Հայերեն   English   Русский  

Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 69-րդն է աշխարհի 141 երկրների մեջ


  
դիտումներ: 119

Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա:

Ցուցիչի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ եւ ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Ընկերությունների ղեկավարների ամենամյա հարցումն իրականացվում է ՄՀԶ-ում ներառված երկրներում` ՀՏՖ Նոր տնտեսության եւ հասարակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունների կողմից:

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես ՀՏՖ Նոր տնտեսության եւ հասարակության կենտրոնի գործընկեր Հայաստանում, ներկայացնում է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2019»-ի հիմնական արդյունքները:

2019թ.-ի զեկույցի արդյունքներով առաջատար երեք երկրներն են Սինգապուրը, ԱՄՆ եւ Հոնկոնգը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաեւ Նիդեռլանդները եւ Շվեյցարիան: Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում1 առաջընթաց են արձանագրել Ադրբեջանը (11 կետ), Ղազախստանը (4 կետ), Մոլդովան (2 կետ) եւ Ղրղզստանը (1 կետ): Խմբում Հայաստանը բարձրացել է 4-րդ տեղ՝ գրանցելով դիրքի բարելավում 1 կետով: Հետընթաց են արձանագրել Վրաստանը (8 կետ), Տաջիկստանը (2 կետ) եւ Ուկրաինան (2 կետ): Ռուսաստանը պահպանել է 2018թ. դիրքը՝ մնալով խմբի առաջատարը։

Աշխատուժի շուկա հենասյունով Հայաստանը գրանցել է լավագույն ցուցանիշը եւ զբաղեցնում է 32-րդ տեղը 141 երկրների մեջ։ Լավագույն միավոր գրանցվել է առողջապահության հենասյան համար (80.7 միավոր 100-ից)։ Վատագույն արդյունքներն ըստ տեղի եւ միավորի գրանցվել է շուկայի չափ հենասյունով։

Գնաճի ցածր մակարդակը, աշխատավարձային հարկերի ցածր մակարդակը (որպես տոկոս շահույթի նկատմամբ), մասնավոր հատվածի վարկավորման ՀՆԱ նկատմամբ մակարդակը եւ դրա աճի միտումը, բնակչության էլեկտրաֆիկացման մակարդակը, օտարերկրյա աշխատուժի աշխատանքի ընդունման դյուրինությունը եւ բիզնես սկսելու համար անհրաժեշտ կարճ ժամանակահատվածը Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում են։

Մրցակցային թերությունների շարքում շարունակում են մնալ սոցիալական կապիտալի ցածր մակարդակը, կապիտալի շուկայի զարգացածության ցածր մակարդակը, աշխատուժի շարժունակությունը երկրի ներսում եւ մոտակա նավահանգստում մատուցվող ծառայությունների արդյունավետությունը։ Հայաստանի ուշագրավ թերություններից է նաև գնողունակության պարիտետով հաշվարկված ՀՆԱ ցուցանիշը, որով Հայաստանը 120-րդն է 141 երկրների մեջ։Նախորդ երկու տարիների ընթացքում դրական տեղաշարժեր են գրանցվել Հաստատություններ, Ենթակառուցվածքներ, Մակրոտնտեսական կայունություն եւ Ֆինանսական համակարգ հենասյուներում։

 Չնայած հանրային կառույցների գնահատականների նշանակալի բարելավումներին` այն դեռեւս չի բերել սոցիալական կապիտալի բարելավմանը։

 Ենթակառուցվածքներում որոշակի բարելավում են գրանցել երկաթուղային եւ օդային տրանսպորտային ծառայությունների որակը, էլեկտրականության եւ ապահով խմելու ջրի հասանելիության ցուցանիշները։

 Մակրոտնտեսական կայունության հենասյան բարելավումը պայմանավորված է եղել գնաճի թիրախավորված մակարդակում գտնվելու հանգամանքով եւ պետական պարտքի փոփոխության դրական միտումով։

 Էական դրական տեղաշարժ է գրանցվել ֆինանսական համակարգի եւ՛ խորության, եւ՛ կայունության ցուցանիշներով։ ՓՄՁ վարկավորման եւ վենչուրային կապիտալի հասանելիության ցուցանիշների բարելավմանը զուգահեռ կապիտալի շուկայի կապիտալիզացիայի մակարդակը շարունակում է մնալ շատ ցածր։

Մրցունակության գործոնների առավել ուշագրավ բացասական փոփոխությունները կապված են եղել կրթական հաստատությունների շրջանավարտների եւ ապագա աշխատուժի հմտությունների հետ։ Հաշվի առնելով տեխնոլոգիաների դերը տնտեսական զարգացման հետագա փուլում՝ երկրի առաջընթացը եւ բարեկեցության հասնելու պոտենցիալը պայմանավորված կլինեն ապագային մարտահրավերներին եւ արագ փոփոխություններին պատրաստ եւ համապատասխան հմտություններով զինված աշխատուժի առկայությամբ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: