Հայերեն   English   Русский  

Արդարադատության նախարարը նշել է, որ ցանկություն չունի Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու


  
դիտումներ: 194

Այսօր՝ հոկտոմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Պրոբացիոն և Քրեակատարողական ծառայությունների բացասական եզրակացությանը, ասաց, որ չի ուսումնասիրել «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամ ազատման դիմումին տրված բացասական եզրակացության հիմքերը։

«Հայտնի են օրենսդրությամբ սահմանված չափանիշները, թե ինչի հիման վրա են այս կամ այն եզրակացությունը տալիս: Այդ մարմինները տվել են բացասական եզրակացություն, ինչը նշանակում է, որ մենք այս անգամ չենք հասնի դատական քննության փուլ, միջնորդությունը չի ուղարկվի դատարան, կա բողոքարկելու որոշակի ժամկետ: Ամեն դեպքում այս փուլում Արդարադատության նախարարության ենթակա մարմինների ոլորտից հարցն այլեւս դուրս է»,-նշեց նա:

Հարցին՝ ցանկություն չունի՞ անձամբ հանդիպել Նաիրի Հունանյանի հետ, Բադասյանը բացաասական պատասխան տվեց․ «Ոչ մի ցանկություն չունեմ հանդիպելու»։

Բադասյանի խոսքով՝ եթե Հունանյանը կարող է արժեքավոր տեղեկատվություններ հայտնել, դա պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին, ոչ թե իրեն:

Հիշեցնենք, որ Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակման դիմում էր ներկայացրել սեպտեմբերին: Քրեկատարողական եւ Պրոբացիայի ծառայությունները բացասական զեկույց են ներկայացրել Նաիրի Հունանյանին վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը: 3 տարի ձգված դատավարությունից հետո 6 անձ, այդ թվում Նաիրի Հունանյանը, դատապարտվեցին ցմահ, մեկը՝ 14 տարվա ազատազրկման:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: