Հայերեն   English   Русский  

Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ԱԱԾ


  
դիտումներ: 819

«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչական գործողությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի անջատված մասով քննությունը վերսկսելու համար նոր հանգամանքների առկայություն է անհրաժեշտ,

որոնք այս պահին Դատախազությանը հայտնի չեն։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հանցագործության փաստի կապակցությամբ քննված գործերով օրինական ուժի մեջ մտած վերջնական որոշումներ են կայացված: Քրեական դատավարության օրենսդրությամբ նման պարագայում նոր վարույթ կարող է հարուցվել միայն նոր երևան եկած հանգամանքի առկայության դեպքում: Այս պահին նման հանգամանքներ ՀՀ դատախազությանը հայտնի չեն»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներին Դատախազությունը ևս արձագանքել է։

«Այդ համատեքստում, մասնավորապես Ն. Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների ստուգման նպատակով»,- նշեց Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առթիվ նույն օրր՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի, 99-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով: 1999 թվականի հոկտեմբերի 28-ին, քրեական գործն ընդունվել է ՀՀ զինվորական դատախազության վարույթ և նախաքննության անմիջական ղեկավարումը դրվել է ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի վրա։

Հոկտեմբերի 30-ին կազմվել է զինվորական դատախազության 20 քննիչից բաղկացած քննչական խումբ: 1999թ. նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնել է Արամ Սարգսյանը՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը, իսկ Իսկ գլխավոր դատախազի պաշտոնում նրա ներկայացմամբ 1999 թվականի նոյեմբերի 16-ին նշանակվել է Բորիս Նազարյանը՝ պաշտոնավարելով մինչև 2001թ. փետրվարի 20-ը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Նաիրի և Կարեն Հունանյաններին, էդուարդ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանյանին, Վռամ Գալստյանին, Աշոտ Կնյազյանին և Համլետ Ստեփանյանին մեղադրանքներ են առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով (Նաիրի և Կարեն Հունանյաններին, էդուարդ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1–ին մասով, 15-61-րդ հոդվածի 1-ին մասով, 67-րդ հոդվածով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով, 130-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով և 232-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վռամ Գալստյանին, Աշոտ Կնյազյանին եւ Համլետ Ստեփանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 15-61-րդ հոդվածի 1-ին մասով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով, 130-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով ու 232-րդ հոդվածի 1-ին մասով)։

Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև՝ Արմեն Հարությունյանին՝ նախապատրաստվող հանցագործության մասին հաստատապես իմանալու ու իրավապահ մարմիններին չհայտնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով, Սարգիս Եթիմյանին, Սաշիկ Ղլեչյանին և Միսակ Մկրտչյանին՝ ապօրինի հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև՝ Արմեն Գասպարյանին ու Ավետիք Մինասյանին՝ իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ հանցավոր անփույթ վերաբերմունք դրսևորելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով։

2000թ. դեկտեմբերի 1-ին քրեական գործը՝ վերոհիշյալ 13 անձանց մասով ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, իսկ մեղադրական եզրակացությունը հաստատվել է ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից։ Նշված գործից դեռեւս 2000թ. հուլիսի 11-ին զինվորական դատախազության կայացված որոշմամբ անջատվել էր առանձին վարույթ՝ հանցագործության հնարավոր կազմակերպիչների, մասնակիցների, օժանդակողների հայտնաբերելու համար։

15 տարի առաջ՝ 2004թ. նոյեմբերի 11-ին անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվել է։ Մինչ կարճելու մասին որոշում կայացնելը նախաքննության արդյունքները քննարկվել են ՀՀ դատախազության 2004 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստում, որին հրավիրվել եւ մասնակցել են «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործի եւ դրանից անջատված մասի նախաքննության մեջ ներգրավված բոլոր քննիչները, օպերատիվ աշխատողները, նրանց թվում՝ զինվորական դատախազության քննիչները եւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ կոլեգիայի անդամի կարգավիճակով:

Նշենք, որ հարուցվել էր նաեւ մեկ այլ քրեական գործ՝ «Հոկտեմբերի 27-ի» գործով նախաքննության ընթացքում քննությանը խորթ մեթոդների կիրառման դեպքի առթիվ, քանի որ գործով կալանավորված եւ հետագայում ազատ արձակված անձինք, նրանց թվում լրագրող Նաիրի Բադալյանը հայտարարել էր իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին։ Այս գործը եւս դատարան չի ուղարկվել, իսկ վարույթը կասեցվել է։
Օրերս ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 24-ին առանձնազրույց էր ունեցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ, որի հետ քննարկել է տարբեր հարցեր, այդ թվում Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող։

Հանդիպումը տևել է մոտ 2,5 ժամ: Նշենք, որ Նաիրի Հունանյանը գտնվում է հոգեմետ դեղերի ազդեցության տակ. Պաշտոնական տեղեկատվության համաձայն նա արդեն 9 տարի է, ինչ օգտագործում է հոգեմետ դեղեր։

Հեղինակ` Իզաբել Սահակյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: