Հանքարդյունաբերող Անտոնով-Միրզախանյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգների մասին
Նիստին ներկա է գտնվել և ելույթով հանդես է եկել է նաև Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար, Գեորգի Անտոնով-Միրզախանյանը, որը նաև հանքարդյունաբերող է։ Վերջինս Հայաստանում էր ԵԱՏՄ տարանցիկ ներուժին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով։
Խոսելով Ամուլսարի շահագործման խնդիրների մասին՝ Անտոնով-Միրզախանյանը ներկայացրել է իր մոտեցումները և այն վտանգները, որոնք առկա են ցիանիդով ոսկու կորզման դեպքում։
«Նոր հեծանիվ հորինել պետք չէ, պետք է ուսումնասիրել դրսի փորձը-նշել է նա,-1995-2002 թ․ Ռուսաստանի նախկին ղեկավար Ելցինի հրամանով Ռուսաստանի բոլոր հանքերը սնանկացան մի պարզ պատճառով․ բոլորն աշխատում էին ցիանով, ծծմբաթթվով, ածխաթթվով և այլ քիմիական նյութերով։ Դրանից հետո արդեն Ռուսաստանում հանքարդյունաբերության մեջ արգելվեց օգտագործել քիմիական այդ նյութերը։ Եվ երբ ասում են՝ նորագույն տեխնոլոգիաներ և այլն, մեզ մոտ դա հասկանում են՝ առաց ցիանի, առանց ծծմբաթթվի և առանց ածխաթթվի։ Ես նույնպես հանքերն ու պոչամբարները շահագործում եմ առանց այդ քիմիական նյութերի։ Մեզ մոտ հանքարդյունաբերողներից մեկը փորձեց օգտագործել կանադական ցիան (ինչը, որքան գիտեմ, ուզում են օգտագործել նաև Ամուլսարի դեպքում), բայց դա պատահական նկարահանեցին, ինտերնետում տարածեցին, ինչից հետո այդ հանքը փակվեց»։
Անտոնով-Միրզախանյանի կարծիքով՝ Ամուլսարի խնդիրը միայն էկոլոգիական խնդիր չէ, այն ավելի մեծ խնդիր է՝ տնտեսական, քաղաքական, նաև ազգային անվտանգության, և որքան հարցը երկար է քննարկվում, այնքան ավելի հեռուն է գնում։
«Լուծումը հեշտ է՝ օրենսդրության մեջ պետք է ամրագրվի, որ ցիանն արգելված է ու վերջ»,-ասում է հանքարդյունաբերողը։
Անկախ-ի հետ զրույցում Անտոնով-Միրզախանյանը նաև հայտնեց, որ Երևանում հանդիպել է համապատասխան ոլորտի 3 նախարարների տեղակալների հետ և նրանց է փոխանցել իր տեսլականը Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման և բյուջեի եկամուտների ավելացման վերաբերյալ: Փոխնախարարները հետաքրքրությամբ լսել են, գրառումներ կատարել, շնորհակալություն հայտնել տեղեկությունների համար և առաջարկել են համագործակցել:
«Հուսով եմ, որ Հայաստանի կառավարությունը շուտով կգտնի ճիշտ լուծում ոչ միայն կոնկրետ այս հարցի հետ կապված, այլև հանքարդյունաբերութունը զարգացնելու նպատակով կբարելավի օրենսդրությունը Հայաստանում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ:
Անտոնով-Միրզախանյանը հավելեց, որ լրատվամիջոցներում խնդրի չափազանցումը չի օգնում հարցի լուծմանը, ուստի Հայաստանի Հանրային խորհրդում իր ելույթից բացի ավելացնելու բան չունի:
«Նաև ուզում եմ նշել, որ իմ ելույթն ուղղված չէր որևէ կազմակերպության գործունեության դեմ, այլ ընդհանուր առմամբ վերաբերում էր Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում նոր օրենքների և տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությանը»:
Նրա խոսքով՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իրեն հարց է ուղղել, թե այդ դեպքում ի՞նչ կլինի Լիդիանի հետ, կաշխատի՞ այն, թե՞ ոչ:
«Ես պատասխանել եմ՝ օրինագիծը, որն արգելում է ցիանի օգտագործումը, ուղղված չէ «Լիդիանի» դեմ, այլ ուղղված է ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանը, և բոլոր ընդերքօգտագործողները պետք է հետևեն ՀՀ օրենքներին, որոնք համապատասխանում են միջազգային չափորոշիչներին»: