Հայաստանը հետխորհրդային երկրների կրթական համակարգերի ձայնը լսելի կդարձնի եվրոպական կրթական տարածքում
Այս կառույցը միավորում է կրթության որակի ապահովման կառույցները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում և ապահովում է միասնական քաղաքականության ու չափանիշների կիրառումը անդամ կազմակերպությունների կողմից։ Հայաստանյան միջոցառումն ուշագրավ էր նրանով, որ հենց գլխավոր վեհաժողովի ընթացքում են որոշվում գործունեության ու ապագայի քաղաքականության առանցքային ուղղությունները, որոնք էլ ողջ տարվա ընթացքում իրագործվում են ասոցիացիայի ղեկավար մարմինների կողմից։ Երևանում ընդունվեց նաև կառույցի ռազմավարական ծրագիրը 2021-2025թթ․ համար։
Այս վեհաժողովը նաև 2015-ին Երևանում տեղի ունեցած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի տրամաբանական շարունակությունն էր․ Երևանի կոմյունիկեով շեշտադրվեց ուսանողակենտրոն, ուսուցանող կրթությունը, այժմ կրկին Երևանում նույն քննարկումը շարունակվեց որակի ապահովման տեսանկյունից։
Երևանում տեղի ունեցած վեհաժողովի օրակարգից կարելի է առանձնացնել երկու թեմա՝ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները և ապագայում կրթության որակի ապահովման նոր մոտեցումները։ Ի սկզբանե Արևմտյան Եվրոպայի երկրների որակի ապահովման գործակալություններին միավորող ցանցն այժմ ընդլայնվում է դեպի Արևելյան Եվրոպա։ Հետխորհրդային տարածքում Բալթյան երկրներից հետո առաջինը Հայաստանի հավատարմագրման ազգային կառույցը՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) է դարձել ENQA անդամ։ Հաջորդիվ անդամակցել են կառույցներ նաև Վրաստանից, Ռուսաստանից և Ղազախստանից։ Եվ որակի ապահովման եվրոպական ընտանիքի ընդլայնման պարագայում բնականաբար հարց է առաջանում, թե ինչպես կարելի է խթանել համագործակցությունը արևելաեվրոպական գործընկերների հետ և արդյոք բուհերում իրականացվող համատեղ հավատարմագրումները կարող են նպաստել վստահությանը տարածաշրջանի երկրների և նրանց մատուցած կրթության հանդեպ։
Իսկ վստահության հարցը կարևոր է, քանի որ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում գերակայում է միտումը, որ բուհի շնորհած դիպլոմն ապագայում պետք է ճանաչվի միջազգայնորեն, եթե բուհն ունի հավատարմագրում։ Այսինքն՝ մոտ ապագայում ուսանողը կամ բուհը այլևս ստիպված չի լինի դիպլոմի ճանաչման համար թղթաբանության ու բյուրոկրատիայի միջով անցնել․ հավատարմագրումը կապահովի շնորհած որակավորումների ճանաչելիությունն աշխարհում։
Պատահական չէ, որ բուհերի հավատարմագրումը կարևորում է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ հավատարմագրումները խթան են բարձրագույն կրթության ծրագրերի արդիականացման, որակավորումների ճանաչման դյուրացման ճանապարհին:
«Մենք կարևորում ենք Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային և եվրոպական ռեգիստրին անդամակցությունը, և կարծում եմ, որ այստեղ կայացվելիք որոշումները նոր քայլ կլինեն որակի ապահովման համակարգերի զարգացման համար» ,- հայտարարեց նախարարը երևանյան վեհաժողովի ժամանակ։
Երկրորդ առանցքային թեման կրթության որակի ապահովման ապագան էր։ ENQA փորձագետները, ուսումնասիրելով ներկայիս մարտահրավերները և ապագայի միտումները՝ մշակել էին որոշակի մոտեցում, որն էլ ներկայացվեց մասնակիցներին։ Հաջորդիվ, որակի ապահովման գործակալություններից յուրաքաչյուրն իր երկրում գործունեություն ծավալելիս առաջնորդվելու է համընդհանուր ընդունելի մոտեցումներով։
Հետխորհրդային երկրներից առաջինն ենք
Վեհաժողովի ընթացքում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընտրվեց ENQA խորհրդի անդամ։ ENQA խորհուրդը կառույցի գործադիր մարմինն է, որն իրականացնում է ասոցիացիայի կառավարումը և ընդհանուր վեհաժողովի որոշումների իրականացումը: Հայաստանը հետխորհրդային տարածքի առաջին և միակ երկիրն է, որը ներկայացված է ENQA խորհրդում:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի կարծիքով՝ այս ընտրությունը նախ և առաջ վկայում է եվրոպական կրթական համայնքի վստահությունը Հայաստանի և մեր երկրի որակի ապահովման համակարգի հանդեպ․ «Մեր որակի ապահովման համակարգը զարգացման այնպիսի փուլի է հասել, որ այլևս մենք կարող ենք մասնակից լինել եվրոպական կրթական տարածքում որոշումների կայացմանը»:
Նրա խոսքով՝ գլխավոր վեհաժողովը քվեարկելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանի հավատարմագրման գործակալություններից առավել ակտիվը ՈԱԱԿ-ն է. այն համագործակցում է թե Մոնղոլիայի, թե Ղազախստանի, թե Վրաստանի, թե Ռուսաստանի հետ:
«Նրանք այսօր փորձում են մեզ ավելի շատ ներգրավել կառույցի գործունեությունում և մեր միջոցով լսել արևելյան ձայնը, որպեսզի ավելի վստահ լինեն իրենց որոշումներում, իսկ այդ տարածքների հավատարմագրման կառույցներն էլ վստահ լինեն՝ իրենց վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի է առնված իրենց համատեքստը, որին մենք վարժ տիրապետում ենք»,- ասում է Ռ․ Թոփչյանը:
ՌԴ Հավատարմագրման ազգային գործակալության տնօրեն Լեմկա Իզմայլովայի կարծիքով՝ կարևոր է, որ Արևելյան Եվրոպան ի դեմս ՈԱԱԿ-ի և տնօրեն Ռուբեն Թոփչյանի ներկայացված է լինելու ENQA խորհրդում։ «Այժմ կարող ենք Արևմտյան Եվրոպային հասանելի դարձնել Արևելյան Եվրոպայի կրթական համակարգի առանձնահատկություններն ու արժեքները»,- ասում է նա։
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ հենց պարոն Թոփչյանն է ընտրվել խորհրդի անդամ։ «Պարոն Թոփչյանը տարիներ շարունակ առաջխաղացնում է հայաստանյան որակի ապահովման համակարգը միջազգային ասպարեզում։ Բացի այդ, հայաստանյան հավատարմագրման կազմակերպությունը կարողացել է արդյունավետորեն համադրել եվրոպական պահանջները և ազգային առանձնահատկությունները»,- ասում է նա
«Հրաշալի է, որ մենք բոլորս աշխատում ենք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման միասնական չափանիշներով և ուղենիշներով (ESG), սակայն միևնույն ժամանակ մենք չպետք է կորցնենք մեր ազգային համակարգի արժեքավոր կողմերը»,- ասում է Իզմայլովան՝ հավելելով, որ այդ հարցում լավ օրինակ է Հայաստանը։
Ի՞նչ կշահի Հայաստանը
Երբ կարևորվում է Հայաստանում անցկացվող միջազգային համաժողովը, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչ կշահի դրանից մեր երկիրը։ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի կարծիքով՝ նախ և առաջ մեզ ավելի լավ կճանաչեն և ավելի շատ կվստահեն, իսկ վստահությունն այսօր ամենաթանկ արժեքներից է։
«Ասում ենք՝ որակի ապահովումը մշակույթ է։ Այս վեհաժողովն էլ մեր երկրի մշակույթին ծանոթանալու հնարավորություն է, ինչը կարող է վստահություն ձևավորել մեր երկրի ու կրթական համակարգի հանդեպ»,- ասում է պարոն Թոփչյանը։
Նա վստահ է՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի երկրները ներկայացնող հեղինակավոր մասնագետների՝ Հայաստանում գտնվելու մի քանի օրերը հնարավորություն են ստեղծել հետագա համագործակցությունների համար հող նախապատրաստելու համար։
«Եվրոպական կրթական տարածքի հեղինակավոր հավատարմագրման գործակալությունները, վստահություն ձեռք բերելով մեր երկրի, մշակույթի, կրթական համակարգի նկատմամբ, կարող են իրենց երկրի բուհերին ուղղորդել՝ մեր երկրում համագործակցություն ստեղծելու»,- ասում է պարոն Թոփչյանը։
Նշենք, որ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովի անցկացումը Հայաստանում հնարավոր էր դարձել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ջանքերով։ ՈԱԱԿ-ը ENQA անդամ է 2017 թվականից, կառույցի միջազգային գործունեության շնորհիվ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում տեղյակ են մեր կրթական համակարգին, ընթացող բարեփոխումներին ու առկա ձեռքբերումներին, բուհերի հավատարմագրման արդյունքներին։
Իսկ հաջորդ ընդհանուր վեհաժողովը տեղի կունենա Բելգիայում։