Բանաձևն ընդունվեց շնորհիվ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների, բայց այն Թուրքիային պատժելու միջոց չէ
Սարգսյանը կարևորում է, որ սա բանաձև է, ոչ թե օրենքը, հետևաբար կարիք չկա, որ այն քվեարկության ներկայացվի Սենատում, ապա ուղարկվի նախագահի վավերացմանը։ Բայց Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը իրավական ուժ չունի։
«Սա պարտադիր իրավական ուժ չունի և չի կարող ստիպել ադմինիստրացիային, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչի»,- ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ սա դեպի ճանաչում տանող ճանապարհներից մեկն է։
Սարգսյանը նշում է, որ նման բովանդակություն ունեցող բանաձև շրջանառվում է նաև Սենատում և հավանաբար առաջիկայում քվեարկության կդրվի։ Ներկա դրությամբ՝ Սարգսյանը բարձր է գնահատում հավանականությունը, որ Սենատը ևս կընդունի բանաձևը։
«Պետք է ճիշտ ժամանակ ընտրվի դրա համար»,- ասում է Սարգսյանը։
Հարցին, թե Ներկայացուցիչների պալատում բանաձևը կար դեռ հունվարից, ինչու հենց հիմա ընդունվեց, Սարգսյանը նշում է, որ նախ՝ ներպետական գործընթացները, ընթացակարգերն անցնելու խնդիր կար։ «Երկրորդը՝ պայմանավորված է նրանով, որ ներկա ժամանակահատվածում թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին լարված են և հարմար պահ էր»,- ասում է նա։
Բանաձևի ընդունումը հնարավոր դարձավ նաև այն բանի շնորհիվ, որ, ըստ Սարգսյանի, այս անգամ Սպիտակ տան կողմից ճնշում չկար։ «Վերջին 30 տարիներին նման բանաձևեր Ներկայացուցիչների պալատի կողմից չեն ընդունվել, նույնիսկ քվեարկություն չի կայացել, քանի որ ակտիվ ճնշում է եղել նախագահների վարչակարգերի կողմից»,- ասում է Սարգսյանը։ -Նախկինում Ռեյգանի, Բուշի, Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերն արգելափակել են բոլոր նախաձեռնությունները և բանաձևերը չեն հասել Պալատի քվեարկությանը»:
Մինչդեռ այս անգամ, ըստ Սարգսյանի, նման ճնշում չկար, հարցն ամբողջովին թողնված էր Ներկայացուցիչների պալատի հայեցողությանը և անգամ հանրապետականները կողմ քվեարկեցին բանաձևին։ Պատճառը թուրք-ամերիկյան լարված հարաբերություններն են, որ նախագահի ադմինիստրացիան ուշադրություն չկենտրոնացրեց հարցի վրա և նախընտրեց զբաղվել այլ խնդիրներով։
Սարգսյանի կարծիքով, սակայն, այս բանաձևը Թուրքիային պատժելու միջոց չէ։ Այդ նպատակով Ներկայացուցիչների պալատում երեկ մեկ այլ բանաձև է ընդունվել, որը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին է։ «Կարծում եմ՝ կոնգրեսականներն առաջնորդվել են իրենց համոզմունքներով և հաշվի են առել նաև իրենց ընտրողների կարծիքներն ու ճնշումը, որը վերջին մի քանի օրերին բավականին մեծ էր Ներկայացուցիչների պալատի բոլոր կոնգրեսականների նկատմամբ»,- ասում է նա:
Միևնույն ժամանակ Սարգսյանը կարծում է, որ բանաձևն էլ ավելի կվատթարացնի թուրք-ամերիկյան առանց այն էլ վատ հարաբերությունները։ «Իհարկե, սա բացասաբար է անդրադառնալու։ Թուրքիան իրեն բնորոծ բոլոր քայլերն իրականացնելու է՝ սպառնալիքներից մինչև օրինակ՝ նոտաների հղում։ Բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասում է Սարգսյանը և հավելում, որ առջևում դեռ շատ անելիքներ կան։
Համատեղ ուժերով պետք է աշխատանք տարվի, որպեսզի ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից ճանաչումից հետո մեկնարկի Հայոց ցեղասպանության ճանաչումը ֆեդերալ մարմինների կողմից։ «Հայաստանը և աշխարհասփյուռ հայությունը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, կարող են համաշխարհային դրոշակակիրը դառնալ ցեղասպանությունների դեմ պայքարի և կանխարգելման գործում»,- ասում է նա։
Հիշեցնենք՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։
Բանաձևով հաստատում են, որ Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝
- ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,
- մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը,
- խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը:
Այս թեմայով կարդացեք նաև՝