Հայերեն   English   Русский  

Ստամբուլյան կոնվեցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու մեր ազգային արժեքներին.Գևորգ Պետրոսյանը միացավ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին


  
դիտումներ: 183

Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը միացավ Ազգային ժողովի դիմաց ստորագրահավաք անող ցուցարարներին ու ստորագրեց ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:

«Ստամբուլյան կոնվեցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու մեր ազգային արժեքներին: Մենք այսօր էլ ունենք ընտանեկան բռնությունը պատժող օրենքներ, ու դրա անվան տակ չի կարելի վավաերացնել մի բան, որը ըստ էության ուղղված է մեր ազգային արժեհամակարգը կործանելուն»,-ասաց պատգամավորը:

Պետրոսյանը նշեց, որ թեև իր կողմից ստորագրահավաքին միանալը իր անձնական որոշումն էր, սակայն իրենց խմբակցությունում ևս դեմ են կոնվենցիայի վավերացմանը:

«Ես հիմա կոչ կանեմ իմ գործընկերներին նույնպես միանալ ստորագրահավաքին, որովհետև եթե մենք դեմ ենք, ապա ինչն է խանգարում մեզ միանալ ստորագրահավաքին: Պարոն Ծառուկյանը ևս դեմ է արտահայտվել կոնվենցիային, որովհետև դա հակասում է մեր ազգային արժեքներին, եկեղեցուն, ընտանիքին»,-հավելեց Գևորգ Պետրոսյանը:

Այս պահին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Կամք» նախաձեռնության անդամները և մի շարք այլ ՀԿ ներկայացուցիչներ:

Ըստ նախնական տեղեկությունների` այսօր ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ քննարկում են ընթանալու Երեւան ժամանած` Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Հայաստանը «Կանանց նկատմամբ բռնության եւ ըտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան ստորագրել է դեռ 2018թ., սակայն Ազգային ժողովը մինչ այսօր չի վավերացրել այն: Փաստաթղթը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից, դրա ընդդիմախոսների պնդմամբ այն դեմ է մեր ազգային արժեքներին, խթանում է միասեռականների ամուսնությունը: Նրանք փաստաթուղթը չվավերացնելու պահանջով ստորագրահավաք են նախաձեռնել, որին արդեն միացել է 50 հազարից ավելի մարդ:

Ազգային ժողովի խմբակցությունները, որոնք պետք է վերջնական քայլով վավերացնեն փաստաթուղթը, դեռ հստակ դիրքորոշում չունեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: