Հայերեն   English   Русский  

Կառավարության այսօրվա որոշմամբ 5 գիշերօթիկ կլուծարվի


  
դիտումներ: 171

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ Կառավարությունը ընդունեց որոշում, որով լուծարվում են մի շարք գիշերօթիկ հաստատություններ: Խոսքը մասնավորապես, «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության», «Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատության», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատության», «Վանաձորի մանկատան» մասին է:

Նախքան որոշման նախագծի ներկայացնելը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հարցի անվանման առաջին հատվածը «ֆեյք նյուզ»-ի տրամաբանությամբ է շարադրված: «Այսօր նորից մեծ աղմուկ կլինի, որ ՀՀ կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները»,-ասաց վարչապետը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ սա արվում է խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու նպատակով: Ըստ այդմ, սահմանվում է, որ մինչև 2020 թվականի հունվարի 15-ը պետության կողմից ՀԿ-ներին՝ ծրագրեր պատվիրակելու միջոցով ստեղծվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ:

Նախարարը նշեց, որ հոկտեմբերի 20-ի դրությամբ այդ հաստատություններում խնամք է ստացել 130 երեխա: «Այս տարի իրականացվել է հաստատություններում խնամվող երեխաների եւ նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում, որի հիման վրա մշակվել է եւ շարունակում են մշակվել անհատական ծրագրեր: Բոլոր երեխաները շարունակում են ստանալ պետական աջակցություն: Հաշվի առնելով ծնողների պատրաստվածությունը՝ նրանց 30 տոկոսն արդեն ընդգրկվել է տնտեսական զարգացման ծրագրերում: Խոսքը 16 ընտանիքի մասին , նրանց համար նախատեսվում է իրականացնել մասնագիտական դասընթացներ, տրամադրել անհրաժեշտ գործիքներ տնտեսական գործունեություն ծավալելու համար»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ կազմակերպությունների լուծարումից հետո այդ բոլոր միջոցները տրամադրվելու են մարզերում և Երևանում պատվիրակման միջոցով ցերեկային աջակցման կենտրոնների ցանցի ընդլայնմանը, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, երեխաների՝ կենսաբանական կամ խնամակալի ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցությանը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ից, բացառությամբ Գյումրիի թիվ 2 գիշերօթիկի, որտեղ ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից, իսկ Վանաձորի մանկատան դեպքում՝ հունվարի 1-ից:

Զարուհի Բաթոյանը ավելացրեց, որ այս որոշումը մշակվել է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը ապահովելու համար, եւ սա չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը հրաժարվում է այս երեխաների հանդեպ իր պարտականությունից: Պարզապես փոխվում է աջակցման ձևը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: