Հայերեն   English   Русский  

Իշխանաձորում ծխախոտի մշակությունն արդեն իրականություն է (տեսանյութ)


  
դիտումներ: 936

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում «Մասիս Տոբակո» ընկերության կողմից ծխախոտագործության համալիր ծրագրի շրջանակներում այս տարի մշակվել է 35 հեկտար տարածք:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Իշխանաձորի տեղամասի տեխնոլոգ Հայրապետ Պետրոսյանն ասել է, որ ներկայումս մթերվել է 47 տոննա ծխախոտի տերև: Աշխատանքները դեռևս շարունակվում են: «Սածիլացումը սկսում ենք մայիս ամսին, սակայն տեղի բարենպաստ կլիման թույլ է տալիս աշխատանքները սկսել ապրիլին: Ընդհանուր առմամբ, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի կեսերը:

Չորանոցում ընդհանուր խցիկների քանակը 16 է, ինչը հնարավորություն է տալիս մշակել մինչև 50 հա ծխախոտ»,- նշել է Հ. Պետրոսյանը: Տեղամասի պատասխանատուի խոսքով՝ դաշտերում աշխատում է 22 մարդ Իշխանաձորից և հարակից գյուղերից: Եվս 17-ը աշխատում են չորանոցում: Մեր զրուցակիցը նշել է, որ հաջորդ տարի հնարավոր է ծավալներն ավելացվեն, ինչը թույլ կտա ավելի շատ մարդկանց ընդգրկել աշխատանքում:

Իշխանաձոր համայնքի ղեկավար Արսեն Թելունցն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ ծրագրի շնորհիվ լուծվում է մարդկանց աշխատանքով ապահովման խնդիրը: Համայնքի ղեկավարի խոսքով՝ ծխախոտագործությունն ամենաարդյունավետ ճյուղերից մեկն է համարվում Իշխանաձորում: Եթե այս տարի մարդիկ պարզապես աշխատում էին դաշտերում, ապա հաջորդ տարի, ըստ համայնքի ղեկավարի, բնակիչներից ոմանք ցանկություն են հայտնել աճեցնել ծխախոտ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: