ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առայժմ Թրամփի իմփիչմենթի հարցով քվեարկություն չի անցկացնի
Այդ մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, երեկ հայտարարել է ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին մամլո ասուլիսում:
«[Օրենսդրությունում] չկա նման պահանջ, որ մենք քվեարկություն անցկացնենք, այնպես որ ներկայումս քվեարկություն չենք անցկացնի»,- ասել է նա:
Փելոսին Սպիտակ տանն է կոչ անում համապատասխան քվեարկություն անցկացնել: Ինչպես ավելի վաղ հաղորդել է Axios կայքը, Թրամփը և նրա կողմնակիցները համարում են, որ այդ կերպ հանրապետականները հնարավորություն կունենան ավելի շատ ազդելու լսումների ընթացքի և հետաքննության մյուս կողմերի վրա:
ԱՄՆ-ում աղմուկ առաջացավ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հուլիսյան հեռախոսազրույցի կապակցությամբ, ինչն էլ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու հիմք դարձավ: Ինչպես նշում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը փորձել է համոզել Զելենսկուն սկսել Ուկրաինայում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործունեության քննությունը Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցույց տալու փոխարեն:
Սպիտակ տունը հրապարակեց ԱՄՆ-ի և Ուկրաինայի լիդերների հուլիսյան զրույցի սղագրությունը: Պարզվեց, որ Թրամփին չի հաջողվել ստանալու Զելենսկու համաձայնությունը: ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթները, հեռախոսային զրույցի մեջ օրենքի խախտում չգտավ, ինչպես նաև հիմքեր հետագա քննության համար: