե չլինեին Արթուրը հաստատ արդեն կլիներ աշխարհի քառակի չեմպիոն, իսկ Սամվելը հավակնում էր բարձր տեղի՝ և անպայման մեդալ կնվաճեր: Բայց սպորտում ոչ ոք երաշխավորված չէ վնասվածքներ ստանալուց, - ասում է սպորտի բաժնի պետը:

Իհարկե, բոլոր մարզիկների համար հիմա ամենամեծ ստուգատեսը 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերն են: Ըմբիշներն արդեն վարկանիշ նվաճել են, բայց դեռ միջազգային մրցաշարար կան, որտեղից կարող են նոր վարկանիշեր բերել, ծանրորդների համար վարկանիշային կլինի Եվրոպայի առաջնությունը:

- Հուսանք, որ Հայաստանի օլիմպիական հավաքականում կունենանք շատ գյումրեցիներ, իսկ այդպիսիք կարող են լինել բռնցքամարտիկները, ծանրորդները, հունահռոմեական ոճի ըմբիշները:
Օլիմպիական վարկանիշ նվաճելու ճանապարհին մարզիկներին խանգարում է ոչ միայն վնասվածքը, այլև մրցավարական ընդգծված մոտեցումը: Վերաբերմունք, որին բախվեցին Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ: Այս երկու մարզիկն էլ ներկայացնում են Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը: Դպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը նշում է մրցավարների նմանօրինակ վարքագիծը ակտիվանում է, երբ առաջնությունը վարկանիշային է լինում:

- Անպայման շահերի բախում կա, իսկ որտեղ կա շահերի բախում, այնտեղ կա մարդու գործոն, հնարավորության դեպքում մրցավարները կարող են փոխել գոտեմարտի ելքը, - ասում է Գևորգ Ալեքսանյանը՝ հավելելով, եթե մասնակցում ես աշխարհի առաջնությանը, պետք է նաև պատրաստ լինես նման իրավիճակների: - Եվ Արթուրի, և Կարապետ Չալյանի մասով ասեմ՝ նրանք կարողացան դա հաղթահարել: Կային գոտեմարտեր, երբ փորձեցին խանգարել, բայց ուժեղը հաղթեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: