Հայերեն   English   Русский  

Քուվեյթցի հայտնի քանդակագործը Հայաստանում է՝ ասելու «Ստո՛պ»


  
դիտումներ: 1588

Արդեն 14 տարի քուվեյթցի քանդակագործ Ֆահադ Ալհաջրին իր արվեստի միջոցով բարձրացնում է համաշխարհային ամենասուր հիմնախնդիրներից մեկը՝ էկոլոգիական ճգնաժամը՝ ասելով․ «Կա՛նգ առ»:

Նրա քանդակներն արտացոլում են մարդու կողմից բնության դեգրադացումը, բնաշխարհի անհետացած ու անհետացող հրաշալիքների կսկիծը, դեպի ծով արտանետվող հսկայական քանակությամբ թափոնների հետևանքով ծովին ու նրա «բնակիչներին» սպառնացող վտանգը և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք մարդուն ստիպում են մտորել իր գլոբալ տան՝ Երկիր մոլորակի ապագայի մասին։

Ֆահադ

Ֆահադ Ալհաջրին այս օրերին Հայաստանում է, և վաղը՝ ժամը 18:00-ին, «Նուռ» ցուցասրահում կբացվի նրա անհատական ցուցահանդեսը, որի խորագիրն է «Ստո՛պ»։

Անկախ-ը քուվեյթցի արվեստագետի հետ զրուցել է նրա արվեստի մասին, նաև պարզել, որ Ալհաջրին մինչև ականջների ծայրը սիրահարված է Հայաստանին։

Սա նրա երկրորդ այցն է Հայաստան։ Առաջին անգամ եկել էր հունիսին՝ մասնակցելու Ապարանում անցկացվող միջազգային սիմպոզիումին, որին մասնակցում էին աշխարհի շուրջ 17 երկրից ժամանած ավելի քան երկու տասնյակ արվեստագետներ։ Հենց այդ ժամանակ էլ Ալհաջրին բացահայտում է Հայաստանի «գաղտնիքն» ու հասկանում, որ այս երկիրն անվերադարձ կախարդել է իրեն։

«Ես սիրահարվեցի Հայաստանին, առաջին անգամ էի այստեղ, բայց այն կարծես իմ տունը լիներ։ Այս անգամ եկել եմ արձակուրդս այստեղ անցկացնելու, բայց ընկերոջս՝ արվեստագետ Նուռի առաջարկով որոշեցի նաև հանդես գալ անհատական ցուցահանդեսով»։

Ֆահադի աշխատանքները յուրահատուկ են ոչ միայն թեմայի ու ասելիքի առումով, այլև արտահայտչաձևով․ քանդակները բացառապես բնական նյութից են, հիմնականում փայտ քար, մետաղ։

Ֆահադ

«Յուրաքանչյուր արվեստագետ իր ասելիքն ունի, որն ուղղված է թե՛ իշխանություններին և թե՛ բոլորին։ Իմ ասելիքը սա է՝ եկե՛ք պահպանենք այս հրաշք բնությունը, եկե՛ք վերջ տանք բնությունը ոչնչացնելուն, հասկանանք, թե ինչ է կարող է պատահել դրա հետևանքով և ինչ է կատարվում արդեն»,-ասում է Ֆահադ Ալհաջրին։

Արվեստագետը համոզված է, որ ինչպես աշխարհի ցանկացած կետում, Հայաստանում նույնպես բնապահպանական խնդիրներ կան։ Նա ուզում է հատուկ ընդգծել, որ Հայաստանն ունի հրաշք բնություն, որը պետք է պահպանել։

«Բացի այն, որ Հայաստանը հրաշալի, հյուրընկալ երկիր է, որտեղ դու քեզ ապահով ու խաղաղ ես զգում, այս երկիրն ունի անկրկնելի բնություն,-ասում է նա,-նախորդ անգամ, երբ այստեղ էի, գնացինք Արագած, որտեղ խաշ կերանք, ես շատ հավանեցի (ծիծաղում է)։ Ընդհանրապես Հայաստանի ուտելիքը շատ համեղ է, բանջարեղենը, միրգը, ջուրը, ամեն ինչ այստեղ թարմ է ու բնական։ Ես ասել եմ՝ ամեն տարի այցելելու եմ Հայաստան։ Ավելին, որոշել եմ նաև փոքրիկ հողակտոր գնել մի գյուղում, որտեղ գուցե նաև ձիեր պահեմ, քանի որ շատ եմ սիրում ձիավարել»։

Ֆահադ

«Նուռ» ցուցասրահում Ֆահադ Ալհաջրիի աշխատանքները կցուցադրվեն հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 26-ը, իսկ վաղը՝ ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, արվեստասերներն ու բնապահպանները հնարավորություն կունենան նաև իրենց տպավորությունները կիսելու արվեստագետի հետ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: