Հայերեն   English   Русский  

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ռումինիայի արքայազնին


  
դիտումներ: 285

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը, հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին, նշել է, որ արքայազնի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար։

Ռումինիայի արքայազնն ընդգծել է, որ կրթությունն ու մշակույթը հասարակությունն առաջ մղող հիմնական գործոններն են։ Արքայազնը խոսել է Ռումինիայում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերի մասին՝ ընդգծելով, որ մեր երկրների միջև պատմական ընդհանրություններ կան, որոնք կարող են ավելի ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու համար և ընդգծել, որ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալու ճանապարհին Հայաստանի համար առաջնահերթություն է կրթական համակարգի բարեփոխումը, և ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցելու այն բոլոր ասպարեզներում, որոնք կծառայեն այդ նպատակին։ Նախարարը նաև նշել է, որ Ռումինիան Եվրոպական միության հետ սերտ համագործակցության դարպասներից մեկը կարող է դառնալ։

Արքայազն Ռադուն նշել է, որ արտերկրում կրթություն ստացող ուսանողներն իրենց երկրի յուրօրինակ դեսպաններն են և պատրաստակամություն է հայտնել խորացնել գործակցությունը հենց բարձրագույն կրթության և գիտության ոլորտում։ Նա ընդգծել է, որ կրթական ու մշակութային կապերի ամրապնդումն անխուսափելիորեն կհանգեցնի նաև տնտեսական համագործակցության զարգացմանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: