Հույն գիտնականները պարզել են Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառը
Հետազոտությունը սկսվել է 1995 թ: Գիտնականները մանրամասն ուսումնասիրել են բոլոր պատմական աղբյուրները, որոնք այս կամ այն կերպ տեղեկացնում են Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի վերջին օրերի մասին:
Հարկ է նշել, որ հույն գիտնականները միակը չեն, որ զբաղվում են այդ հարցով: Նախկինում հիպոթեզներ են առաջադրվել, թե Ալեքսանդր Մակեդոնացին մահացել է մալարիայից կամ թոքաբորբից:
Բայց դոկտոր Գերասիմիդիսը և նրա գործընկերներն այլ համոզման են: Նրանք նախ ուսումնասիրել են Մակեդոնացու կյանքի վերջին օրերին ի հայտ եկած այն ախտանշանները, որոնք նկարագրված են պատմական աղբյուրներում:
Եվ ահա հույն գիտնականները կարծում են, որ Մակեդոնացին վախճանվել է սուր պանկրեոնեկրոզից՝ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունից, որ առաջացել է սուր պանկեատիտի բարդությունից: Տվյալ հիվանդությունը կարող է ոչ չափավոր սնվելու և գինու օգտագործման հետևանք լինել:
Համաձայն առկա տեղեկատվության՝ Մակեդոնացու հիվանդությունը տևել է երկու շաբաթ: Նա որովայնի ցավեր է ունեցել առատ սնունդ ընդունելուց և գինի խմելուց հետո: Նա տառապել է դողէրոցքից և օրավուր սաստկացող, ճակատագրական թուլությունից:
Հիվանդության առաջին օրը Ալեքսանդրը սուր ցավեր է զգացել որովայնում, որոնք ուղեկցվել են բարձր ջերմությամբ: Բժիշկները փսխում են առաջացրել: Նաև սառը լոգանքներ են կիրառվել ջեմությունն իջեցնելու համար:
Երկրորդ օրը զորահրամանատարը բողոքել է դողից և ուժահատությունից, ինչպես նաև որովայնի ցավերից: Չնայած դրան՝ նա գնացել է խնջույքի իր զորապետ Միդիոսի մոտ և կրկին լավ կերել ու գինի է խմել:
Երրորդ օրը բարձր ջերմությունը պահպանվել է, դողը սաստկացել է, առատ քրտնարտադրություն է սկսվել: Ալեքսանդրը սկսել է ծանր շնչել և բողոքել է թուլությունից:
Հետագա օրերին Ալեքսանդրի վիճակն անշեղ վատացել է: Սկսվել են հալուցինացիաներ, դժվարացել է շրջապատի հետ հաղորդակցվելը: Մ.թ.ա. 323 թ. հունիսի 13-ին Ալեքսանդր Մակեդոնացին կնքել է մահկանացուն 33 տարեկան հասակում:
Մահվան պատճառը, ըստ հույն գիտնականների վարկածի, պանկրեոնեկրոզից առաջացած ծանր սեպսիսն է եղել: