Հայերեն   English   Русский  

Նախարարների ամենամյա պարգևատրումների հիմքը A 4 ֆոմատի սևագիրն է.Հրապարակ


  
դիտումներ: 448

Կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը փորձեց փրկել վարչապետին՝ ասելով. «Վարչապետի ու վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են պարգեւավճարների առավելագույն չափեր։ Այդ կարգավորումների արդյունքում, օրինակ, իմ պարգեւավճարը նվազել է»:

Թե այդ ինչ կարգավորումներ են, որոնցով չեղարկվել է պարգեւատրումների վճարման նախկին կարգը, եւ ինչի հիման վրա են նախարարների աշխատավարձը բարձրացրել, պետական այրերը չեն ասում: Վարչապետը խոսում է ինչ-որ անորոշ որոշման մասին, որն ընդունվել է 1 տարի առաջ, «2019թ․ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հրապարակային»։ Սակայն այդ որոշումը, որով թույլատրվել է պետական աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսով ավելացում, ոչ մի տեղ չկա: Նիկոլ Փաշինյանը մշուշոտ ձեւակերպումներ է անում. «Մենք ասել ենք, որ տվյալ գերատեսչության աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով սահմանվելու է պարգեւատրումային ֆոնդ»: Սակայն խոսքը պետական բյուջեի մասին օրենքով ամեն ամիս տրամադրվող գումարների մասին է, եւ վարչապետի ասելը օրենք խախտելու համար բավարար հիմք չի կարող լինել:

Մեր տեղեկություններով՝ պարգեւավճարները տրվում են ամեն ամիս, եւ դրանք կապ չունեն աշխատավարձի հետ, որը նույնպես ապօրինի կերպով ավելացել է: Արդյունքում նախարարները եւ այլ գերատեսչությունների ղեկավարներն իրենց աշխատավարձին գումարում են ե՛ւ 100 տոկոս պարգեւավճարը, ե՛ւ ավելացած աշխատավարձերը՝ գերեկամուտներ ստանալով: Կառավարության աշխատակազմին խստիվ արգելված է պարզաբանումներ տալ թեմայի շուրջ: Ֆինանսների նախարարությունը եւս որեւէ տեղեկատվություն չի տրամադրում այն հարցի շուրջ, թե որն է վարչապետի աղմկահարույց գաղտնի հրամանի հիմքը, որը տրվել է հուլիսին, ու որով հանձնարարվել է բարձրացնել նախարարների, նրանց տեղակալների ու խորհրդականների աշխատավարձերը:

Հիշեցնենք․ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով՝ նախարարների աշխատավարձը 793 հազար դրամ է, առաջին տեղակալինը` 661 հազար, նախարարի տեղակալինը` 562 հազար, խորհրդականներինը` 305-363 հազար: Նախկինում պետական համակարգում պարգեւատրումների առանձին ֆոնդ չի եղել: Աշխատակիցները խրախուսվել են տվյալ պետական մարմնի խնայողությունների՝ լույսի, ջրի, կապի ծախսերի, թափուր աշխատատեղերի հաշվին:

«Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից պետական ծառայողը հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգեւատրվում է իր մինչեւ մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ կամ ՀՀ օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի հայեցողությամբ տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ»,- ասվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականին ընդունված ՀՀ օրենքում: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր աշխատակից կարող էր աշխատավարձից բացի ստանալ պարգեւատրում ոչ ավելի, քան իր աշխատավարձի չափով, եւ ոչ հաճախ, քան տարին 3 անգամ:

«Ես չեմ հիշում, որ դրանից հետո որեւէ այլ օրենք ընդունված լինի,- ասում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։- Փաստորեն, դա եղել է ոչ թե պարգեւավճար, այլ աշխատավարձի բարձրացում, որովհետեւ նախարարները խոստովանել են, որ իրենք արդեն մի քանի ամիս է՝ ստանում են այդ գումարները: Սա նշանակում է, որ խախտվել է տարեկան 3 անգամի սկզբունքը: Երկրորդ․ պարգեւավճարը տրվում է, ըստ Աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու դեպքում, ոլորտում առաջընթաց ապահովելու դեպքում եւ այլն: Լավ, էդ ո՞ր ոլորտում ի՞նչ առաջընթաց կա, որ բոլորին պարգեւատրել են, եթե դա պարգեւավճար է։ Իսկ եթե աշխատավարձ է, ապա կարող էր արվել բացառապես ԱԺ-ի հաստատելուց հետո, որովհետեւ սա օրենքով կարգավորվող հարց է: Խրախուսում վարչապետը կարող է տալ, դա նրա իրավունքն է, բայց ամեն ամիս կրկնակի վարձատրությունը խրախուսում չէ, այլ աշխատավարձի չափի փոփոխություն է: Մասնավոր հիմնարկում գործատուն կարող է բարձրացնել աշխատավարձը, բայց պետական պաշտոն ու պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հարցը կարգավորվում է օրենքով եւ չի կարող որեւէ հրամանով կամ որոշմամբ, կամ այլ փաստաթղթով կարգավորվել»:

Կառավարությանը մոտ աղբյուրը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց մեկ ամիս անց նա բոլոր պետական կառույցների ղեկավարներին հավաքել է խորհրդակցության եւ արդյունավետ աշխատելու պահանջներ դրել: Նրանք էլ ասել են, որ գոյություն ունեցող աշխատավարձի պայմաններում իրենք արդյունք չեն կարող ապահովել: Բացի դա, չեն կարող նաեւ պետական ծառայության ներգրավել պրոֆեսիոնալների, որովհետեւ լավ կադրերը նման սուղ աշխատավարձով չեն գայթակղվի ու չեն գա պետական համակարգ:

Այսինքն՝ հարյուրավոր պետական չինովնիկներ, որոնք տարիներ շարունակ կատարել են իրենց աշխատանքը, փաստորեն, պիտանի չեն եղել պետական ծառայության համար, քանի որ բավարարվել են ցածր աշխատավարձով: Հանկարծ եկել են նորերը, որոնք որոշել են, որ եթե իրենց աշխատավարձը 1,5 մլն-ից պակաս լինի, իրենք գործ չեն անի: Այս խորհրդակցությանը հետեւել է հանձնարարական, որի հիման վրա որոշվել է, որ պետական կառույցներն իրենց աշխատավարձի 30 տոկոսի չափով ստանում են հավելավճարներ։ Օրինակ, եթե բյուջեն 1 մլն է, ուրեմն այդ կառույցը պետբյուջեից հավելյալ ստանում է եւս 300 հազար: Ու տվյալ գումարները նստել են պետական մարմինների հաշիվներին՝ ամսական կտրվածքով:

Ըստ այդ ներքին հանձնարարականի, բոլոր աշխատողները՝ ղեկավարի հայեցողությամբ, կարող են ստանալ պարգեւավճարներ, բայց ղեկավարն է որոշում, թե ում ինչքան պարգեւավճար գրի, եւ քծնանքը պետական համակարգում նոր ֆինանսական արմատ է ստանում: «Հիմնարկների ղեկավարները, նախարարներն իրենք իրենց ամեն ամիս կարող են նշանակել 100 տոկոսի չափով պարգեւավճար եւ ստանալ, ասենք, 1, 5 մլն դրամ, իսկ այն առաջատար մասնագետը, որի աշխատավարձը, ըստ քաղծառայության դրույքի, ասենք, 70-90 հազար է, ստանում է 5 տոկոս հավելավճար, ու նրա աշխատավարձը դառնում է 73-93 հազար դրամ»,- ասում է կառավարման ապարատի մեր աղբյուրը: Սա, ըստ էության, արվեց ՊԵԿ-ում բաժանված աստղաբաշխական պարգեւավճարումների շուրջ ամիսներ առաջ պայթած սկանդալից հետո: Քննարկումներից հետո որոշեցին, որ ՊԵԿ նախագահը ճիշտ է արել, որ «թվանոց» պարգեւավճարներ է բաժանել, ու որ ոչ միայն նա, այլեւ բոլոր մյուս նախարարները պետք է անեին նույնը:

Բայց որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա, հուլիսին ՀՀ կառավարությունը draft.am նախագծերի կայքում մի խայտառակ որոշման նախագիծ դրեց: Այն կոչվում էր՝ «Պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգեւատրման ֆոնդից աշխատողների պարգեւատրման միասնական կարգը եւ պայմանները սահմանելու մասին»: Որոշման հեղինակը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթախչյանն է: Նա մի A4 ֆորմատի թղթի վրա տեղավորվող նախագիծ գրեց՝ բառացիորեն մի երկու ժամվա մեջ՝ հում նյութ, որը հետագայում ո՛չ ԱԺ հաստատմանը տարան, ո՛չ էլ հրապարակայնորեն քննարկեցին: Այն սահմանում է մի քանի սկզբունք: «Համապատասխան մարմնում պարգեւատրման առավելագույն չափը հաստատում է մարմնի ղեկավարը, որը չի կարող գերազանցել աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսը: Տվյալ ամսվա ընթացքում աշխատողի կատարած աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքները գնահատում է անմիջական ղեկավարը եւ ներկայացնում է աշխատողին պարգեւատրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Մարմնի ղեկավարի համար պարգեւատրման ցուցիչներ չեն սահմանվում»,- գրված է փաստաթղթում: Այն լայն, գրեթե անսահմանափակ լիազորություններ է տալիս մարմինների ղեկավարներին՝ աշխատողների ու սեփական վարձատրության չափը որոշելու:

Այս փաստաթուղթը հանրային քննարկման չի դրվել, ԱԺ-ի կողմից չի հաստատվել, հանրությունը դրանից տեղյակ չէ: Մեկնաբանությունների բաժնում մի դիտողություն կա. «Առաջարկում եմ հստակ չափանիշներ սահմանել, թե ինչն է ավելացնում կամ պակասեցնում պարգեւատրման տոկոսը: Պարգեւատրման առավելագույն չափ կարելի է սահմանել 100 տոկոսը, կարծում եմ՝ 200 տոկոսը կտրամադրվի միայն յուրայիններին: Իսկ նվազագույն չափ կարելի է սահմանել 30 տոկոսը, այդ թվից ներքեւ պարգեւատրումն իմաստ չունի»: Չընդունված նախագծի պարագայում ո՞վ ու ի՞նչ իրավունքով է պետբյուջեից պետական մարմնին տրամադրում աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: